Պուտին-Էրդողան նոր հանդիպումը, «Ձիթենու ճյուղ» օպերացիան ու Թուրքիայից փախչող պաշտոնյաները

Feb 25, 2018 Comments Off on Պուտին-Էրդողան նոր հանդիպումը, «Ձիթենու ճյուղ» օպերացիան ու Թուրքիայից փախչող պաշտոնյաները

Թուրքիայի զինված ուժերը մտադիր են մոտ օրերս շրջապատել սիրիական Աֆրինը, երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում. «Մեր կողմից ձեռնարկվող բոլոր քայլերը շատ կարևոր են անվտանգության տեսանկյունից: Ժամանակ է պահանջվում գետնի վրա նախապատրաստական աշխատանքների համար: Մոտ օրերս Աֆրինի կենտրոնը կշրջապատվի մեր կողմից»:

Իսկ ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարն ուղղակի սպառնաց: «Եթե Սիրիայի կառավարական ուժերը մուտք են գործում [Աֆրին]` այդ շրջանը Քրդական աշխատավորական կուսակցության և «Ժողովրդական պաշտպանության ուժերից» մաքրելու նպատակով, ապա որևէ խնդիր մենք չենք տեսնում», – Անկարայում օրերս նման հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա միաժամանակ, զգուշացրեց պաշտոնական Դամասկոսին․ «Եթե Ասադի ռեժիմի նպատակը այդ ուժերին իր պաշտպանության տակ առնելն է, ապա որևէ բան չի կարող կանգնեցնել մեզ կամ թուրք զինվորներին: Սա վերաբերում է նաև Մանբիջի շրջանին և Եփրատից արևելք ընկած շրջանին»:

Այլ կերպ ասած՝ Անկարան սպառնում է, եթե սիրիական կառավարական ուժերը գան Աֆրին՝ «ահաբեկիչներին» սատարելու, Թուրքիան չի դադարեցնի «Ձիթենու ճյուղ» օպերացիան։ Անկարան պնդում է, որ «Ձիթենու ճյուղ» օպերացիան ուղղված է Աֆրինում «ահաբեկիչների» դեմ։

Նախօրերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանակցություններ է անցկացրել իր թուրք գործընկեր Էրդողանի հետ։ Զրույցի ընթացքում նրանք քննարկել են իրավիճակը սիրիական Աֆրինում և Իդլիբում։ Թուրքական NTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ բանակցությունների ժամանակ քննարկվել են վերջին իրադարձությունները Սիրիայում, այդ թվում «Ձինթենու ճյուղ» գործողությունն Աֆրինում և դիտակետերի կառուցումն Իդլիբի դեէսկալացիոն գոտում։

Հայտնի է արդեն, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպում են ծրագրում Թուրքիայում՝ ապրիլի սկզբին։ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտնել է. «Սիրիայի խնդիրների կարգավորմանն ուղղված բանակցությունները Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև շարունակվում են։ Մարտի 14-ին Մոսկվայում կանցկացվի հանդիպում՝ մեր արտգործնախարարների մասնակցությամբ։ Մարտի 16-ին Աստանայում Իրանի մասնակցությամբ կանցկացվի եռակողմ հանդիպում»,-ասել է փոխվարչապետը։

Բոզդաղի հաղորդմամբ՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման հստակ ամսաթիվը դեռևս որոշված չէ։ Դրանից հետո, ինչպես սպասվում է, կանցկացվի Սիրիայի հարցով Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթնաժողովը։

Երեք երկրների նախագահների հանդիպումը պատրաստվում է, հաստատել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հաստատվել է Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ջանքերի համակարգման պատրաստակամությունը՝ դեէսկալացիոն գոտիների արդյունավետ գործունեության ապահովման և քաղաքական գործընթացի խթանման նպատակով»,-հայտնել են Կրեմլում։

Թուրքիայի կողմից գործողություններին զուգահեռ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում երկրի ներսում: «Ձիթենու ճյուղ» օպերացիայի հենց սկզբից դրա դեմ 85 ակցիա է իրականացվել։ Սոցցանցերում քարոզչության և բողոքի ակցիաներին մասնակցելու համար 786 մարդ է ձերբակալվել»,– հաղորդել են Թուրքիայի ՆԳՆ–ում։

Երեկ Թուրքիայի դատախազությունը 170 մարդու ձերբակալության հրաման է տվել։ Նրանց թվում կան նախկին և պաշտոնաթող զինվորականներ, ովքեր կասկածվում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը։

Դատախազության վարկածով՝ այդ մարդիկ կասկածվում են «գաղտնի իմամների» հետ կապեր հաստատելու մեջ։ Սկզբնական փուլում գործողություն է անցկացվել Ստամբուլի 38-րդ շրջանում, որտեղ ձերբակալվել են դատախազության ցուցակից 22 կասկածյալներ։ Միաժամանակ հունական politischios.gr կայքը գրում է Թուրքիայի 17 քաղաքացիների՝ նախկին պետծառայողների, այդ թվում դատավորի մասին, ովքեր փչովի նավակով փախել են Հունաստան՝ վախենալով իշխանությունների հետապնդումներից։

Երեկ էլ հայտնի դարձավ, որ թուրք պաշտոնյաները փախել են Հունաստան: Թուրք 17 պաշտոնյա փետրվարի 19-ին փչովի նավակով Թուրքիայից փախել են Հունաստան: Թուրք պաշտոնյաները Հունաստանի իշխանություններից քաղաքական ապաստան են խնդրել: «Փախստականները Թուրքիայի պետական ծառայողներ և դատավորներ են: Նրանք պնդում են, որ Թուրքիայում իրենց սպառնում են Էրդողանի ռեժիմի հալածանքներն ու բանտարկությունը: Նրանք գրանցվելու համար տեղափոխվել են փախստականների և միգրանտների ընդունման կենտրոն»,-նշում էին լրատվամիջոցները:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: