Սերժ Սարգսյանը բարձրացրել է Կարեն Կարապետյանի տրամադրությունը

Mar 01, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանը բարձրացրել է Կարեն Կարապետյանի տրամադրությունը

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել հանրապետության սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ: Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնակցել են վարչապետ Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, սոցիալական և տնտեսական ոլորտների այլ պատասխանատուներ:

Սարգսյանը կարևորել է տնտեսական և սոցիալական ոլորտների արդյունքների պարբերական վերլուծությունը տնտեսական քաղաքականության մշակման, ճշգրտման և բարելավման համար: Նա կարևորել է առաջիկա տարիներին տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովելուն զուգահեռ ժողովրդագրական իր սահմանած ցուցանիշերի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ հետևողական աշխատանքը:
Սերժ Սարգսյանի սահմանած ժողովրդագրական ցուցանիշները, հիշեցնենք, վերաբերում է մինչև 2040 թվականը 4 մլն բնակչություն ունենալուն: Այս համատեքստում նա դրվատանքով է խոսել կառավարության և գործող վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքի մասին և անգամ մեջբերում է արել Կարեն Կարապետյանից:
«Վերլուծության կամ, ինչպես սիրում է ասել պարոն վարչապետը, այս վարժության հիմնական նպատակն է, որպեսզի մենք կարողանանք պարզել տնտեսական աճի բաղադրիչները, ինչպես ասում են՝ տնտեսական աճի շարժիչները, առանձնացնել դրանք, քանի որ աճի բաղադրիչներից է կախված, թե մենք ինչպիսի եկամուտներ ենք ունենալու: Եվ, բնականաբար, հաշվի առնելով և՛ եկամուտները, և՛ այդ բաղադրիչների կայունությունը, շարունակականությունը՝ ապագա մեր ծրագրերը կարող են լինել ավելի ստույգ և ավելի իրատեսական:
Ես կարծում եմ, որ մոտակա մի քանի շաբաթների ընթացքում մենք ավարտին կհասցնենք մինչև 2030 թվականը Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման ռազմավարությունը: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կառավարությունը 2017 թվականին լավ արդյունքների է հասել, չեմ կարծում, որ շեղումները շատ մեծ կլինեն, մենք թերևս կունենանք 7,4-7,7 տոկոսի միջակայքում տնտեսական աճ: Սա, անշուշտ, լավ ցուցանիշ է: Բայց մենք նաև պետք է հաշվի առնենք, որ մեկ տարվա լավ տնտեսական աճը չի կարող ազդեցություն ունենալ մեր հասարակության լայն շրջանակների վրա: Եվս երկու-երեք տարի այսպիսի աճ` ես կարծում եմ, որ սրանով մենք կարող ենք ստեղծել շատ լավ հիմքեր մեր ժողովրդագրական ծրագրերն իրականացնելու համար»,- ասել է Սարգսյանը՝ ընդգծելով, որ կառավարությունը 2018թ. տարեսկիզբն էլ տնտեսական լավ ցուցանիշներով է սկսել, սակայն, ըստ նրա, դեռևս չի կարելի ասել, որ Հայաստանը հասել է իր հնարավորությունների սահմանին, քանի դեռ այդ աշխատանքի արդյունքները զգալի չեն դարձել հասարակության բոլոր խավերի համար:
Կարեն Կարապետյանի գործունեության դրվատանքը, հավանաբար Սերժ-Սարգսյան- Կարեն Կարապետյան քաղաքական պայմանավորվածությունների համատեքստում է, որովհետև տնտեսական իրական արդյունքներ, որոնք կարող էին տպավորիչ լինել՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավում և առաջիկա 20 տարում 4 մլն բնակչության թիվ ապահավելու համար, չկան: Ինչի՞ց է այսքան գոհ նախագահը՝ մոտ 30 տոկոսի հասած գնաճի՞ց, գործազրկության թվի աճի՞ց, աղքատության 30 տոկոս ցուցանիշի՞ց, ի վերջո ինչի՞ց: Սերժ Սարգսյանը իրավացիորեն նկատել է, որ տնտեական աճը (դժվար է ասել, թե ինչպես են հաշվարկել 7-7,4 տոկոս աճը) հասարկության լայն շերտերի համար տեսանելի չէ: Եթե 7-7,5 տոկոս աճի արդյունքում աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրացել, հակառակը՝ անգամ որոշ դեպքերում իջել են, օրինակ՝ նվազել է ուսուցիչների աշխատավարձերը, բա ո՞ւր է գնացել հավելյալ տնտեսական արդյունքը, որ ստեղծվել է այդ աճի արդյունքում: Ըստ էության Սերժ Սարգսյանը կառավարության հրաժարականից առաջ ուզում է բարձրացնել Կարեն Կարապետյանի տրամադրությունը՝ հասկացնելով, որ ներում է նրան կառավարության ձախողված աշխատանքի համար և, որ ամենակարևորն է, չստացված ներդրումները որպես քաղաքական մեղադրանք նրա դեմ չեն դրվելու: Հակառակ պարագայում, եթե Կարեն Կարապետյանը իրավամբ այդքան լավ էաշխատել, և Սերժ Սարգսյանն էլ այդքան գոհ է, ուրեմն թող թույլ տա Կարեն Կարապետյանին աշխատանքը շարունակել որպես վարչապետ և ավարտին հասցնել 4 մլն-անոց Հայաստանի իրագործումը:
Իսկ եթե Սերժ Սարգսյանը այնուամենայնիվ մտադրվել է վերցնել վարչապետի պորտֆելը, կնշանակի կառավարության ու վարչապետի գովաբանությունը նպատակային բլեֆ է, ո՛չ ավելին:

 

 Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: