Այս ժողովրդին, որը հավաքված է այստեղ, ուզում են հանցակից դարձնել․ Բագրատ Սրբազան
Այս ժողովրդին, որը հավաքված է այստեղ, ուզում են հանցակից դարձնել՝ ստիպելով, որ համաձայնեն այն անօրինականություններին և ապօրինություններին, որոնք տեղի են ունենում այստեղ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի բնակավայրերի սահմանազատման հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ստեղծմանը։
«Այս գործընթացը, որ տեղի է ունենում, ապօրինի է։ ՀՀ օրենքներին հակառակ է, դեմ, որևէ տառով չի համապատասխանում օրենսդրությանը։ Առաջին օրվանից ասել եմ՝ այն մարդիկ՝ վարչական ղեկավարները, որ մասնակցում են, պատասխանատու են, ամբողջ պատասխանատվությունն իրենց վրա է, թող երկու անգամ ավելի երկար մտածեն՝ իրենց զավակների աչքերին նայեն, գնան տուն՝ իրենց տիկիններին և ծնողներին նայեն, տեսնեն՝ ինչ արձագանք է գալիս։ Սա անօրինական է և դժվախտաբար մենք գտնվում ենք համապարփակ ապօրինության մեջ»,- ասաց Բագրատ Սրբազանը: