Թեհրանի սպառնալիքները Բաքվին. Ադրբեջանում նորից ընդհատակյա իրանական ցանց են «բացահայտել»

Շարիաթի օրենքներով պետություն ստեղծել ծրագրող խումբ են ձերբակալել

Ադրբեջանի ուժային կառույցները հայտարարում են երկրի տարածքում գործող հերթական իրանական ընդհատակյա գործակալական ցանցի բացահայտման մասին։ Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը, Ներքին գործերի նախարարությունն ու Գլխավոր դատախազությունը երեկ տարածած համատեղ հայտարարության մեջ պնդում են, որ վերջին օրերին երկրի տարբեր շրջաններում ձերբակալված անձանց նպատակը Ադրբեջանի տարածքում իսլամական կրոնապետության ստեղծումն էր։

Եթե հավատանք ադրբեջանցի ուժայինների այս հայտարարությանը, ապա նոր բացահայտված գործակալական ցանցը ղեկավարել են Իրանում բնակվող և այդ երկրի ուժային կառույցների հետ համագործակցող երկու ադրբեջանցիներ՝ Ռուֆուլա Ախունդզադեն և Բախտիյար Բայրամովը։ Դատելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հրապարակած տեսանյութից՝ նրանցից մեկը՝ Բախտիյար Բայրամովը, կրոնական գործիչ է։ Ըստ ադրբեջանցի ուժայինների, խմբի ղեկավարներին հաջողվել է հավաքագրել Լեռնային Ղարաբաղին անմիջականորեն սահմանակից Թարթարի շրջանի բնակիչ Արիֆ Ջումշուդովին, որն էլ իր հերթին իրանամետ խմբի կազմում է ընդգրկել ևս չորս հոգու։

«Ախունդզադեն ու Բայրամովն ինձ հանձնարարել են «դիմադրության խումբ» ստեղծել՝ Ադրբեջանի տարածքում զինված անկարգություններ կազմակերպելու, սահմանադրական կարգը բռնի ուժով փոխելու և շարիաթի օրենքներով կառավարվող «Քարիմա» կոչվող պետություն հիմնադրելու համար», - ըստ «Ազատության», իր խոստովանական ցուցմունքում նշել է Ջումշուդովը։

Ադրբեջանցի ուժայինները նաև հատվածներ են տարածել Ռուֆուլա Ախունդզադեի և Արիֆ Ջումշուդովի զրույցից, որում Ախունդզադեն խոսում է Ադրբեջանում իսլամական պետություն ստեղծելու, ինչպես նաև ինչ-որ զինյալների կամ ինչպես ինքն է ռուսերեն ձևակերպում՝ "боевик"-ների մասին։

Ադրբեջանի հատուկ ծառայությունները պնդում են, որ ևս մեկ իրանամետ խումբ են բացահայտել մայրաքաղաք Բաքվում։ Այս մեկի համակարգողները կրկին Բախտիյար Բայրամովն ու Ռուֆուլա Ախունդզադեն են։ Բաքվի և Թարթարի խմբերի ղեկավարներն, ըստ իրավապահների, համագործակցել են։

«Ռուֆուլան ինձ ծանոթացրել է Թարթարի շրջանի բնակիչ Արիֆ Ջումշուդովի հետ՝ հանձնարարելով համակարգել մեր գործողությունները», - Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տարածած տեսանյութում հայտարարում է որպես Բաքվի «դիմադրության խմբի» ղեկավար ներկայացվող Անար Իսաևը։

Հետաքրքրական է, այդուհանդերձ, որ թեև ադրբեջանցի ուժայինները հայտարարում են Ադրբեջանում սահմանադրական կարգը տապալել ծրագրող առնվազն երկու ընդհատակյա խմբերի բացահայտման մասին, այսօր հրապարակված 5-րոպեանոց տեսանյութում որևէ հիշատակում չկա ձերբակալվածներից առգրավված զենքերի մասին։

Ըստ պաշտոնական քարոզչության՝ բացահայտված ցանցի անդամներն առավելապես քարոզիչներ են եղել, որոնք, ըստ ադրբեջանական հատուկ ծառայությունների, «hավատացյալներ ձևանալով՝ սոցիալական ցանցերում և մարդկանց կուտակման վայրերում քարոզել են Իրանի և կրոնական ծայրահեղականության օգտին, կատարել են արտերկրից ստացված հանձնարարությունները, որոնց նպատակն էր Ադրբեջանում ձևավորված կրոնական հանդուրժողականության ավանդույթների խաթարումը»։

Դա, սակայն, այս խմբին ներկայացվող միակ մեղադրանքը չէ։ Իրավապահները պնդում են, թե Թեհրանի օգտին աշխատող Ադրբեջանի այս քաղաքացիներից խուզարկությունների ընթացքում մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավվել, որը նրանք ստացել էին Իրանից՝ իրենց գործունեությունը ֆինանսավորելու նպատակով։ Հարկավոր է հաշվի առնել, որ վերջին օրերին Ադրբեջանի տարածքում լայն թափ ստացած՝ շիա հավատացյալների ձերբակալությունների ընթացքում թմրանյութեր տարածելու մեղադրանքը գրեթե համատարած բնույթ է կրում։ Ադրբեջանցի մի շարք իրավապաշտպանների և փաստաբանների համոզմամբ՝ այդ մեղադրանքը հիմնականում շինծու է։

«Ձերբակալում են [Իրանի օգտին] լրտեսության մեջ կասկածվող հավատացյալներին, բայց թմրանյութեր տարածելու մեղադրանք են ներկայացնում», - տարակուսում է իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովը։ Իրանամետ հերթական ցանցի բացահայտման մասին ադրբեջանական հատուկ ծառայությունները հայտարարեցին Բաքվի և Թեհրանի հարաբերություններում առկա ճգնաժամի խորացմանը զուգահեռ։ Այդ ճգնաժամի ևս մեկ դրսևորումը դարձավ Իրանի խորհրդարանի կողմից նախօրեին ընդունված հայտարարությունը, որով իրանցի օրենսդիրները խստորեն դատապարտեցին Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը։ «Ադրբեջանը գործել է իսլամական աշխարհի շահերին հակառակ՝ դեսպանություն բացելով սիոնիստական վարչակազմի կենտրոնում և իր դեսպանին ներկայացնելով այդ կեղծ ռեժիմի ղեկավարներին», - հայտարարում էին Իրանի խորհրդարանի պատգամավորները՝ զգուշացնելով, որ այդ քայլը «Ադրբեջանի համար բազմաթիվ բացասական հետևանքներ կունենա, և աշխարհի մահմեդականներն այդ երկիրը որպես պաղեստինցիներին սպանող և կեղեքող սիոնիստական ռեժիմի հանցակից կընկալեն»։

Ըստ էության, Բաքուն առաջին անգամ բացահայտորեն հայտարարեց, որ իր նպատակներից մեկը երկրի տարածքում գործող շիա մզկիթներում իրանական ազդեցությունը զրոյացնելն է։ «Իրանը փորձում էր իր մարդկանց տեղավորել մեր մզկիթներում», - հայտարարել է Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքները համակարգող պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Ղուրբանլին։ Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով, սակայն, վերջին մի քանի տարիներին, այն բանից հետո, երբ մոլլաների նշանակումը Կովկասի մահմեդականների վարչությունից անցել է իր ղեկավարած կառույցին, իրանական ազդեցությունը մզկիթներում նվազել է։ «Մենք մզկիթներում 120 նոր մարդկանց ենք նշանակել, որոնք կրթությունը ստացել են Ադրբեջանում և ի վիճակի են արտահայտել մեր երկրի շահերը։118 կրոնական գործիչներ մզկիթներից հեռացվել են», - հայտարարել է Ղուրբանլին։

Կգնա՞ Ադրբեջանը լայնածավալ նոր ռազմական գործողությունների չի գնա, Իրանը հակամարտության մեջ ուղիղ կներգրավվի՞

Ըստ «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի զեկույցի՝ Ադրբեջանը Ղարաբաղում կամ Հայաստանի սահմաններին լայնածավալ նոր ռազմական գործողությունների չի գնա, քանի որ իր նպատակներին հասնում է փոքր քայերով, իսկ Իրանը, չնայած մտահոգված է առևտրային ուղիներ կորցնելու հեռանկարից, հակամարտության մեջ ուղիղ չի ներգրավվի։

Նման եզրակացությունների հանգելու համար «Ստրատֆորի» վերլուծաբանները, ըստ «Ազատության», մի շարք հանգամանքներ են նշում։ Առաջինը՝ նրանք նշում են բանակցային գործընթացի փաստացի դադարը։ Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները կանգ են առել, ավելի հավանական են դառնում Լեռնային Ղարաբաղում կամ հայ-ադրբեջանական ընդհանուր սահմանին բռնությունների բռնկումները, բայց «Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություն կամ հակամարտությանը Իրանի ուղիղ միջամտությունը մնում է քիչ հավանական», գտնում են վերլուծաբանները՝ գնահատելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման ռիսկերը։ Լեռնային Ղարաբաղի ներսում և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի գործողությունները և Երևանի զգուշացումները նրանք համարում են երկու երկրների միջև լարվածության աճի վերջին նշաններ, գտնելով, որ 2020-ին ձեռք բերված հրադադարի ռեժիմի ապահովումը կարծես չի գործում։

«Քանի դեռ բանակցությունները կանգ են առել, Ադրբեջանը ավելի հավանական է՝ կդիմի հրադադարի փոքր մասշտաբների խախտումների՝ Լեռնային Ղարաբաղում մարտավարական շահավետ դիրքեր գրավելու, կամ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով նմանատիպ գործողություններ կատարելու համար»,- գրում են «Ստրատֆորի» վերլուծաբանները։ «2020-ի նոյեմբերին կրակի դադարեցման համաձայնագիրը ստորագրելուց ի վեր Բաքուն բազմիցս կիրառել է այդ ռազմավարությունը՝ ստիպողաբար առաջ մղելով դիվանագիտական գործընթացը, միաժամանակ ցուցադրելով ու մեծացնելով իր ազդեցության լծակները։ Լայնածավալ ռազմական գործողություն Ղարաբաղում կամ Հայաստանի սահմանին Ադրբեջանը դժվար թե սկսի, որովհետև ավելի քիչ ծախսատար մեթոդները Բաքվին կարող են հնարավորություն տալ պահպանելու առաջընթացը իր նպատակներին հասնելու համար։

Ամեն անգամ, երբ ադրբեջանական ուժերը առաջընթաց են ունենում, դա բարելավում է նրանց մարտավարական դիրքերը, նույնիսկ եթե տարածքային այդ առաջխաղացումը մի քանի մետր է։ Այդ մանովրները նաև մեծացնում են Ադրբեջանի կառավարության բանակցային դիրքերը»,- նշում են «Ստրատֆորի» վերլուծաբանները։ Նրանց գնահատմամբ՝ մեծ տարածքներ գրավելու համեմատ այդ ռազմավարությունը Ադրբեջանին թույլ է տալիս շարունակելու ամրապնդել իր դիրքերն ու նպատակներին հասնելու քայլերը առանց Հայաստանի հետ լայնածավալ պատերազմի մեջ մտնելու և առանց միջազգային հանրության կողմից դատապարտվելու, հավական է նաև պատժամիջոցների տակ ընկնելու ռիսկերի։ «Այսպիսով, Բաքուն քիչ մղումներ ունի պատերազմական գործողություններով Լեռնային Ղարաբաղում մնացած տարածքների մեծ մասը կամ ամբողջությամբ գրավելու, կամ Հայաստանի հարավում որոշ շրջաններ գրավելու համար։ Ավելին, Ադրբեջանը քիչ է շահագրգռված անհարկի վտանգի ենթարկել խաղաղության համաձայնագիրը, որը հավանաբար մեծապես իր օգտին կլինի»,- նշված է «Ստրատֆորի» զեկույցում։

Վերլուծական կենտրոնի փորձագետները ևս մեկ հանգամանք են նշում։ Չնայած Հայաստանը ջանքեր է գործադրում ընթացիկ նորմալացման գործընթացի միջոցով բարելավելու հարաբերությունները, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, նույնիսկ Թուրքիայի հետ, այնուամենայնիվ շատ քիչ հավանականություն կա, որ Երևանը կարողանա հասնել մի այնպիսի արտաքին գործընկերության, որը լրջորեն խանգարի Ադրբեջանին հասնելու իր նպատակներին։

Սա ևս մեկ հանգամանք է համարվում, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղ կամ Հայաստան լայնածավալ ներխուժման հրատապ անհրաժեշտություն չի տեսնում։
«Ստրատֆորը» գտնում է, որ Թեհրանը կշարունակի Ադրբեջանին զսպելու գործողությունները՝ պահպանելով երկու երկրների միջև առանց այդ էլ բարձր լարվածությունը։ «Ադրբեջանի կողմից 2020 թվականի հրադադարի շարունակաբար խախտումները, զուգորդված Ուկրաինայում ռուսական բանակի անհաջողությունների հետ, խաթարել են ինչպես ռուս խաղաղապահների հեղինակությունը Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Ադրբեջանի ոտնձգություններից Հայաստանին պաշտպանելու Ռուսաստանի հանձնառության հանդեպ վստահությունը։ Սա անհանգստացրել է հարևան Իրանին, որովհետև Հայաստանի հարավ Ադրբեջանի ներխուժումը կարող է արգելափակել Սև ծովի հետ Իրանին կապող առևտրային ուղիները»,- գրում են փորձագետները՝ նշելով նաև, որ Իրանը ակտիվացրել է Ադրբեջանին սպառնալու փորձերը, հուսալով նրան հետ պահել Հայաստանի հարավի վրա հարձակվելուց։
Սակայն, նրանք քիչ հավանական են համարում հակամարտությանը Իրանի ուղիղ միջամտությունը՝ հաշվի առնելով դրա ներքաղաքական հետևանքները Իրանի ռեժիմի վրա, ինչպես նաև հնարավոր պատերազմը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1960 անգամ
Լրահոս
Հենց հիմա թուրքը պլանավորում է մեր չլինելու ծրագիրը, ես հաշտ չեմ․ ակցիա՝ Կառավարության դիմաց Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»-ի ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին Դանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետ Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութ ԵՄ-ն Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ հանդես կգա Էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է Մինչև Երևան դառնալու ենք թիրախ՝ թշնամու համար․ Ակցիա՝ Գյումրիում «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց «Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար Սպանություն՝ Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան Իրավիճակը Կիրանց տանող ճանապարհին Վաղը Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական հերթական նիստը կանցկացվի Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը, որը ունի համաձայնեցված փաստաթղթային տեսք, փաստացի Հայաստանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է. Վլադիմիր Մարտիրոսյան Ստեղծվել է «Made in Turan» տարբերանշանը. Ադրբեջանը դառնում է թուրանականության կենտրոն. Մհեր Աբրահամյան Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ ու մասնագիտություն․ ԳԹԿ-ն հորդորում է ակտիվ լինել Մակրոնը` Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորության մասին Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am