ԱԱԾ-ի «մասկի» շոուները վտանգավոր են դառնում  

Jun 15, 2018 Comments Off on ԱԱԾ-ի «մասկի» շոուները վտանգավոր են դառնում  

Հետհեղափոխական Հայաստանում ամենաաշխատող և ամենահանրային կառույցը դարձել է Ազգային անվտանգության ծառայությունը: ԱԱԾ-ն այսօր մասկի շոու է անցկացրել Երևանի քաղաքապետարանում: Նախ ԶԼՄ-ներում տեղեկություններ հրապարակվեցին, որ ԱԱԾ-ն քաղաքապետարանում հատուկ գործողություն է իրականացնում՝ Երևան հիմնադրամի գործունեության հետ կապված:Ժամեր անց ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում էր, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:
«Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:
Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով:
Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ»,- մասնավորապես նշված էր ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ: Ավելի ուշ տեղեկություններ հրապարակվեցին, որ ԱԱԾ դիմակավորված անձինք Երևանի քաղաքապետարանում իրականացրած հատուկ գործողությունը շարունակել են Դավթաշենի թաղապետարանում։ Hraparak.am կայքի տեղեկություններով՝ նրանք ձերբակալել են Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կարապետյանին և «Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին։
ԱԱԾ-ի իրականացրած օպերացիան նախորդեց Երևանի ավագանու նիստի օրակարգում ընդրկված նախագծին, ըստ որի Երևան հիմնադրամը պետք է լուծարվեր: ԱԱԾ հատուկ գործողությունն ու դրան հաջորդած պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկությունները նպատակ ունեին հիմնավորել պնդումները, թե Երևան հիմնադրամում կոռուպցիոն դրսևորումներ կան: Փաշինյանի հեղափոխության հիմնական կարգախոսներից մեկը կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարն է, և այս իմաստով նման գործողությունները թերևս սպասելի էին: Բայց այնուամենայնիվ ընդհանուր տպավորություն կա, որ դրանք թիրախավորված են կոնկրետ ուղղություններով՝ ՊԵԿ, Երևանի քաղաքապետարան: Այժմ չափազանց հետաքրքիր է՝ արդյոք ԱԱԾ-ն նույն հետևողականությամբ մտնելո՞ւ է նաև մնացած բոլոր հիմնարկներն ու նվիրատվություններով աշխատող բոլոր հիմնադրամները: Եթե այո, ապա դա պետք է որ զգացվի նաև Փաշինյանին քաղաքական աջակցություն ցուցաբերած ուժերի հայտարարություններից:

Մյուս կողմից Հայաստանի նոր իշխանությունները պետք է նկատի ունենան մի շատ կարևոր հանգամանք. երբ լրահոսում ԱԱԾ օպերացիաներն ու ձերբակալությունները դառնում են գլխավոր թեմա, մեր երկրի ու ժողովրդի իմիջային գլխավոր բնութագրիչ կամա թե ակամա դառնում են կոռուպցիան ու թալանը: Այնպիսի տպավորություն է, որ մեր երկրի բոլոր համակարգերը՝ սկսած մանկապարտեզից ու դպրոցից, ծննդատնից ու պոլիկլինիկայից, վերջացրած քաղաքապետարանով ու մաքսակետերով, տարիներ շարունակ զբաղված են եղել համատարած կոռուպցիայով ու թալանով, կնշանակի հայ ժողովուրդը գենետիկ հակում ունի այդ արատների նկատմամբ: Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ինչպե՞ս են պատկերացնում օտարերկրյա ներդրումների ներգրավումը, վստահության մթնոլորտի ձևավորումը: Ձերբակալություններն իհարկե ստեղծում են պայքարի իմիտացիա, բայց դրանք ունեն նաև հակառակ էֆեկտ՝ կարող են վանել բոլոր հնարավոր ներդրողներին: Իսկ ներդրումներն այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին և առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:

 

Հայկ Վարդանյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: