Լինել, թե՞ չլինել

Feb 18, 2018 Comments Off on Լինել, թե՞ չլինել

Ելք-ում նորից հինգ հոգով յոթ երգ են երգում, երգն այդ նվիրվում է Սերժ Սարգսյանի վարչապետությանը, ավելի ճիշտ այդ գործընթացը կասեցնելու հնարավորության՝ լինել-չլինելու մասին: Իսկ այդ հարցում այստեղ մեղմ ասած տարակարծիք են: Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ամեն գնով պետք է կասեցնել այդ գործընթացը, նրա գործընկեր Էդմոն Մարուքյանը թեւաթափ է անում՝ արդեն ուշ է:
«Մեզ համար ակնհայտ է, որ ՀՀԿ վարչապետի թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը, ով 2014 թվականի ապրիլին հայտարարել է, որ վարչապետի պաշտոնին չի հավակնում: Այս իրավիճակը ներքաղաքական իրավիճակի սրացման մեծ պոտենցիալ ունի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հերթական պնդումն արեց Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ Սարգսյանը ՀՀ քաղաքացիներին լկտիաբար խաբել են, ուստի ՀՀ քաղաքացին էլ այս առթիվ իր դիրքորոշումներն արտահայտելու հնարավորություն պետք է ունենա: Եթե ՀՀ քաղաքացիները կամարտահայտություն ցուցաբերեն առաջիկա ժամանակաշրջանում, այդ հարցը կլուծվի. «Ո՞վ է ի վիճակի վերցնել իշխանությունը ՀՀԿ-ից՝ ժողովուրդը»,- ասաց Փաշինյանը վստահեցնելով, որ այդ հարցում ինքը, հավանաբար, օրինակ կծառաjի:

Անդրադառնալով այն մեղադրանքներին, որ իրենք ժամանակին չպայքարեցին Սերժ Սարգսյանի վերարտադրման դեմ, երբ սահմանադրական փոփոխությունները տեղի էին ունենում, Փաշինյանը պատասխանեց. «Ես ասել եմ հետևյալը՝ այն Սահմանադրությամբ, որը 2015 թվականին գործում էր, Սերժ Սարգսյանը վերարտադրվելու որևէ պրոբլեմ չուներ և չի ունենալու նաև նոր Սահմանադրությամբ: Եվ ցույց եմ տվել դրա օրինակները: Ենթադրենք հիմա նախագահական ընտրություններ են տեղի ունենում հին համակարգով, և մենք ունենք խորհրդարանական այս բաշխվածությունը, Արմեն Սարգսյանն էլ հին համակարգով ընտրվում է նախագահ, Սերժ Սարգսյանն էլ գնում է վարչապետ, ո՞վ է լինելու երկրի ղեկավարը դե ֆակտո և դե յուրե: Հիմա էլ է գրված, որ երկրի նախագահը պետության գլուխն է, ես էս եմ ասել»-ասաց Փաշինյանը շեշտելով, որ ինքն անձամբ ամեն ինչ անելու է, որպեսզի գործընթաց սկսվի Սերժ Սարգսյանի վարչապետության գործընթացի կասեցման ուղղությամբ:

Լրագրողների ճշտող հարցին՝ իսկ Ելք դաշինքում կիսում են իր մոտեցումը, Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց: Որովհետեւ պատասխանը բացասական էր լինելու: Խնդիրն այն է, որ այդ հարցում ոչ միայն չեն կիսում Փաշինյանի տեսակետը, այլ տրամագծորեն հակառակ տեսակետն ունեն: էդմոն Մարուքյանը ասում է, այլեւս հնարավոր չէ, ուշ է Սերժ Սարգսյանի վարչապետության գործընթացի դեմ պայքարելու համար.<< Միանշանակ… 10 հազար դրամով գնացել ընտրել են: Բոլորը, ովքեր ընտրել են ՀՀԿ-ին, գիտեին, որ ընտրելու են Սերժ Սարգսյանին… Այս պահին ես չես տեսնում…>>,- news.am-ի հետ զրույցում ասել է նա:

Ելք դաշինքի մյուս առաջնորդ Արամ Սարգսյանն էլ փորձել է լղոզել երկու գործընկերների տարաձայնությունները՝ պաշտպանելով եւ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած տեսակետը, եւ Էդմոն Մարուքյանի: Նա ասել է, որ այս պահին եթե չկա նման հնարավորություն, հանրությունը նման ցանկություն չունի, վաղը կարող է ունենալ եւ այդ ցանկությունն է որոշիչ լինելու: Այսպիսով՝ մինչ հանրությունը սպասում է, թե Ելք-ը երբ է դառնալու մեկ կուսակցություն՝ այդպիսով էլ ավելի կարծրացնելով այդ ուժը, ցույց տալու գաղափարական ընդհանրությունը , Ելք-ում տարաձայնություններն ավելի ցցուն են դառնում:

Ի վեջո, եթե Ելք-ում այդքան խուսափում են անգամ իշխանափոխություն բառից, ինչպես կարող են այդ գործընթացի փորձ անել:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: