Սերժ Սարգսյանի «մարզավիճակը»՝ Մոսկվա մեկնելուց առաջ

Nov 04, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանի «մարզավիճակը»՝ Մոսկվա մեկնելուց առաջ

Նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի զինուժը նյութատեխնիկական առումով իր տնօրինության տակ ունի ժամանակակից զինտեխնիկայի լուրջ օրինակներ, հագեցած է բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող սպաներով: «Սակայն սա չի նշանակում, որ մեր զինուժը չպետք է զարգանա զորքերի կառավարման, սպառազինության արդիականացման տեսանկյունից: Զինված ուժերի մոդեռնիզացիայի համար էլ հայկական կողմը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով տրամադրել վարկ՝ ձեռք բերելու նոր, ժամանակակից սպառազինության օրինակներ»: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս ՀՀ-ին կմատակարարի զենքի խմբաքանակ՝ գործող պայմանագրի շրջանակում, իսկ 100 միլիոն դոլարի նոր, արդեն ստորագրված պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի բոլոր միջպետական մակարդակներում հաստատվելուց հետո: «Մինչև այս տարվա վերջ մենք կիրականացնենք դեռ նախորդ պայմանագիրը: Օրերս մենք սպասում ենք նոր մատակարարումների, և մինչև տարվա վերջ մենք կփակենք նախորդ պայմանագրի հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Վարկային նոր պայմանագիրը, որի մասին խոսել է Սերժ Սարգսյանը, Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել հոկտեմբերի 12-ին, ՌԴ-ն հայկական կողմին կտրամադրի պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքների մատակարարումները ֆինանսավորելու համար: Համաձայնագրի նախագծում նշվում է, որ վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Հայաստանը պետք է օգտվի վարկային միջոցներից 2018-2022 թվականներին:
Սպառազինության արդիականացման մասին Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը ռուսական մամուլում կարելի է դիտարկել նախապատրաստական քայլ՝ սպասվելիք մոսկովյան այցին ընդառաջ: Սերժ Սարգսյանը խոսել է նաև Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամակցության և Հայաստանում ռուսաց լեզվի զագացման հայեցակարգի մասին: «Դա կապված չէ ԵԱՏՄ անդամակցության հետ, որովհետև Հայաստանում ռուսերենին միշտ էլ լավ են վերաբերվել և այն միշտ էլ լայն տարածում է ունեցել: Հայաստանի ու Ռուսաստանի տնտեսությունները կապված են հազար թելերով, մենք ունենք շատ սերտ հումանիտար համագործակցություն և լեզվի իմացությունը պարզապես անհրաժեշտ է»,- հայտարարել է Սերժ Սարգսյանն ու շեշտել, որ մեկ-երկու ամսվա ընթացքում հայցեկարգն անպայման կընդունվի:

Նոյեմբերի վերջին ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումն է նախատեսված: Օրերս պարզվեց, որ Սերժ Սարգսյանը մինչ այդ պաշտոնական այցով Մոսկվա է մեկնելու: Ըստ էության մինչ Կրեմլի ղեկավարության հետ հանդիպումը Սերժ Սարգսյանը հանրայնացնում է հայ-ռուսական հարաբերությունների ամենանուրբ թեմանրեը՝ լեզու, տնտեսություն և վերջապես զենք: Լեզվի խնդիրը լայն արձագանք գտավ վերջերս՝ ՌԴ կրթության և գիտության նախարարի Երևան կատարած այցի ժամանակ: ՀՀ ԿԳՆ ճիշտ այդ օրերին հանրային քննարկան էր ներկայացրել հանրակրթական դպրոցներում ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգը, որը հանրային շատ լայն արձագանք գտավ: Կար անհանգստություն, թե փորձ է արվում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու նախադրյալներ ստեղծել: Աղմուկից, հնարավոր է, Կրեմլում դժգոհ են: Դրան գումարած նաև ԵՄ համաձայնագիրը, որի ստորագրումը սպասվում է նոյեմբերի վերջին: Այս իմաստով մոսկովյան այցը լինելու է շատ պատասխանատու և Սերժ Սարգասյանի «լավ մարզավիճակում» լինելը, իսկապես, շատ կարևոր է, և նա այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում:

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: