«Ատում եմ քծնանքը, դավաճանությունն ու առնետավազքը»

Apr 26, 2018 Comments Off on «Ատում եմ քծնանքը, դավաճանությունն ու առնետավազքը»

Ո՞վ չգիտի, որ մենք՝ ազատամարտիկներս, միշտ էլ եղել ենք մեր ժողովրդի կողքին և մեր առաքելությունն է եղել հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու մեր զինվորի կողքին գտնվելը երկրին սպասվող վտանգների պահին՝ գործելով երկրի գերագույն գլխավոր հրամանատարի և ՊՆ նախարարի հրամանատարության ներքո։

Այսօր երկիրը չունի գերագույն գլխավոր հրամանատար, բայց կա Պաշտպանության նախարար։ Թող վիրավորած չլինեմ, բայց շատ ռազմահայրենասիրական կազմակերպություններ երկրի ներքաղաքական այս լարված իրավիճակում իրենց հայտարարություններում առավել զգոն պետք է լինեն ու իրենց խոսքի մեջ թույլ չտան քծնանք ու անհավատարմություն։
Ինչ խոսք, որ բոլորիս համար ժողովրդի որոշելիքն է կարևորը, ինչպես դա կարևորեց երկրի գերագույն գլխավոր հրամանատարը։ Ով էլ լինի երկրի գերագույն գլխավոր հրամանատար կամ ՊՆ նախարար, մենք՝ ազատամարտիկներս, նրանց հրամանի ներքո գործող կազմակերպություններում ենք։ Բայց մի շեղվեք ձեր սկզբունքից, մեր ժողովուրդը իրենց միանալու ձեր հայտարարություններով՝ իրենց ոգեղեն զգալու խնդիր չունեն։ Նրանք մենք ենք, մեր զավակներն են, այսօրվա ազգ-բանակ ծրագրի իրականացողներն են, նրանք առավել հզոր են, քան երբևէ։ Մնացեք ձեր տեղում, թեկուզ ուշիուշով հետևելով մեր ժողովրդի և երիտասարդության հզոր ոգու պոռթկումը;

Երկրում ունենալով գործող ՊՆ նախարար` մեր տեսակի համար ձեր կողմից արված հայտարարությունները տեղին չեն։ Ձեր հայտարարոււթյուններով ում եք միանում, եթե մենք մեր ժողովրդի մի մասնիկն ենք և նրանցից մեկն ենք։ Պարզապես ձեր կողմից ասված խոսքն ու արված քայլը միմիայն ազդում է ազատամարտիկի կերպարի վրա։ Ազատամարտիկ հասկացությունը մեր ժողովրդի մեջ դարերից եկող հղկված, հայրենիքի հողին արյամբ միաձուլված՝ անդավաճան կերպար է և այօր էլ մեր ժողովրդի մեջ այն կերպարը պիտի ունենանք, որն ունեինք որպես զինվոր ու մարտիկ, ազնիվ, վստահելի, ում կերպարի վրա ժողովրդի հավատը չի կոտրվի։

Ինչ խոսք, որ ազատ անկախ ապրելը այն ժողովուրդներին է տրված, որոնց սերունդները իրենց հայրենիքի զավակն են և հայրենիքի համար մաքառելը համարում են իրենց համար գեղեցիկ կյանքի բարձրագույն դրսևորում։ Բայց լինել կատարյալ հայ մարդ նշանակում է լինել հայ ազգի զինվոր։
Ուստի բոլորիս գիտակցության մեջ պիտի իշխի այն գաղափարը, որ հայրենիքին սպառնող վտանգի պահին մեր բոլորիս կյանքը պատկանում է մեր ազգին և այդ գաղափարի գիտակցությունն էլ պիտի կարողանանք այս ներքաղաքական բարդ իրավիճակում մեզ համար դարձնել էության պահանջ, ամեն քայլափոխին պահպանելով համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտը, լինենք սահմանում կանգնած մեր զինվորի կողքին և կարողանանք պահպանել արյամբ ընդգծված հայրենի սահմանի անդորրը։

Երդվյալ ազատամարտիկների միության հիմնադիր նախագահ Ռուբեն Գևորգյան

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: