«Դրախտ» ռեստորանի մոտ Mercedes-ը մխրճվել է բետոնե հատվածի մեջ. դեպքի վայրում Քյարփինջ Հասանը համոզում էր ոստիկաններին, որ անտեսեն վթարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Dec 30, 2017 Comments Off on «Դրախտ» ռեստորանի մոտ Mercedes-ը մխրճվել է բետոնե հատվածի մեջ. դեպքի վայրում Քյարփինջ Հասանը համոզում էր ոստիկաններին, որ անտեսեն վթարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում դեռևս չպարզված վարորդը Mercedes մակնիշի 10 ՕԼ 494 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում՝ «Դրախտ» ռեստորանային համալիրի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանն ու ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը։ Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Մինչ ոստիկանները կճշտեին վարորդի ինքնությունը, դեպքի վայրում գտնվող մի տղամարդ փորձում էր ՃՈ աշխատակիցներին համոզել, որպեսզի ավտոմեքենան չտեղափոխվի ՃՈ պահպանվող հատուկ տարածք՝ ասելով, որ «ինքը քաղաքի տղա է», ու եթե հետաքրքրվեն, թե ով է Քյարփինջ Հասանը, ապա իրեն կասեն։ Մի պահ էլ, չգիտես ինչու, սկսեց գժգոհել, թե ինչու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ճանապարհի այս հատվածը բետոնե արգելապատնեշ դրել։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ վարորդը նրա ընկերն է։ Ավագ հետաքննիչ Ա. Իսախանյանի ցուցումով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: