Արցախի անկման խորքերը. Ով և ինչպես է լցնելու «դատարկությունը»

Արմեն Գրիգորյանը Թեհրանում էր

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ ժամանել էր Թեհրան, որտեղ հանդիպումներ ունեցավ իրանցի գործընկերոջ և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Կարևորեցին Հայաստանի տարածքային ամբողջականությունը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետություն Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ: Ըստ ՀՀ Անվտանգության խորհրդի` ԱԽ քարտուղարը հանգամանալից ներկայացրել է վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված հարձակման մանրամասները՝ որի հետևանքով տեղի է ունենում ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանում: Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը և ստեղծված իրավիճակի հետևանքները: Զրուցակիցները կարևորել են ՀՀ տարածքային ամբողջականությունը: Երկուստեք ընդգծվել է երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը:

Տարածաշրջանում աշխարհագրության ցանկացած փոփոխություն սպառնում է Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանը՝ խորացնելով ճգնաժամը, ասել է Իրանի ԱԽ քարտուղար Ալի-Աքբար Ահմադիան՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը։ Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է անհրաժեշտ հարթակ տրամադրել բանակցությունների համար և հանդիպում անցկացնել տարածաշրջանի երկրների միջև։

Արմեն Գրիգորյանն, իր հերթին, մատնանշել է երկու երկրների երկարամյա հարաբերությունները և հայտարարել Իրանի հետ հարաբերությունները համակողմանի զարգացնելու Հայաստանի պատրաստակամության մասին։ Ըստ իրանական գործակալության՝ Արմեն Գրիգորյանը մատնանշել է Իսլամական Հանրապետության արդյունավետ դերը կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։

Ըստ Էրդողանի` «Ղարաբաղի հարցում արդարությունը հաղթել է»

Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի նախագահը երկրի Ազգային մեծ ժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, թե «Ղարաբաղի հարցում արդարությունը հաղթել է»։ Էրդողանը մի շարք այլ թեմաների էլ է անդրադարձել։ Մասնավորապես նշել, թե Թուրքիան ոչինչ չի ակնկալում Եվրամիությունից (ԵՄ)՝ կապված միությանը միանալու հնարավորության հետ։ «Մենք ոչ մի ակնկալիք չունենք Եվրամիությունից, որը մեզ ստիպել է սպասել 60 տարի», - նշել է նա՝ անարդար որակելով վիզաների տրամադրմանը բախվելու խնդիրը։

ԵՄ. Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով այս պահին տեղի է ունենում ԼՂ հայերի զանգվածային գաղթ

«Սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողության և դրան նախորդած Լաչինի միջանցքի ամիսներ շարունակված շրջափակման պատճառով այս պահին տեղի է ունենում Ղարաբաղի հայերի զանգվածային գաղթ։ Մարդիկ լքում են իրենց տները Լեռնային Ղարաբաղում և ապաստան գտնում Հայաստանում», - ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պիտեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ։ «Անհրաժեշտ է անհետաձգելի, շարունակական, անխոչընդոտ մարդասիրական աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր դեռ կարիքի մեջ են Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր հեռացել են։ Եվրամիությունը աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքին, որը նպաստում է վիրավորների, ինչպես նաև հիվանդների շտապ տարհանմանը և տեղում շտապ օգնության տրամադրմանը», - նշել է Ստանոն:

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակը նշել է՝ Եվրահանձնաժողովը հայտարարել է հավելյալ 5 միլիոն եվրոյի չափով մարդասիրական օգնության մասին՝ օգնելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանվածներին և Ղարաբաղում խոցելի իրավիճակում հայտնվածներին: «ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրել։ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու ղարաբաղցի հայերի իրավունքները և անվտանգությունը, ներառյալ՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում արժանապատիվ ապրելու, ինչպես նաև տեղահանվածների վերադարձի իրավունքը։ Կարևոր է, որ ՄԱԿ-ի առաքելությունը կարողանա մուտք գործել տարածք հաջորդ օրերի ընթացքում: Եվրամիությունն ի գիտություն է ընդունել հատուկ հարթակի միջոցով հայ բնակիչների գրանցման գործընթացի մեկնարկի մասին Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունը։ ԵՄ-ն կշարունակի ուշադիր հետևել տեղում զարգացումներին», - նշում է հաղորդագրությունը։

ՀՀ-ն ՄԱԿ-ի միջազգային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման հարցով Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:

Այդ մասին տեղեկությունը սեպտեմբերի 29-ին տեղադրվել է դատարանի պաշտոնական կայքէջում: «Հայաստանը՝ վկայակոչելով Կանոնադրության 41-րդ հոդվածը և Դատարանի Կանոնակարգի 73-րդ հոդվածը, դատարան է ուղարկել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ամրագրված իրավունքները պահպանելու և պաշտպանելու համար ժամանակավոր միջոցներ կիրառելու միջնորդություն»,- ասվում է հաղորդագրությունում:

Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է անում հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»:
Երևանն ակնկալում է, որ Բաքուն «ձեռնպահ կմնա պատժիչ միջոցներ ձեռնարկելուց Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինվորականների նկատմամբ։

Բացի այդ, հայկական կողմը հայցի տեքստում ներառել է սեպտեմբերի 19-ից հետո իրենց կողմից օկուպացված տարածաշրջանի քաղաքացիական օբյեկտներից ադրբեջանցի զինվորականների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին դուրս բերելու պահանջը։

Հայաստանը նաև պնդում է, որ Ադրբեջանը չպետք է փոփոխի կամ ոչնչացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող որևէ հուշարձան կամ որևէ այլ հուշարձան կամ հայկական մշակութային արտեֆակտ կամ վայր, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում։

Հայցում նշվում է, որ Բաքուն պետք է ՄԱԿ-ի դատարան ներկայացնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում զեկուցի դրա իրականացմանն ուղղված միջոցառումների մասին, այնուհետև երեք ամիսը մեկ տեղեկացնի այդ մարմնին, մինչև գործի վերաբերյալ որոշում կայացվի։

Հայաստանը նաև խնդրել է Դատարանին վերահաստատել իր կայացված որոշումներով Ադրբեջանի վրա դրված պարտավորությունները, մասնավորապես՝ 2022 թվականի դեկտեմբերի 7-ին և 2023 թվականի փետրվարի 22-ին ընդունված։

Բաքուն ԱՄԿ-ի միջազգային դատարան ներկայացրած Հայաստանի հայցը համարում է անհիմն

Ադրբեջանը ռասայական խտրականության գործով Բաքվի դեմ Միջազգային դատարան ներկայացված հայցը համարում է անհիմն և իր դիրքորոշումը կներկայացնի այդ դատական մարմնին, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ Նրա խոսքով, Հայաստանի հայցերը «ցույց են տալիս, որ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իր հավակնություններից», ինչպես նաև «ուղղված են ադրբեջանցիների դեմ ռասայական թշնամանք հրահրելուն»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3103 անգամ
Լրահոս
«ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է «World Travel Awards»-ի կրկնակի հաղթող՝ «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում Մարվել է «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը Պուտինն առայժմ կարծես հաղթում է Ուկրաինայի պատերազմում․ The Economist. «Սիվիլնեթ» Ադրբեջանական 3 էսքկլավների ընդհանուր տարածքը շուրջ 44 քկմ է, իսկ Արծվաշենինը՝ մոտ 38 քկմ․ Ալեն Սիմոնյանը կեղծում է․ «Հետք» Աքորիի 22-ամյա բնակիչը սպանել է 50-ամյա համագյուղացուն. նախաքննությունն ավարտվել է Newsweek: Соединенные Штаты намерены сократить доходы России от продажи нефти и газа ԱԽ քարտուղարը սխալվում է․ Հայաստանի ու Ադրբեջանի նախկին էքսկլավների տարածքները «գրեթե հավասար» չեն Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է Թանկարժեք «յաշիկավար»-ի մոտ հայտնաբերվել է կասկածելի թմրամիջոց ու դեղահաբ Կոտայքի մարզում ոչ սթափ BMW X5-ի վարորդը բախվել է կայանված Kia-ին ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր Մեկը մյուսի հետևից Դուբայ են մեկնում Ովքե՞ր և ե՞րբ են իրականում պղծել զինվորական համազգեստը «Դիլիջան ազգային պարկի» տնօրենները դատարանում պարտվելը վատ սովորույթ են դարձրել Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է ՀՀ սահմանին գտնվող զորամասեր ՔԿ-ն՝ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի մասին Արարատի մարզում 27-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Սուրեն Պապիկյանը ՏԻՄ-երում ճնումներ է գործադրում՝ օգտագործելով բանակի ռեսուրսները. Լևոն Զուրաբյան Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա. 7 անձի մեղադրանք է ներկայացվել Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությո Եթե Փաշինյանը ցանկանում է խաղաղության հասնել, պարտավոր է Ռուսաստանի շահերի հետ հաշվի նստել․ Ռոբերտ Մարգարյան․ Alphanews.am Ռիսկային ներդրում. ինչպե՞ս է «Սիթի բայք»-ը ներգրավել տասնյակ հազարավոր քաղաքացիների, և ովքե՞ր են ծրագրի հետևում․ «Հետք» Սյունիքում, Տավուշում ջերմաստիճանը կհասնի +25-ի Բաբայան Սամվե՛լ, ուրեմն դու գիտեի՞ր, որ 5000 երեխու տանում են մորթելու․ ֆիդայական շարժման ղեկավար (video) 297 միլիոն դրամի խայտառակ մսխում Ավինյանից․ սրանց թալանը լսեք․ Գևորգ Պետրոսյան (video) Տհաճ է հետևել, թե ինչպես է ցեղասպան Թուրքիան տարբեր միջազգային ամբիոններից խոսում մարդասիրության, կյանքի իրավունքի և խաղաղության մասին․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ստեփան Հասան-Ջալալյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am