Աշխարհը սպասում է ամռան հարձակմանը

Հակահարձակումը կարող է սկսվել արդեն այս ամառ

Ուկրաինական բանակի հակահարձակումը կարող է սկսվել արդեն այս ամառ, հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիհալը (Շմիգալ) Վաշինգտոն այցի կապակցությամբ The Hill-ին տված հարցազրույցում: Շմիհալը Վաշինգտոն է ժամանել երեկ։

«Մեր բոլոր ընկերներն ու գործընկերները հստակ հասկանում են, որ հակահարձակման անցնելու համար պետք է 100 տոկոսով պատրաստ լինել դրան և նույնիսկ ավելին», - ըստ «Ազատության», ասել է նա։ Հարցին, թե ինչպես են ամերիկյան գաղտնի փաստաթղթերի վերջին արտահոսքերն ազդում հակահարձակման պլանավորման վրա, Շմիհալն արձագանքել է, թե Ուկրաինան ամեն դեպքում կազատի իր տարածքները։ «Մենք բազմիցս ապացուցել ենք, որ կարող ենք դա անել: Մենք մեր գործընկերներից ամբողջ աշխարհում […] խնդրում ենք տանկեր, զինամթերք, ինքնաթիռներ և զրահատեխնիկա», - նշել է նա:

CNN. «Գաղտնի փաստաթղթերի արտահոսքից հետո Ուկրաինան փոխել է հակահարձակման պլանը»

«Պենտագոնից հույժ գաղտնի փաստաթղթերի արտահոսքից հետո Ուկրաինան ստիպված է եղել մասնակիորեն փոխել լայնորեն գովազդվող հակահարձակման պլանը», - երեկ հաղորդեց CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Վլադիմիր Զելենսկուն մոտ կանգնած աղբյուրներից մեկը։ «Գաղտնի» և «Հույժ գաղտնի» մակագրություններով հարյուրավոր փաստաթղթերի արտահոսքը տեղի էր ունեցել անցած շաբաթավերջին, դրանք տեղադրվել էին Discord սոցիալական ցանցում։ Փաստաթղթերի զգալի մասը վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմին, ինչպես նաև Վաշինգտոնի և դաշնակից պետությունների հարաբերություններին։ «Ամերիկացի պաշտոնյաները վստահ են, որ գաղտնազերծված փաստաթղթերի մեծ մասը իրական են», - պնդում է Reuters գործակալությունը։

Օգոստոսի վերջին Կիևը կկարողանա ազատագրել Ղրիմը՝ պայմանով, ասում է ամերիկացի գեներալը

Ընթացիկ տարվա օգոստոսի վերջին ուկրաինական զորքերը կկարողանան ազատագրել Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմ թերակղզին՝ պայմանով, որ Արևմուտքը Կիևին կտրամադրի հեռահար ճշգրիտ զենք։ Ըստ «Ազատության», նման կարծիք է հայտնել Եվրոպայում ԱՄՆ ուժերի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը Deutsche Welle-ին տված հարցազրույցում։ «Կարծում եմ, որ Ուկրաինայի գլխավոր շտաբը շատ լավ նախապատրաստվել է հակահարձակման: Կարծում եմ, մենք կտեսնենք շատ պրոֆեսիոնալ հարձակողական գործողություններ, շատ արդյունավետ, և դրա նպատակը կլինի մեկուսացնել Ղրիմը և պայմաններ ստեղծել թերակղզու հնարավոր ազատման համար այս տարվա վերջին», - ասել է Հոջեսը։

Պատասխանելով DW-ի պարզաբանող հարցին, թե արդյոք նա այսօր էլ պնդում է իր նախկին կանխատեսումը, որ Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան Ղրիմ հասնել ամռանը, Եվրոպայում ԱՄՆ ուժերի նախկին հրամանատարը նշել է. - «Այո, բայց մինչև օգոստոսի վերջ։ Նրանք կկարողանան ազատագրել Ղրիմը, եթե, և ես միշտ այդ վերապահումն արել եմ, եթե մենք նրանց տրամադրենք հեռահար ճշգրիտ զենքեր, որոնք անհրաժեշտ են դա անելու համար, այո, նրանք, անշուշտ, կարող են դա անել»:

Հարցազրույցում ավելի վաղ գնահատելով Ռուսաստանի զինված ուժերի հարձակողական ներուժը՝ Բեն Հոջեսը պնդել է, թե զենքը, «որը Ռուսաստանը հիմա դուրս է բերում պահեստներից, շատ հին է՝ մոտ 65 տարեկան»։ «Ռուսաստանը հարձակման այլ հնարավորություններ չունի, նոր հարձակման անցնելու համար ռուսները զենք չունեն», - ընդգծել է ամերիկացի գեներալը, հավելելով, թե իր կարծիքով՝ ստեղծված պայմաններում Ռուսաստանի զինված ուժերն անցնելու են պաշտպանական դիրքի՝ փորձելով «պահել այն, ինչ ունեն»:

Ուկրաինական հակահարձակման ժամկետը չի հայտարարվել, պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը երեկ ասել է, թե Կիևը շտապելու կարիք չունի: «Ռուսաստանի «սողացող» հարձակումն ուկրաինական ճակատում գնալով ավելի է բարդանում, տապալվում են առնվազն Դոնեցկի և Լուգանսկի շրջանները գրավելու ծրագրերը, իսկ հսկայական կորուստները նվազեցնում են ռուսական բանակի ներուժը։

Այսօր ժամանակն Ուկրաինայի դաշնակիցն է, մենք հնարավորություն ունենք լավագույնս նախապատրաստվելու հակահարձակմանը», - ասել է Ռեզնիկովը լիտվական մեդիային տված հարցազրույցում:

Ուկրաինայի դաշնակիցները վերահաստատում են, որ ամեն կերպ նպաստելու են Ուկրաինայի հակահարձակման հաջողությանը

Լեհաստանի կողմից Leopard 2 տանկերի փոխանցումը Ուկրաինային
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները դեռ երկար են գործելու, Տուլայում 2 շաբաթ առաջ հայտարարեց Ռուսաստանի նախագահը։ «Մենք բոլորս հասկանում ենք, որ պատժամիջոցները, իհարկե, երկարաժամկետ են։ Մեզ անհրաժեշտ են երկրի ինքնիշխան զարգացման ռազմավարական նպատակներին ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ բարեփոխումներ», - ասել է Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի դեմ աննախադեպ կոշտ պատժամիջոցները Արևմուտքը սահմանել է Ուկրաիա ներխուժումից հետո։ Մոսկվան պարբերաբար կրկնում է, որ չնայած այդ պատժամիջոցներին, երկրի տնտեսությունը նորմալ զարգանում է, և Ռուսաստանը շարունակելու է այսպես կոչված հատուկ ռազմական օպերացիան Ուկրաինայում։

Մինչ այդ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տվյալներով, պատերազմի տասներեք ամիսներին ընթացքում Ուկրաինայում առնվազն 501 երեխա է մահացել։ Ընդ որում, խոսքը միայն ՄԱԿ-ի կողմից հաստատված զոհերի մասին է, իրական թվերը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի մեծ են։ Մինչդեռ պատերազմը շարունակվում է, և հայտնի չէ, թե դեռ քանի երեխայի կյանք կխլի։

Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը հաստատում է ռուսական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ «Վագներ» ռազմական մասնավոր ընկերությունը գրավել է Բախմուտի քաղաքապետարանը։

Նախօրեին տեսանյութ էր հրապարակվել, որում ավերված քաղաքապետարանի փլատակների վրա տեղադրված է ռուսական դրոշ։ Ամերիկացի փորձագետների տվյալներով, վարձկանները շարունակում են շարժվել դեպի քաղաքի կենտրոն և շուտով կփորձեն իրենց վերահսկողության տակ վերցնել քաղաքի կենտրոնն ու արևմտյան հատվածը, որտեղ այժմ գտնվում են ուկրաինացի զինվորականների դիրքերը։
Դոնբասում կատաղի մարտերին զուգահեռ, ուկրաինական կողմը պատրաստվում է հակահարձակման, իսկ Ուկրաինայի դաշնակիցները շարունակում են պնդել, թե ամեն ինչ անելու են, որ այդ հակահարձակումը հաջողված լինի։

ՆԱՏՕ-ի դաշնակիցները ուզում են, որ ուկրաինական զորքերը հետ շպրտեն նախագահ Պուտինի զինվորներին. Ստոլտենբերգ

«Ազատության» ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի դաշնակիցները ուզում են, որ ուկրաինական զորքերը հետ շպրտեն նախագահ Պուտինի զինվորներին։ Միայն դա, նրա կարծիքով, կարող է պայմաններ ստեղծել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ապագա խաղաղ բանակցությունների համար։ Ստոլտնեբերգը շեշտել է, որ այն, թե երբ և ինչ պայմաններում կարող են սկսվել նման բանակցությունները, Կիևը պետք է որոշի, և ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի օգնել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է. - «Հիմնական մարտահրավերը, իհարկե, այն է, որ այս պատերազմն այժմ վերածվել է քայքայման պատերազմի: Սա նշանակում է, որ այժմ տեղի է ունենում նյութատեխնիկական ապահովման կռիվ, այսօր կարևոր է ապահովել զինամթերքի, զենքի մատակարարումը։ Մենք պետք է աջակցենք Ուկրաինային, քանի որ մեր անվտանգության շահերից է բխում ցույց տալ, որ նախագահ Պուտինը չի հաղթում Ուկրաինայում»։

Ստոլտենբերգը համոզված է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ուկրաինան հաջողության հասնի մարտի դաշտում, ինչը հաջողություն կբերի նաև բանակցությունների սեղանի շուրջ։ Իսկ հաջողությունը նաև կախված է լինելու զինամթերքից, որն Ուկրաինան այսօր ստանում է Արևմուտքից։

Միևնույն ժամանակ, Կիևը պնդում է, թե Ուկրաինայի անվտանգությունը լավագույնս պաշտպանված կլինի, եթե Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Այսօր Բրյուսելում կայացած Ուկրաինա - ՆԱՏՕ հանձնաժողովի նիստից հետո այս մասին կրկին հայտարարել է արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցությունը, սակայն, դեռ օրակարգում չէ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3688 անգամ
Լրահոս
Հենց հիմա թուրքը պլանավորում է մեր չլինելու ծրագիրը, ես հաշտ չեմ․ ակցիա՝ Կառավարության դիմաց Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»-ի ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին Դանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետ Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութ ԵՄ-ն Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ հանդես կգա Էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է Մինչև Երևան դառնալու ենք թիրախ՝ թշնամու համար․ Ակցիա՝ Գյումրիում «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց «Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար Սպանություն՝ Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան Իրավիճակը Կիրանց տանող ճանապարհին Վաղը Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական հերթական նիստը կանցկացվի Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը, որը ունի համաձայնեցված փաստաթղթային տեսք, փաստացի Հայաստանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է. Վլադիմիր Մարտիրոսյան Ստեղծվել է «Made in Turan» տարբերանշանը. Ադրբեջանը դառնում է թուրանականության կենտրոն. Մհեր Աբրահամյան Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ ու մասնագիտություն․ ԳԹԿ-ն հորդորում է ակտիվ լինել Մակրոնը` Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորության մասին Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am