«Միջանցք» ոչ թե թղթով, այլ` ուժով

Երեկ Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ, հայտնում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ երեկ ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ ժամը 18:40-ին, Ադրբեջանի զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Նախիջևանի սահմանից 800 մետրի վրա՝ Երասխ գյուղի Բարեկամության փողոցում մետալուրգիական գործարանի շինարարություն է սկսվել, և սա «խիստ անհանգստացրել է» Ադրբեջանի բնապահպանության նախարարությանը։ Բաքուն պնդել էր, թե «առանց այդ գործունեությունը Ադրբեջանի հետ համաձայնեցնելու» Հայաստանը խախտում է միջազգային բնապահպանական չափանիշները։

Պաշտոնական Երևանն էլ հայտարարել էր, որ գնդակոծելով Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանը՝ Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ։ «Ադրբեջանը հետևողականորեն ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետության հետ բոլոր ուղղություններով բանակցային գործընթացներում առաջնորդվում է միմիայն ուժի ապօրինի կիրառմամբ իր ցանկալի լուծումները Հայաստանի Հանրապետությանը պարտադրելու սկզբունքով, ինչի համար նպաստող կամ խրախուսող միջավայր է ընկալում միջազգային հանրության մեղմ արձագանքը և ամենաթողությունը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Պաշտոնական Երևանն ուշադրություն է հրավիրում, որ կրակ է բացվել ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ: «Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:

Սրան նախորդել էին Ադրբեջանի կեղծ մեղադրանքները հայկական կողմի հասցեին վերոնշյալ գործարանի կառուցման վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունը նախորդիվ արդեն հայտնել էր, որ գործարանի կառուցումը լիովին համապատասխանում է իր միջազգային պարտավորություններին, և որ Ադրբեջանի կեղծ անհանգստությունը պարզապես նպատակ ունի խոչընդոտել Հայաստանի տնտեսական զարգացումը և օտարերկրյա ներդրումները», - շեշտում է ԱԳՆ-ն:

Կառույցը նաև կոչ է անում միջազգային հանրությանը հստակ քայլեր ձեռնարկել՝ «սահմանափակելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և անհիմն, անտրամաբանական և կամայական պահանջներին ուժի և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով հասնելու անընդունելի քաղաքականությունը»:

Արցախի պաշտպանության բանակն էլ հերթական անգամ հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 13-ին ժամը 19։15-ի սահմաններում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Վերջին երկու ժամվա ընթացքում Բաքուն արդեն երկրորդ անգամ է հաղորդում, թե հայկական զինուժը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս անգամ, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, հայկական կողմը թիրախավորել է Շուշիի շրջանը։

Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները մեծապես խոչընդոտում են ՀՀ տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանը երեկ հայտարարել է փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը։

Նա վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում՝ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային իրավազորության հիման վրա, փոխանցում են ԱԳՆ-ից։ Ընդգծվել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքին «միջանցքի» ձևով հղում տալը ՀՀ նկատմամբ տարածքային պահանջների դրսևորում է, որը խաթարում է տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:

Վահե Գևորգյանն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը և դրա սոցիալ-տնտեսական հետևանքներին՝ ընդգծելով, որ «Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և շրջափակման քաղաքականությունը, փորձելով հյուծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ու վերջինին զրկել գոյության միջոցներից, չեն կարող հիմք դառնալ երկարաժամկետ և կայուն խաղաղության համար»:

Ադրբեջանական կողմը Գորիս-Ստեփանակերտ մայրուղու Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավորյալ խոչընդոտում է Հայաստանի հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը դեպի Արցախ, երեկ հայտնել է մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն` անցակետի տեղադրոիմից ի վեր արձանագրվել է նմանատիպ առնվազն երեք դեպք՝ խոչընդոտվել է երկու կանանց և մեկ երեխայի մուտքը: Արձանագրված բոլոր դեպքերում, ըստ օմբուդսմենի, քաղաքացիները թեև ունեցել են ՀՀ հաշվառում, այնուամենայնիվ, մշտապես բնակվել են Արցախում: Տվյալ անձինք, ըստ հաղորդագրության, շրջափակման պայմաններում մեկնել էին Հայաստանի բուժման նպատակով, և այժմ, առողջական խնդիրների լուծումից հետո, չեն կարողանում վերադառնալ իրենց տներ: «Ադրբեջանի կողմից ցուցաբերված ոտնձգությունների հետևանքով խախտվել են այդ անձանց ոչ միայն ազատ տեղաշարժվելու, այլև ընտանիքի հետ վերամիավորվելու իրավունքները», - նշել է Ստեփանյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծել է, որ «ապրիլի 23-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում Հակարի կամրջի վրա ապօրինի կերպով տեղադրված անցակետը և այդ ճանապարհով անձանց, մեքենաների ու բեռների ազատ տեղաշարժը խոչընդոտող այլ միջոցները խախտում են ոչ միայն մարդու իրավունքների միջազգային հանրահայտ նորմերը, այլև՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մասնավորապես՝ 6-րդ կետը, որով նախատեսվում է անձանց, մեքենաների և բեռների անվտանգ ու անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով»:

«Ադրբեջանը տարբեր քարոզչական տեսանյութերով փորձում է թոզ փչել միջազգային հանրության աչքերին՝ ցույց տալով, թե իբր միջանցքը արգելափակված չէ և ապահովված է մարդկանց ազատ տեղաշարժը: Այնինչ անցակետի առկայությունը, անձնագրային, բեռների ու այլ տիպի հսկողության միջոցների կիրառումը Ադրբեջանի կողմից արդեն նշանակում են խոչընդոտներ անխափան տեղաշարժի համար՝ հարուցելով ոչ միայն անվտանգության, այլև՝ ցանկացած պահի խափանիչ կամայական այլ միջոցներ կիրառելու էական ռիսկեր: Արձանագրվող դեպքերը ևս մեկ անգամ ապացուցում են ադրբեջանական պետական քարոզչության սնանկությունը և Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ համակարգային և հետևողականորեն իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը», - նաև ընդգծում է Արցախի ՄԻՊ-ը:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ից ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում և անցակետ տեղադրել, որը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնություններով նախատեսված չէ։
Դե իսկ ինչ է պատասխանում Բաքուն այս իրավիճակում... «Հայաստանը խաղաղարար ջանքերին խոչընդոտելու և ստահոդ հայտարարություններով հանդես գալու փոխարեն՝ պետք է գործով հարգի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որին մաս է կազմում Ղարաբաղի շրջանը»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը` այդկերպ արձագանքելով ՀՀ ԱԳՆ-ին:

Այդ երկրի ԱԳՆ-ն ավելի վաղ, մասնավորապես, հայտարարել է, թե առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար։ «Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երկերեսանիորեն ռազմական սադրանքների պատասխանատվությունը բարդում է Ադրբեջանի վրա, ի հեճուկս մեր երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը խրախուսում է Ղարաբաղի շրջան միջազգային առաքելություն ուղարկելը, միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին, և դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը որևէ նշանակություն չի տալիս իր միջազգային պարտավորություններին»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հայկական կողմին հերթական անգամ կոչ անելով «անհապաղ դուրս բերել հայկական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից»։

Ահա, այսպիսին է` հայ-ադրբեջանական «խաղաղասիրական», թեժ «բանակցային» իրավիճակը: Ակնառու նկատելի է, որ պաշտոնական Բաքուն ընդդեմ Արցախի ու Ադրբեջանի հստակ ծրագիր է իրագործում:

Անկախ նրանից, որ նրանք աշխարհային ներկայանում են` Հայաստանի հետ «անհապաղ խաղաղության» պայմանագիր ստորագրելու ջատագով, իրականում, նրանց պետք է Սյունիքում, չարաբաստիկ «միջանցք» ստանալ, և նրանք դա ցանկանում են ստանալ ոչ թե խաղաղության համաձայնագրով, այլ` ուժով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1953 անգամ
Լրահոս
Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Նիկոլից ազատվելը կնշանակի նաև ազատվել համազգային մահացու մեղքից. Աշոտյան Տավուշից Երևան երթի մասնակիցները հասան Սևքար. ուղղությունը` Ենոքավան (տեսանյութ) Դավիթ Բաղդասարյանը հաղթեց թուրքին, եզրափակչում կմենամարտի ադրբեջանցու հետ Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում. video ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար Որոշ ուժեր օգտագործում են ցուցարարների զայրույթը, տեսեք, թե դրանք ինչի են հասցրել Վրաստանը. Արթուր Միրզոյան Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան Հույս, հավատ, սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին․ Աստված տա՝ հարությունը մոտ լինի Մենք մեր տղաներին ենք խոստացել․ պատրաստ ենք նրանց պես կռվել մեր հողի համար․ Զոհված զինվորի մայր՝ Ալիսա Գևորգյան Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Պատգամավոր Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը Տավուշեցիների պահանջը պետք է ստանա մասշտաբային բնույթ Այս շարժումը դուրս է եկել տեղային սահմաններից և ՀՀ տարբեր տեղերից մարդիկ եկել են Տավուշ՝ իրենց հող ու ջրին տեր կանգնելու. Գառնիկ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am