Հայաստանը Ռուսաստանից ևս 100 մլն դոլարի զենք կգնի

Oct 12, 2017 Չի մեկնաբանվել

Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի պետական արտահանման նոր վարկ՝ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման, մատակարարումների ֆինանսավորման համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարություն համաձայնություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ըստ համաձայնագրի՝ 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Ընդ որում, ՀՀ կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10 տոկոսի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:

Համաձայնագրի դրույթների հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարության և «Ռոսոբորոնէկսպորտ» ԲԲԸ միջև կստորագրվեն առանձին պայմանագրեր ժամանակակից սպառազինության և տեխնիկայի` ՀՀ-ին տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, կողմերի պարտավորությունների, դրա նորոգման և տեխնիկական սպասարկման պարտավորությունների, ձեռքբերման համար վճարումների և այլ հարցերի վերաբերյալ:

Նախագծի հիմնավորման համաձայն` համաձայնագրի կնքումը համապատասխանում է ՀՀ ռազմավարական շահերին և դրա իրագործումը կծառայի ՀՀ անվտանգության ամրապնդման նպատակներին:

Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ 2015թ. հունիսի 26-ին ստորագրվել էր սպառազինություն ձեռք բերելու համար 200 մլն դոլարի վարկային համաձայնագիր, որն այժմ գործում է:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Հայաստանը Ռուսաստանից ևս 100 մլն դոլարի զենք կգնի”

Մեկնաբանել