Բարեփոխման պահը, թե զգուշության կոչ. ինչ է ազդարարում Սերժ Սարգսյանը Վովա Գասպարյանին

Feb 04, 2018 Comments Off on Բարեփոխման պահը, թե զգուշության կոչ. ինչ է ազդարարում Սերժ Սարգսյանը Վովա Գասպարյանին

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից ՀՀ Արթուր Օսիկյանի ազատվելուց հետո լրատվամիջոցներում համառորեն տեղեկություններ են պտտվում, Օսիկյանը մոտ ապագայում չի բացառվում, որ կզբաղեցնի Ոստիկանապետի պաշտոնը, սակայն մինչ այդ նա կնշանակվի ՀՀ ոստիկանապետի տեղակալ։ Ով է Արթուր Օսիկյանը եւ ինչպես է ընկալվում համակարգում։ Հայաստանի Ամերիկյան համալսարանը, ապա Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանն ավարտած, Ոստիկանությունում միջազգային կազմակերպությունների հետ կապերով զբաղված, օտար լեզուներ տիրապետող, իրավաբանական գիտությունների թեկնածու Օսիկյանը համակարգում կիրթ, ինտելեկտուալ ոստիկանի համբավ ունի եւ էականորեն տարբերվում է սովետական ոստիկանի կերպարից։ 2009 թվականից ոստիկանապետի տեղակալ է եղել, ապա 2014-ից ՔԿՎ պետ նշանակվել։ Սրան զուգահեռ կան տեղեկություններ, որ աստիկանապետի պաշտոնի ռեալ հավակնորդների մեջ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունն է։ Որը Օսիկյանի կրթվածքության մակարդակն ունենալուց զատ ունի կառավարչական ձիրք, որի շնորհիվ կարողացավ երկու տարուց ավելի ղեկավարել գլխավոր դատախազությունը՝ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի ամեհի մրցակցության մթնոլորտում։

Կոստանյանի շնորհիվ կառույցը որոշակիորեն քաղաքակրթվեց, բայց նաեւ պնդացավ, իսկ նրա փոփոխության հետեւանքով այդ մարմինը դարձել է անգույն մի օղակ։ Քաղաքական վերջին տարիների գործընթացներից մի բան ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգսյանը վարչակարգում դանդաղ, բայց տեսակի փոփոխության է գնում, ինչի մասին են վկայում նաեւ ԱԱԾ պետի ու Գլխավոր դատախազի փոփոխությունները։Եւ այս տրամաբանության ներքո միանգամայն տեղավորվում է Ոստիկանության առաջին դեմքի փոփոխությունը։ Հատկապես որ արդեն հայտնի է, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրինագծի պահանջներն են, ըստ որի, ոստիկանությունը դառնում է վարչապետին առընթեր կառույց եւ կառույցի գործունեության անմիջական պատասխանատուն վարչապետն է։ Նախ՝ այս կտրվածքով ապագա վարչապետը, որը կասկած չի հարուցում, որ լինելու է Սերժ Սարգսյանը, կարիք չունի ուժային կառույցներում ուժեղ ու ինքնուրույն ղեկավարների, երկրորդ հնարավոր է, որ մինչեւ իր վարչապետ դառնալը կամ դրանից հետո նա համակարգը պատնեշել ցիվիլ կերպարներով։ Իսկ որ Ոստիկանությունը բազում անպատասխան հարցեր ունի՝ սկսած Սասնա ծռերի ապստամբությունը նախապես չկանխելուց, էլ չենք խոսում օրինականության հաստատման տեսանկյունից, որեւէ մեկը հերքել չի կարող։ Տարիներ շարունակ ոստիկանության նախանշած բարեփոխումները սկսվել ու ավարտվել են կադրային փոխատեղումներով, մեկին մի տեղից պաշտոնանկ են արել, տեղափոխել մի ուրիշ տեղ։ Ամենածանր պատիժը սահմանվել է այս ճանապարհով, իր պարտականությունները չկատարած, թերի կատարած եւ չարաշահումներ թույլ տված որեւէ վարչության, բաժնի պետ ընդամենը գործուղվել է հեռավոր մարզ ՝ կրելու իր «պատիժը»։ Իհարկե, որոշակի առումով հասկանալի է, կոչումներ ունեցող համակարգի աշխատակցի վրա պետությունը գումարներ է ծախսել եւ այդքան հեշտ չէ նրանց մեկ րոպեում դուրս գցել համակարգից, արդյունքում ունենք, այն ինչ ունենք։ Միով բանիվ ոստիկանապետի փոփոխության լուրը կարող է մի քանի բան նշանակել, նախ արտահոսքով զգուշացնել գործող ղեկավարին, որ այ, սա էլ կարող է տեղի ունենալ՝ դրանից բխող մեսիջները տեղ հասցնելով, երկրորդ, չի բացառվում, որ իսկապես, ուժայիններից քաղաքակրթվելու հերթը ոստիկանությանն է։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: