Եկեք հավատանք Սերժ Սարգսյանին

Aug 09, 2017 Comments Off on Եկեք հավատանք Սերժ Սարգսյանին

Հարցազրույց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ:

-Պպարոն Ադիբեկյան, Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է ընդդիմադիր դաշտի խոշորացման անհրաժեշտության մասին եւ այդ նախաձեռնությունը կյանքի կոչելու նպատակով հանդիպումներ է սկսել ընդդիմադիր ուժերի հետ: Գնահատելով քաղաքական դաշտի ներկա իրավիճակը ՝ իրատեսական ե՞ք համարում այդ գաղափարի իրագործումը:

-Իհարկե ոչ, նման պայմաններ չկան՝ պայմանավորված 2018-ին նախագահի պաշտոնավարման ժամկետի եւ նոր վարչապետի նշանակելու հանգամանքով:Որոշ ժամանակ է հարկավոր՝ տեսնելու այդ փոփոխությունները, որից հետո կարող ենք տեսնել՝ հնարավոր է արդյոք դժգոհության ալիք բարձրացնել, թե ոչ, այդ ժամանակ կերեւա՝ կարելի է ընդդիմադիր խաղալ, թե ոչ:

Մինչ այդ առարկայական նախապայմաններ չկան, որովհետեւ ընդդիմությունը սպասում է, թե ինչ կանի իշխանական թեւը, որպեսզի հակառակ գործողություններ սկսի: Տեսնում եք, որ գործադիր իշխանությունը բավականին թույլ է, համեստ է, սպասողական վիճակում եւ այս հանդարտ մակերեսի վրա ալիք բարձրացնելը դժվար է նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանի համար:

-Րաֆֆի Հովհաննիսյանի հարցազրույցներից հասկանալի է դառնում, որ միավորումը տեղի է ունենալու, որպեսզի կանխեն Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացը:

-Նա կեղծ թիրախ է ընտրել, որովհետեւ գործող նախագահը հայտարարել է, որ ոչ վարչապետ է ուզում մնալ, ոչ էլ նախագահ, ինքը կմնա կուսակցության ղեկավար եւ այդ լծակներով կշարունակի ազդել քաղաքական գործընթացների վրա՝ թողնելով իրական ղեկավարումը նշանակված մարդկանց վրա, ով կլինի նախագահ, դա նշանակություն չունի, որովհետեւ նա լծակ չունի կառավարման վրա, հիմնական գործոնը կլինի Արա Բաբլոյանը որպես ԱԺ խոսնակ եւ Կարեն Կարապետյանը որպես վարչապետ:

Ընդամենը թեմա են հնարում, որ դժգոհության ալիք բարձրացնեն: Մենք բազմիցս ենք լսել թեժ աշունների մասին՝ սկսած Աշոտ Մանուչարյանից, վերջացրած Լեւոն Տեր-Պետրոսյանից: Աշնանը մարդիկ զբաղված են երեխաներին դպրոց տանելով, ձմեռվա պաշարներ ձեռք բերելով, նրանց քաղաքական բաները քիչ է հետաքրքրում: Մի փոքր հնարավորություն է առաջ գալիս հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, բայց դժգոհության առիթ գոյություն չունի:

Սակայն Սերժ Սարգսյանը չի վերահաստատում իր խոստումը, որ չի ցանկանում ոչ վարչապետ, ոչ ԱԺ նախագահ դառնալ:

-Ես գիտեմ, որ ինքը մի քանի անգամ դա կրկնել է, երեւի ով հիշողություն չունի, կամ վատ է հիշում, դա չի հիշում: Եկեք հավատանք Սերժ Սարգսյանին:

-Հետեւաբար ինչ նպատակ է հետապնդում Րաֆֆի Հովհաննիսյանի նման նախաձեռնությունը:

-Նա այս վերջին ընտրություններում հայտնվեց շատ վատ դիրքերում,նա այսօր խաղից դուրս վիճակում է եւ ընդամենը փորձում է վերադառնալ քաղաքականություն:

Դուք կոչ արեցիք հավատալ Սերժ Սարգսյանին, կարծում եք ընդդիմադիրները կհավատա՞ն եւ գործողություններ չեն նախաձեռնի:

-Նախաձեռնեն ինչ անեն, եթե ԱԺ մեծամասնությունը ՀՀԿ-ն է, նա է որոշել՝ ով լինի նախագահ, ով վարչապետ, ինչ կարող են անել ընդդիմադիրները: Եթե լիներ եվրոպական դեմոկրատիա, գուցե հաշվի առնեին, բայց ոչ մեր դեպքում:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: