«Մարդ էլ կա՝ ինչքան տալիս ես, չի բավարարվում: Հիմա ի՞նչ անենք». Հրանուշ Հակոբյան

Nov 03, 2017 Comments Off on «Մարդ էլ կա՝ ինչքան տալիս ես, չի բավարարվում: Հիմա ի՞նչ անենք». Հրանուշ Հակոբյան

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստան-Սփյուռք համաժողովում որոշ սփյուռքահայերի դժգոհություններին:Տիկին Հակոբյանը հայտարարեց, որ բողոքողներից Զարեհ Պալյանի հայտարարությունները ճիշտ չէին` նա այստեղ չորս բիզնես չի դրել, այլ ընդամենը մեկ ընկեր է ունեցել, գումար է տվել նրան, իսկ ընկերը գնացել է Վրաստան կամ Ռուսաստան, և ինքն այդ ընկերոջը չի գտնում: «Հիմա ինքը մեզ նամակ է գրում, ասում է՝ այդպես չէ, ինձ սխալ են հասկացել: Հիմա մենք էլ ասացինք՝ հարցեր կուղարկենք, պատասխանեք, որ պարզ լինի: Մեկ կամ երկու օրինակով չի կարելի պատկերացում կազմել», – պարզաբանեց նախարարը:

Դիտարկմանը՝ համաժողովի ընթացքում երևաց՝ ինչքան մեծ է սփյուռքահայերի անվստահությունը Հայաստանի իշխանությունների նկատմամբ, նրանք հայտարարում էին, որ քանի դեռ այս երկրում «նախարարների արյան մեջ կա թալանը», իրենց անվստահությունը չի վերանա, Հակոբյանը վրդովվեց: «Ո՞վ է ասել, ախր ինչո՞ւ եք էդպիսի բաներ ասում: Հենց հիմա եկեք, նստեք ինձ հետ, ու գնանք, տեսեք` ինչքան շնորհակալություններ եմ ստացել: Ամբողջ համաժողովի աշխատանքները գնահատվել են լավագույնս: Եթե մեկը այստեղ ինչ-որ մի բանից դժգոհ է, դա այլ խնդիր է: Իհարկե, կլինեն նաև դժգոհություններ, հիմա մեր հասարակության մեջ դուք` լրագրողներդ, բոլորդ նույն կարծիքի՞ եք: Ինչքան մարդ, այնքան՝ կարծիք: Ես չեմ կարող մարդկանց կարծիքները բոլորը նույնացնել: Ինչքան կարծիքները բազմազան են, դա մեր օգուտն է, մեր հարստությունն է: Մարդ կա, որ քչով բավարարվում է, ասում է` շատ լավ է: Մարդ էլ կա՝ ինչքան տալիս ես, չի բավարարվում: Հիմա ի՞նչ անենք»,- ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: