Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան
Սահմանազատում չի իրականացվել։ ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում: Այս մասին Կիրանցում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Պատգամավորի դիտարկմամբ՝ դա իր մեջ վտանգ է պարունակում, իսկ ամենակարևոր վտանգն այն է, որ չեն նշվում այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է իրականացվի գործընթացը:
«Սկզբունքներից ամենակարևորն այն է, որ ապագա ճշգրտված սահմանները չեն կարող հանդիսանալ հետագա լարվածության, սադրանքների, հետագա ապակայունացման առիթ: Այդ առումով, եթե մենք ուզում ենք, որ դա չլինի, առաջին հերթին Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի 200-ից ավելի քկմ տարածքներից:
Երկրորդը, դա ՀՀ օրենսդրության համաձայն տվյալ հատվածներում այն իրավունքներն են, որոնցից օգտվում են սահմանամերձ բնակավայրերի մեր քաղաքացիները: Դա տարածքների, արոտավայրերի, ջրաղբյուրների, էլեկտրականության, գազի և այլ երթակառուցվածքների հետ կապված խնդիրներն են: Դրանից հետո իրականացվում է սահմանագծում: Ապրիլի 19-ի հայտարարությունում նշվում է նաև ժամկետ՝ մինչև մայիսի 15-ը ավարտել սահմանազատումը և անցնել սահմանագծման: Եթե մենք ունենք վեճ, մենք կարո՞ղ ենք ասել, թե դա երբ կավարտվի: Ինչո՞ւ ենք նշում այդքան հապճեպ ժամկետ: Այս փաստերը խոսում են այն մասին, որ հակառակ կողմը պարտադրում է»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր հարձակողական գործողություններով, փաստացի, մեր սահմաններից ներս սահմանագծում էր իրականացնում, գծում էր իր սահմանը, այսօր Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով։