Նիկոլի նույն սովետիզմն ու դեսպոտիզմը` ժողովրդավարության շղարշի տակ

Jun 13, 2018 Comments Off on Նիկոլի նույն սովետիզմն ու դեսպոտիզմը` ժողովրդավարության շղարշի տակ

Կառավարության նիստի ժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ առաջացած բանավեճը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բառիս ամենաուղիղ իմաստով կոպտեց Արծվիկ Մինասյանին, Նիկոլ Փաշինյանի առաջին լուրջ սայթաքումն էր:

Կարելի է ասել, որ Արծվիկ Մինասյանին հաջողվեց ինչ-որ առումով հունից հանել ժողովրդավար վարչապետին և հենց ուղիղ եթերում ցույց տալ հանրությանը, որ ժողովրդի կողմից ընտրված վարչապետը, մեղմ ասած, անհանդուրժող է այլակարծության նկատմամբ:

Միջադեպը լայն արձագանք է գտել սոցիալական հարթակներում. շատերը համոզված են, որ տեղի ունեցած միջադեպից հետո գործադիրում որևէ այլ կարծիք այլևս չի հնչի: Տարբերվող մոտեցում ունեցող նախարարները կաշկանդված են լինելու արտահայտել իրենց տեսակետները: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի և Նիկոլ Փաշինյանի միջև բուռն բանավեճի առիթը, հիշեցնենք, պարտադիր կուտակային կենսաթոշակների վերաբերյալ նոր նախագծի քննարկումն էր: Արծվիկ Մինասյանը նախագծի այդ տեսքով ընդունման հետ կապված վերապահումներ ուներ և գտնում էր, որ կարելի է հետաձգել նախագիծը, և քննարկումների ընթացքում գուցե ավելի լավ լուծում գտնվի:

Մինասյանը նաև հայտարարեց, որ իբրև Դաշնակցության ներկայացուցիչ՝ երբեք չի եղել, որ ինքը կողմ քվեարկի պարտադիրի բաղադրիչին և այս անգամ էլ մնում է իր կարծիքին ու դեմ է: Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ ո՞րն է Մինասյանի տեսակետը. «Դեմ եմ այն մոդելին, որ կա, բայց հասկանալով հանդերձ, որ այսօրվա լուծումը պարտադրված լուծում է»: Այս բացատրությունը կարծես թե չբավարարեց վարչապետին, ով նույնպես ժամանակին Ազգային Ժողովում դեմ էր քվեարկել պարտադիր կուտակայինի մասին նախագծին: Փաշինյանը հայտարարեց, որ ինքը թույլ չի տա, որ իր ղեկավարած կառավարությունում որևէ մեկը փորձի ավել կամ պակաս սկզբունքային երևալ. «Պարո՛ն Մինասյան, մենք պետք է հասկանանք, որ գործում ենք թիմային պատասխանատվության շրջանակներում. մենք հիմի կառավարության նիստում ենք, մենք խորհրդարանական ընդդիմություն չենք, այդ հարցերը, որոնք Դուք բարձրացնում եք, մեր լիազորությունների, լծակների տիրույթում է: Եթե Դուք ասում եք, որ ունեք հարցեր, որոնց պատասխանները դեռ չգիտեք, այդ հարցերի պատասխանները տալը նաև Ձեր աշխատանքային պարտականությունն է, նաև մեր՝ բոլորիս աշխատանքային պարտականությունն է: Եկեք  շատ հստակ հասկանանք, մենք կա՛մ այս թիմային պատասխանատվությունը վերցնում ենք, կա՛մ չենք վերցնում: Հիմա ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր չեն վերցնում, մեզ հետ չեն: Ես ուզում եմ, որ սա հստակ արձանագրենք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, որից հետո Արծվիկ Մինասյանը, ինչպես և կառավարության մնացած անդամները կողմ քվեարկեցին նախագծին:

Խնդիրն այստեղ այն չէ, որքանով էր իրավացի վարչապետը, որքանով՝ նախարարը: Վստահաբար կան բազմաթիվ փաստարկներ` հօգուտ Փաշինյանի մոտեցման, կան նաև նույնքան փաստարկներ` հօգուտ Արծվիկ Մինասյանի տեսակետի: Բայց ամենակարևորն այստեղ երևույթն է, որը տառացիորեն հիշեցնում է Սերժ Սարգսյանի կառավարման նախահեղափոխական ժամանակները:

Փոքրիկ մեջբերում 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի ասուլիսից. «Ինձ համար անհասկանալի են ոմանց այն մոտեցումները, որ լինելով իշխանության մեջ` ընդդիմություն են խաղում: Իշխանության մեջ գտնվողները չեն կարող անել հայտարարություններ, որոնք հակասում են իշխանությունների քաղաքական գծին: Իշխանության մեջ գտնվողը չի կարող ասել, որ մենք պետք է ճանաչենք ԼՂՀ անկախությունը: Ես 10 րոպե հետո նրան աշխատանքից կազատեմ: Իշխանության մեջ գտնվողը չի կարող տարածքային պահանջներ ներկայացնել որևէ հարևան երկրի: 10 րոպե հետո ես նրան աշխատանքից կազատեմ: Ընդհանրապես իշխանության մեջ գտնվողը իրավունք չունի որևէ քաղաքական գծի նկատմամբ վերադասի հայտարարություններ անել: Բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են իշխանության մեջ և ցանկանում են քննադատել իրենց վերադասներին, պարտավոր են դիմում գրել, ներկայացնել հրաժարական, այնուհետև գնալ, քշտել թևքերը եւ անխնա քննադատել բոլորին: Սա իրենց իրավունքն է»:

Հիմա առաջանում է հարց` ի՞նչ տարբերություն Հայաստանի նախկին և ներկա ղեկավարների կառավարման ոճերի ու ժողովրդավարական մոտեցումների միջև: Խոստովանենք` շատ նման են իրար: Բա այդ դեպքում ո՞րն էր հեղափոխության իմաստը, և ո՞ւր մնացին սերն ու համերաշխությունը: Փաստորեն, նույն սովետիզմն ու դեսպոտիզմն է՝ ժողովրդավարության քողի ներքո:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: