Փաշինյանի երկու թափանցիկ ակնարկները Պուտինին

Jun 16, 2018 Comments Off on Փաշինյանի երկու թափանցիկ ակնարկները Պուտինին

Երեկ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակում Կրեմլում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նրանք քննարկել են հայ-ռուսական երկկողմ ու բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել են տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված թեմաներին:

Վլադիմիր Պուտինն ասել է. «Հաշվի առնելով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը և տարբեր ուղղություններով համագործակցության մեծ ծավալը, կարծում եմ՝ մեր հանդիպումները պահանջված են: Ցանկանում եմ նշել, որ ՌԴ-ն վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի առևտրաշրջանառության մեջ, թիվ մեկ գործընկերն է: Նախորդ տարվա ընթացքում մեր երկրների միջև առևրտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, իսկ այս տարի նույնպես վստահորեն աճում է, մեծ հաշվով դա տեղի է ունենում ռուսական շուկա գյուղատնտեսական մթերքների մատակարարման հաշվին: Իհարկե, դրան նպաստում է նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, և դա ակնհայտ փաստ է: Հույս ունենք, որ մենք կշարունակենք առաջ շարժվել այդ ուղղությամբ»:

Փաշինյանն էլ իր հերթին նշել է. «Մենք առաջին անգամ հանդիպել ենք մեկ ամիս առաջ և այն հանգամանքը, որ 30 օր հետո կրկին հանդիպում ենք, կարծում եմ, ցույց է տալիս Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հատուկ բնույթը: Սա նաև ցույց է տալիս, որ այն հայտարարությունները, որոնք մենք արել ենք մեկ ամիս առաջ, ոչ միայն հիմնավորված են, այլ նաև հստակ իրականացվում են: Իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի միջև հատուկ հարաբերություններ են, և ես վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն լինել յուրահատուկ, ես հույս ունեմ, որ այդ հարաբերություններն ավելի յուրահատուկ կդառնան: Իհարկե, մեզ համար, Հայաստանի կառավարության համար, որը ներկայացնում է Հայաստանի ժողովրդին, շատ կարևոր է նման ընդունելության արժանանալ Ռուսաստանում՝ Սոչիում, Մոսկվայում: Եվ, իհարկե, սա ընդգծում է այն մթնոլորտը, որը մեզ հաջողվել է ստեղծել այս ամիսների ընթացքում: Ես կարծում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում բոլորը գոհ են այս զարգացումներով և նաև հույս ունեմ, որ այդ հարաբերությունները կզարգանան ավելի արդյունավետ՝ երկու ժողովուրդների, երկու պետությունների շահերի և սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա: Սա շատ կարևոր է: Ինձ համար շատ կարևոր է, որ մենք ունենք և վստահ եմ, որ ապագայում էլ կունենանք հաճախ հանդիպելու և մեր հարաբերությունների օրակարգի ամբողջ շրջանակը քննարկելու հնարավորություն: Բոլորին է հայտնի, որ մեր հարաբերությունների օրակարգը շատ մեծ է, քննարկելու շատ բան կա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ տարածաշրջանային իմաստով»:

Սա Փաշինյանի երկրորդ այցն է Ռուսաստան և երկրորդ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հիշեցնենք՝ առաջին անգամ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպել էր մայիսի 14-ին՝ Սոչիում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակներում:

Իհարկե, ընդհանուր պրոտոկոլային հայտարարությունները՝ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների, առևտրա-տնտեսական փոխգործակցության առումով, սովորական ձևակերպումներ են: Այն, որ Փաշինյանը շեշտում է հայ-ռուսական հարաբերությունները յուրահատուկ դարձնելու մասին՝ փաստում է, որ նա ձգտում է Պուտինի հետ գործնական մակարդակում հարաբերություններում նոր մակարդակի բարձրացնել;

Բայց Փաշինյանը չի մոռանում ուշագրավ ձևակերպումներ էլ ներկայացնել: Օրինակ` երեկ նա Պուտինի հետ հանդիպման շեշտել է «ժողովրդի կառավարության» ու երկրների «ինքնիշխանության» մասին, ինչը, թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանի վարչապետը որոշակի մտահոգություններ էլ ունի Կրեմլի կողմից իր իշխանության նկատմամբ ազդեցության առումով:

Փաշինյան-Պուտին երկրորդ հանդիպումն, այսպիսով, առավել հետաքրքրական էր՝ Հայաստանի վարչապետի կողմից ակնարկների առումով:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: