Ինչո ՞ ւ վարչապետը որոշեց խնայել կոռուպցիոների համբավ ունեցող Սամվել Հարությունյանին և հրաժարվել նախկին իշխանություններին հաճախ ընդդիմացող Լիլիթ Արզումանյանից

Jun 14, 2018 Չի մեկնաբանվել

Վարչապետի կողմից կատարված վերջին մի քանի նշանակումները մեծ հանրային արձագանք են գտել: Հատկապես հակասական քննարկումներ ծավալվեցին Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանի պաշտոնանկությունը և նրա փոխարեն Սմբատ Գոգյանի նշանակումը: Մի կողմ թողնենք նրա անձնական էջից վերցված  լուսանկարները, որոնց մի մասը հանրային ընկալումների մեջ առնվազն անհասկանալի կամ գուցե հասկանալի, սակայն ոչ ընդունելի ասոցիացիաներ են առաջացնում: Ֆեյսբուքյան էջն ամեն մարդու անձնական տիրույթն է, դրա մեջ մտնելն անշահակալ գործ է: Այնուամենայնիվ, մենք ավանդական կարծրատիպերով առաջնորդվող հասարակություն ենք և այդ տեսանկյունից կան լուսանկարներ, որոնք  մեզ մոտ բացասական կարծիք են ձևավորում: Այդքանով հանդերձ լուսանկարները բավարար փաստարկ չեն պնդելու, որ Սմբատ Գոգյանը որպես Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ լավ չի աշխատելու: Մասնագիտական շրջանակներում Գոգյանի մասին արտահայտվում են որպես տաղանդավոր գիտնականի: Չնայած բավականին երիտասարդ տարիքին` նա արդեն պաշտպանել է նաև դոկտորական ատենախոսությունը, մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի թիմի ղեկավարն է եղել: Մի խոսոքով` հնարավոր է, որ նա իսկապես կարող է արդիականացնել և զարգացնել գիտական աստիճանաշնորհման համակարգը:

Բայց խնդիրը նոր կառավարության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումն է համակարագային կառույցներին, տվյալ դեպքում գիտական աստիճանաշնորհման համակարգին: Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանը հայտարարել է, որ ինքը համացանցից է տեղեկացել իր ազատման մասին: Նախ սա Աշխատանքային օրենսգրքի  կոպիտ խախտում է` մարդուն պետք է նախապես իրազակել աշխատանքից ազատման մասին: Երկրորդ` Լիլիթ Արզումանյանը վաստակ ունեցող գիտնական  և սկզբունքային մտավորական է: Նա հնարավորության սահմաններում փորձել է պայքարել արդարության համար, պլագիատի և անորակ աշխատանքների դեմ: Նա այն քիչ պաշտոնյաներից է, ում իրապես չի կարելի մեղադրել կոռումպացվածության և կաշառակերության մեջ: Գիտական աստիճանաշնորհման համակարգն, իհարկե, լավագույնը չէ և ունի բազմաթիվ խնդիրներ և դրանցից մեկն էլ այն է, որ նախկինում որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ստացել են գիտական կոչումներ` չունենալով համապատասխան մտավոր պոտենցիալ: Այս բոլոր խնդիրների համար ԲՈՀ-ի նախագահը, եթե ոչ իրավական, ապա բարոյական պատասխանատվություն, իհարկե, կրում է: Իրավական առումով, եթե ԲՈՀ ներկայացված աշխատանքը համապատասխանում է գիտական աշխատանքի չափանիշներին և ստացել է մասնագիտական հանձնաժողովի երաշխավարությունը, ապա նրան շնորհվում է գիտական աստիճան, եթե անգամ կա համոզվածություն, որ աշխատանքն իրականում գրել է բոլորովին այլ մարդ: Բարոյական տեսանկյունից, իմանալով խնդրի նրբությունը, ԲՈՀ-ը կարող էր և պետք է ձեռներկեր քայլեր փոխելու համակարգը, որպեսզի նման երևույթները բացառվեին: Հանուն արդարության պետք է նշել, որ Լիլիթ Արզումանյանը փորձում էր այդ առումով ևս քայլեր ձեռնարկել և նրան, որպես ազնիվ մարդու, պետք էր գոնե լսել:

Միաժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է իր պաշտոնում վերանշանակել  Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին, ում գործունեությունը, ի տարբերություն ԲՈՀ-ի նախագահ  Լիլիթ Արզումանյանի, կոռուպցիոն դժգոհությունների տեղիք է տվել: Գիտպետկոմի կողմից իրականցվող գիտական թեմատիկ ծրագրերի ֆինանսավորման մրցույթները գիտնականների շրջանում բողոքների մշտական թեմա են դառնում: Մամուլում և համացանցում այդ մասին վկայող բազմաթիվ բաց նամակներ կարելի է գտնել: Սամվել Հարությունյանը հիմնադրաման օրվանից ղեկավարում է Գիտության պետական կոմիտեն և արդյունքն այն է, ինչ այսօր ունենք: Ինչու վարչապետը որոշեց խնայել կոռուպցիոների համբավ ունեցող Սամվել Հարությունյանին և հրաժարվել նախկին իշխանություններին հաճախ ընդդիմացող Լիլիթ Արզումանյանից. այս հարցն իսկապես չունի պատասխան:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ինչո ՞ ւ վարչապետը որոշեց խնայել կոռուպցիոների համբավ ունեցող Սամվել Հարությունյանին և հրաժարվել նախկին իշխանություններին հաճախ ընդդիմացող Լիլիթ Արզումանյանից”

Մեկնաբանել