Սերժ Սարգսյանի պայմանը բացահայտվեց. արդյունքը կերևա երկու օրից

Nov 24, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանի պայմանը բացահայտվեց. արդյունքը կերևա երկու օրից

Հայաստանն ամբողջությամբ իր աշխատանքը կատարել է, ավելին՝ ելնելով սպասումներից, որ ԵՄ գործընկերները նույնպես այս ուղղությամբ պետք է գործադրեն համարժեք, շոշափելի ջանքեր. Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ստորագրվելիք նոր փաստաթղթում Արցախյան հիմնախնդրի լուծմանն առնչվող դրույթների ամրագրման հետ կապված հնչող մտավախությունների մասով Tert.am-ին ասել է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի հետ միասին որոշում է կայացրել դեկտեմբերի 1-ին հրավիրելու թեմային վերաբերող խորհրդարանական լսումներ, ինչն իրականում, քաղաքական ավանս է, պարտավորեցնող քայլ, որպեսզի ՀՀ եվրոպացի գործընկերները ևս մեկ անգամ համոզվեն, որ գալիք գագաթնաժողովին քաղաքական փաստաթուղթ հանդիսացող հռչակագրում Հայաստանը ակնկալում է մեզ անմիջականորեն վերաբերող հարցերով կամ խնդիրներով ձևակերպումներ, որոնք բխելու են մեր ազգային և պետական շահերից: Ընկալում, որ Արցախյան հարցը մեզ համար աքսիոմատիկ գերակայություն է», տեղեկացրել է Արմեն Աշոտյանը:

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագրում ԼՂ խնդրին առնչվող սկզբունքների հնարավոր ձևակերպումների վերաբերյալ, նկատվում է, որ դեռևս անորոշություն կա: Կատալոնիայում հայտնի իրադարձությունների ֆոնին մտավախություն կա, որ ԵՄ երկրները կպնդեն, որպեսզի Բրյուսելի գագաթնաժողովի հռչակագրում տարածքային ամբողջականության սկզբունքը պարտադիր ամրագրվի:

Ակնհայտ է, որ հայկական կողմը վերջին շաբաթների ինտենսիվ աշխատել է ԵՄ երկրների հետ: Հարցին՝ հաջողվե՞լ է տարածքային ամբողջականության դրույթին առնչվող մասը հանել տալ հուշագրից, Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ փաստաթուղթը ստատիկ չէ, և առաջարկությունների ենթակա է, պարզապես վստահ եղեք, որ հայկական դիվանագիտությունն անում է ամեն ինչ, որպեսզի փաստաթղթի ձևակերպումները համարժեք լինեն մեր պետական շահերին և Եվրամիությունից մեր ակնկալիքներին` հատկապես նոր ստորագրվելիք համաձայնագրի համատեքստում»: Դիտարկմանը, թե նույնիսկ խոսակցություններ կան, որ, եթե հանկարծ ոչ հայանպաստ ձևակերպումներ լինեն Բրյուսելի գագաթնաժողովի ընդհանուր հռչակագրում, ապա Հայաստանը, միգուցե չստորագրի ԵՄ- Հայաստան համաձայնագիրը, Արմեն Աշոտյանը պատասխանել է` ժամանակավրեպ է մեկնաբանություններ տալ հնարավոր սցենարների վերաբերյալ, և այս պահին Արցախյան հարցի աքսիոմատիկ գերակայությունն է գերակա, որից էլ ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման թեորեմն էլ պետք է ապացուցվի ՀՀ–ի` Եվրամիության գործընկերների հետ:

Այսպես, թե՛ Բրյուսելը, թե՛ Երևանը վստահեցնում են, որ նոյեմբերի 24-ին Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման հարցում տեխնիկական որևէ խոչընդոտ չկա: ԵՄ պատվիրակությունից հաստատում են, որ ԵՄ-ի կողմից ամեն ինչ պատրաստ է համաձայնագրի ստորագրման, տեխնիկական խոչընդոտներ չկան:

Ըստ պաշտոնական Երևանի մեկնաբանությունների, մասնավորապես Աշոտյանի այսօրվա հայտարարությունների ենթատեքստի՝ ԵՄ երկրներին լուրջ փորձություն է սպասում. եթե ԵՄ-ն ձգտում է հասնել նրան, որպես Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրեն համաձայնագիրը, ապա Բրյուսելի գագաթնաժողովի ընդհանուր հռչակագրի տեքստում արցախյան հակամարտության վերաբերյալ պետք է ներառվեն նաև հայկական կողմի շահերից բխող սկզբունքներ:

Այսինքն, կարելի է ենթադրել, որ, եթե անգամ Բրյուսելի գագաթնաժողովի ընդհանուր հռչակագրում տեղ գտնի երկրների տարածքային ամբողջականության վերաբերյալ սկզբունքը՝ դրանում նաև առանձին կետով պետք է ներառվի նաև ինքնորոշման սկզբունքը:

Այլ կերպ ասած՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումն, ինչ-որ առումով, կապված է նրանից, թե ինչ արտացոլում կստանա արցախյան հակամարտության վերաբերյալ ընդհանուր սկզբունքների հիշատակումը՝ Բրյուսելի գագաթնաժողովի հռչակագրի տեքստում:

Ըստ ամենայնի, հենց այս պայմանն է Սերժ Սարգսյանը դրել Բրյուսելի առաջ:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: