Ի՞նչ է ասել Կարեն Կարապետյանը Դմիտրի Մեդվեդևին՝ Լևոն Հայրապետյանի մասին

Oct 26, 2017 Comments Off on Ի՞նչ է ասել Կարեն Կարապետյանը Դմիտրի Մեդվեդևին՝ Լևոն Հայրապետյանի մասին

Օրերս Մոսկվայում տեղի ունեցած հայտնի հայ մեծահարուստ, արցախցի մեծ բարերար Լևոն Հայրապետյանի հուղարկավորությունը իսկական լակմուսի էֆեկտ ունեցավ հայկական էլիտայի համար: Ռուսաստանի ամենադաժան բանտերից մեկում մահկանացուն կնքած Լևոն Հայրապետյանի հոգեհանգստին և հուղարկավորությանը հայկական էլիտան ներկա չէր: Մենք ականատես ենք եղել, թե ինչպես է այդ նույն էլիտան ողջ կազմով Մոսկվա մեկնում, երբ, ասենք, հարսանիք կամ խնջույք է լինում: Իսկ Հայրապետյանին վերջին հրաժեշտ տալու համար  Հայաստանից Մոսկվա էր գնացել միայն Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Ռուսաստանահայ բարձր էլիտայից էլ միայն Արա Աբրահամյանն էր ներկա: Ինչո՞վ էր պայմանավորված Լևոն Հայրապետյանի հանդեպ նման վարքագիծը: Էլիտան երևի ամաչում էր. ի՞նչ երեսով պիտի գնար մարդու հուղարկավորությանը, երբ նրա ողջության և առողջության համար ոչինչ չէր արել:

Լևոն Հայրապետյանը քաղաքական դատաստանի ենթարկվեց Ռուսաստանի իշխանության կողմից, և Հայաստանի քաղաքական և տնտեսական իշխանությունը որևէ քայլ չձեռնարկեց նրան օգնելու համար: Դա վախի, թուլության և ստրկամտության դրսևորում էր, կամ էլ գուցե քաղաքական ակտ, որը կայացվել էր Լևոն Հայրապետյանի համար, նաև ՀՀ իշխանության սրտով էր: Ի վերջո ստրուկների առկայության համար միշտ չէ, որ ստրկատերն է մեղավոր: Մերոնք վախեցեած էին Հայրապետյանի հարցում նրա կենդանության օրոք, վախեցած են նաև մահից հետո: Ճակատագրի հեգնանքով Հայրապետյանի մահից ընդամենը մի քանի օր անց Հայաստան է ժամանել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, որին առանձնակի շուքով ընդունել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանն ու Լևոն Հայրապետյանը ժամանակին գործընկերներ են եղել՝ երկուսն էլ աշխատել են ՌԴ էներգետիկ համակարգի խոշորագույն ընկերություններում. Կարապետյանը՝ <<Գազպրոմ>>-ում, Հայրապետյանը՝ <<Բաշնեֆտ>>-ում:

Ի՞նչ է ասել Կարեն Կարապետյանը Դմիտրի Մեդվեդևին՝ Լևոն Հայրապետյանի մասին, գոնե հետաքրքրվե՞լ է, թե ինչու Ռուսաստանի իշխանությունը նման կերպ վարվեց այդ երկրում հսկայական կապիտալ ու աշխատատեղեր ստեղծած,  ռուսական պետությանը խոշոր հարկեր և տուրքեր մուծած գործարարի հետ, ինչո՞ւ գոնե, նրա առողջական վիճակից ելնելով, կյանքի վերջին օրերին ազատություն չտրվեց, և վերջապես ի՞նչ ճակատագիր է սպասվում Լևոն Հայրապետյանի կապիտալին նրան մահից հետո: Կարեն Կարապետյանը իհարկե կարող էր նման պատմական համարձակություն դրսևորել՝ ցուցաբերելով եթե ոչ քաղաքական, ապա գոնե մարդկային քայլ: Բայց վստահաբար նա նման բան չի արել, չեն անի նաև մյուսները: Չեն անի, դրա համար էլ Կրեմլը իրենց վերաբերվում է այնպես, ինչպես վերաբերվում է:

 

Արման  Վարդանյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: