Լևոն Հայրապետյանը արել է հնարավորը՝ հայրենի երկրի շենացման համար. Բակո Սահակյան

Oct 19, 2017 Comments Off on Լևոն Հայրապետյանը արել է հնարավորը՝ հայրենի երկրի շենացման համար. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ցավակցական հեռագիր է հղել Լևոն Հայրապետյանի ընտանիքին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է. «Արցախում խոր ցավով տեղեկացանք անվանի հայ գործարար, մեծ հայրենասեր ու բարերար, մեր ժողովրդի նվիրյալ զավակ Լևոն Գուրգենի Հայրապետյանի մահվան մասին: Լևոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում, արել է հնարավորը հայրենի երկրի շենացման ու բարգավաճման, հարազատ ժողովրդի կենսապայմանների բարելավման ու կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ: Նրա աջակցությամբ Արցախում կյանքի են կոչվել բազմաթիվ խոշոր ծրագրեր տնտեսության տարբեր ճյուղերում, վերակառուցվել է Գանձասարի վանական համալիրը: Պետությունը բարձր է գնահատել Լևոն Հայրապետյանի ավանդն Արցախի զարգացման գործում: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նա պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով և «Երախտագիտություն» մեդալով: Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, հայրենակիցներին ու ընկերներին, բոլորին մաղթում եմ համբերություն և ոգու կորով: Լևոն Հայրապետյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: