Դավիթ Հարությունյանի խայտառակ պարտությունը

Mar 06, 2018 Comments Off on Դավիթ Հարությունյանի խայտառակ պարտությունը

Աժ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Գևորգ Կոստանյանն իր մեկնարկը սկսեց հրաշալի: Նա պարզապես ջախջախիչ հաղթանակ տարավ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի նկատմամվ, որը հանձնաժողովի դատին էր ներկայացրել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծը: Գաղտնիք չէ, որ Հանրապետականում Դավիթ Հարությունյանն իրեն համարում է անգերազանցելի իրավաբան, սակայն այսօրվա բանավեճը փաստեց, որ այդ պնդումը մեղմ ասած անհիմն է:

Գեւորգ Կոստանյանը անխնա քննադատեց Հարությունյանի ներկայացրած նախագիծը եւ հորդորեց բացասական եզրակացություն տալ դրան: Խնդիրը վերաբերում էր վերը նշված օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասին, որը սահմանում է, որ «Կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այն դեպքում, երբ կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողություններ, և կան հիմնավոր կասկածներ, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է: Եթե մեղադրյալին վերագրվող հանցանքի համար ազատազրկման ձևով պատիժ նախատեսված չէ կամ ազատազրկման ձևով պատիժը չի գերազանցում մեկ տարին, ապա կալանքը կարող է կիրառվել միայն մեղադրյալի կողմից իր նկատմամբ կիրառված այլ խափանման միջոցի պայմանները խախտելու դեպքում»:

Գ.Կոստանյանի կարծիքով` դրա առաջին մասն ընդունելի է, երկրորդը` ոչ: «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանի խոսքով` եթե ազատազրկումը նախատեսված չէ որպես խափանման միջոց, և քննիչի կանչով չներկայանալու դեպքում անձը վերցվի կալանքի, դա կլինի Կոնվենցիայի խախտում: Նա պնդեց, որ հիմնախնդիրն առկա է, և առաջարկեց փորձել լուծել այլ կերպ: Դավիթ Հարությունյանն էլ պնդեց՝ այստեղ պատժի դաշտ չի պարունակվում: Կոստանյանի կարծիքով` քննիչի կողմից դրված պարտականությունն օրենքով դրված պարտականություն չի: Մի խոսքով՝ մեկ ժամից ավելի Հարությունյան-Կկոստանյան դուելը հանգեցրեց նրան, որ Դավիթ Հարությունյանը որոշեց խախտել կանոնակարգը եւ եզրափակիչ երկրորդ ելույթն ունենալ: Չնայած Կոստանյանը հորդորեց՝ չունենալ այդ ելույթը՝ հիշեցնելով ԱԺ կանոնակարգը, սակայն Դավիթ Հարությունյանի նյարդերը տեղի էին տվել եւ նա պնդեց, թե ունի այդ իրավունքը: «Կարամ դաժե դրա վրա գրազ գամ, պարոն Հարությունյան», պնդեց Կոստանյանը: Գրազ չեկան, սակայն Հարությունյանը ելույթ ունեցավ: Այդուհանդերձ դա չազդեց հանձնաժողովականների վրա եւ նրանք քվեարկեցին Կոստանյանի տեսակետը պաշտպանելով: Քննարկումից հետո լրագրողների հարցին ի պատասխան Դավիթ Հարությունյանն ասաց, որ անձնական ոչ մի խնդիր էլ չունի Կոստանյանի հետ: Նա ասաց, որ անկեղծորեն իր համար զարմանալի էր նախագծին բացասական եզրակացությունը:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: