Դադարեցնել լրագրողների նկատմամբ բռնությունները եւ պատժել մեղավորներին. հայտարարություն

Apr 24, 2018 Comments Off on Դադարեցնել լրագրողների նկատմամբ բռնությունները եւ պատժել մեղավորներին. հայտարարություն

Վերահաստատելով 2018թ. ապրիլի 19-ի մեր հայտարարության գնահատականները եւ պահանջները` ներկայացնում ենք 2018թ. ապրիլի 20-ին, 21-ին և 22-ին լրագրողների նկատմամբ բռնությունների ու մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերը: Այս մասին ասված է լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարության մեջ, որում խոսվում է Հայաստանում բողոքի ակցիաների ընթացքում լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել 2018թ. ապրիլի 20-ին, 21-ին և 22-ին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«2018թ. ապրիլի 22-ի գիշերը Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատություն» ռադիոկայանի ծրագրերի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին։ Ռադիոկայանի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխատանքից տուն վերադարձող Ա. Եղիազարյանը փորձել է հեռախոսով նկարահանել, թե ինչպես են մոտ հինգ տասնյակ ոստիկաններ փորձում ուժ գործադրելով ցրել խաղաղ ցուցարարներին։ Նկատելով, որ իրենց գործողությունները նկարահանվում են՝ 6-7 ոստիկան հարձակվել է Եղիազարյանի վրա, չնայած նա ներկայացրել է լրագրողի վկայականը և մի քանի անգամ զգուշացրել, որ «Ազատություն» ռադիոկայանից է։

«Ռադիոլուրի» թղթակից Լիանա Եղիազարյանը Արցախ-Էրեբունի փողոցների խաչմերուկում ցուցարարների դեմ գործողությունների ընթացքում հատուկ միջոցների կիրառումից վնասվածք է ստացել։ Ըստ Armradio.am կայքի տեղեկության՝ նա կարողացել է հասնել Հանրային ռադիոյի շենք, որտեղ և շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել՝ խորհուրդ տալով գնալ հիվանդանոց։

Այդ նույն խաչմերուկում ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառման արդյունքում վնասվածքներ են ստացել Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության օպերատորներ Համբարձում Պապոյանը եւ Արմեն Պետրոսյանը: Վերջինիս նկատմամբ ոստիկանները նաեւ բռնություններ են գործադրել: Ուշաթափ վիճակում գտնվող լրագրողին քաղաքացիները առաջին օգնություն են ցույց տվել եւ շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Shantnews.am-ի թղթակից Արտակ Խուլյանը, որը Էրեբունի համայնքում լուսաբանում էր բողոքի ակցիաները, հաղորդել է, որ իրեն հարվածել են քարերով, հետո՝ էլեկտրահարել:

Երևանի Հանրապետության հրապարակում սև դիմակով ոստիկանը հարձակում է գործել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նաիրա Բուլղադարյանի վրա, հարվածել է նրա ձեռքին և գցել տեսախցիկը՝ թույլ չտալով նկարահանում իրականացնել։ Ուղիղ եթերում պարզ երևում էին կադրերը, թե ինչպես էին ոստիկանները վազում, իսկ լրագրողի տեսախցիկը հայտնվում է գետնին՝ կադրեր գրանցելով։ Նաիրա Բուլղադարյանի բողոքին ի պատասխան՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել է. «Ոստիկանները հատուկ գործողություն են իրականացնում, այնպիսի հատվածում եղեք, որ կամերաները չվնասվեն»։

Ոստիկանների կողմից խոչընդոտվել է նաև Media.am-ի լրագրող Գայանե Ասրյանի աշխատանքը։ Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկում ցուցարարների ու ոստիկանների բախման ժամանակ նա հարված է ստացել սև դիմակով ոստիկանից։ Պատճառը՝ լրագրողն ականատես է եղել, որ ոստիկանները լուսային նռնակներ էին նետում ցուցարարների վրա, ծեծում նրանց։

Երևանի Ավան վարչական շրջանում դիմակավորված անձինք ծեծել են Հանրային ռադիոյի պրոդյուսեր Վրույր Թադեւոսյանին։ Տեսնելով, որ նա նկարահանում է իրականացնում՝ քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել են նրան, հարցրել` ինչ է նկարում , ձեռքից խլել են հեռախոսը, ծեծի ենթարկել, ջարդել մեքենան:

Նույն օրը երեկոյան Հանրային ռադիոյի թղթակից Ազա Սարգսյանին Սայաթ-Նովա-Մաշտոց պողոտաների խաչմերուկում ոստիկանը հարվածել է՝ փորձելով խոչընդոտել ուղիղ եթերի հեռարձակումը։

2018թ. ապրիլի 21-ի առավոտյան Երեւանի Նորքի 7-րդ զանգվածում Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների կողմից իրականացվող երթի ընթացքում ծագած հրմշտոցի արդյունքում վնասվել է Factor.am-ի տեսախցիկը։

Արտաշատի մատույցներում բողոքի գործողությունները լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արուս Հակոբյանի վրա հարձակում են գործել քաղաքացիական հագուստով անձինք՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Միջադեպին ներկա ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկել՝ բռնությունը կանխելու համար:

Նույն օրը Երևանի Ավան համայնքում գտնվող՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առանձնատան մոտ հարձակման է ենթարկվել CivilNet.am-ի լրագրող Անի Գրիգորյանը: Քաղաքացիական հագուստով անձի դժգոհությունն էր առաջացրել լրագրողի հարցը, թե ինչով է պայմանավորված բողոքի ցույցերին չմասնակցող մարդկանց կուտակումն այդ վայրում: Արձանագրում ենք, որ քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից բռնությունները ցուցարարների ու լրագրողների նկատմամբ բավական տարածված երեւույթ են դառնում. հավանաբար քաղաքապետի առանձնատան մոտ հավաքվածները հենց այդ խմբերից էին:

CivilNet.am-ի ևս երկու լրագրող է տուժել ոստիկանների գործողություններից: Այսպես՝ Թաթուլ Հակոբյանին ուժի կիրառմամբ խոչընդոտել են նկարահանումներ իրականացնել այն պահին, երբ ենթադրաբար փորձ էր արվել մեկուսացնել եւ բերման ենթարկել ԱԺ պատգամավոր ու «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Բացի դա, կարմիր բերետավորներից մեկն ուժեղ հարվածել է CivilNet.am-ի լրագրող Ալինա Նիկողոսյանի մեջքին, երբ վերջինս նկարահանելիս է եղել Մաշտոցի պողոտայի ու Ամիրյան փողոցի խաչմերուկում ցուցարարներին բերման ենթարկելու պահը:

2018թ. ապրիլի 20-ին Երևան-Աբովյան մայրուղուց բերման է ենթարկվել Sut.am կայքի թղթակից Տիրայր Մուրադյանը: Չնայած որ վերջինս ներկայացրել է լրագրողի վկայականը, նրան բռնի ուժով նստեցրել են ոստիկանական մեքենա ու միայն որոշ ժամանակ անց վերադարձրել նույն վայր, որտեղից տարել էին։

Նոր Նորքի խաչմերուկում ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառող քաղաքացիական հագուստով անձանցից մեկը, տեսնելով, որ Լragir.am-ի թղթակից Թեհմինե Ենոքյանը նկարահանում է իրենց գործողությունները, հարվածել է նրա գլխին, իսկ այնտեղ հայտնված կանանցից մեկը քաշել մազերից, մյուսը` պոկել պայուսակի քուղը: Ըստ Թեհմինե Ենոքյանի՝ ականատես քաղաքացիներն ասել են, որ բռնություն կիրառողները մինչ այդ ներկայացել էին որպես թաղապետարանի աշխատակիցներ, որոնք ավելի ուշ սերտ շփվում էին ժամանած ոստիկանների հետ:

Նույն օրը Մաշտոցի պուրակի մոտակայքում, երբ ցուցարարներն Ամիրյան փողոցից շարժվել են դեպի Մաշտոցի պողոտա, ոստիկանները փորձել են բերման ենթարկել իրենց գործողությունները լուսաբանող News.am-ի եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին: Թեպետ, ըստ վերջիններիս, նրանց շփոթել էին ցուցարարների հետ:

Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին, արձանագրել լրագրողների նկատմամբ բոլոր ոտնձգությունները և վերահաստատում ենք մեր պահանջը՝ դադարեցնել բռնությունները և պատժել մեղավորներին։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺ» ՀԿ»

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: