«Մամ ջան, հիմա իմ տունը դիրքերում է»․ 20-ամյա Էդուարդ Սիանոսյանը զոհվել է Ջերմուկի դիրքերում

Սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանական մարտերում հերոսաբար զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող 20-ամյա Էդուարդ Սիանոսյանը։

Էդուարդը Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղից էր, ընտանիքի միակ որդին, իրենից մեծ մեկ քույր ունի։ Էդուարդի քույրը՝ Լիանա Սիանոսյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ եղբայրը զորակոչվել էր 2021 թվականի մարտի 11-ին, 6 ամսից պետք է տուն գար։

«Եղբայրս սկզբում ծառայել է Ճամբարակում, այնուհետև տեղափոխվել էր Ջերմուկ։ Ինքը շատ էր սիրում ծառայությունը, դեռ փոքրուց տրամադրված էր, որ պետք է գնա՝ հայրենիքը պաշտպանի․․․

Հայրս 1995 թվականին, երբ ժամկետային զինծառայող է եղել, Տավուշում հակառակորդի կրակոցից գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել, համարել են, որ մահացած է, բայց ինքը վերակենդանացել էր։ Մենք պապայի ծնունդը 2 անգամ ենք նշում, մեր մեջ սերմանվել է հայրենասիրությունը, հայրենիքի նկատմամբ վեհ զգացողությունը․․․»։

Լիանան նաև պատմեց, որ 2020 թվականի մարտի 10-ին՝ Երասխի դիրքերը պաշտպանելիս, թշնամու կրակոցից հորեղբոր տղան էր զոհվել՝ պայմանագրային զինծառայող Զոհրաբ Սիանոսյանը, իսկ մահվան տարելիցը լրանալու հաջորդ օրը Էդուարդը մեկնեց ծառայության․

«Այդ դեպքից հետո հատկապես, որ իր մոտ տեսակցության էինք գնում կամ ինքն էր արձակուրդ գալիս, զգում էինք, թե ինչքան էր հայրենիքի հանդեպ նրա սերը բազմապատկվել։ Վերջին արձակուրդի ժամանակ, որ արդեն պետք է զորամաս գնար, արագ-արագ հագնվում էր, մայրս ասաց՝ Էդո ջան, ինչի՞ ես վռազում, պատասխանեց՝ մամ ջան, շուտ հագնվեմ՝ գնամ տուն։ Մաման ասաց՝ քո տունը սա է, պատասխանեց՝ հիմա իմ տունը դիրքերում է, մամ ջան։ Վերջին արձակուրդը մայիսի 6-ին էր։

Վերջին շրջանում անընդհատ ասում էր՝ որ գամ, էսպես կանեմ, որ գամ․․․ Անընդհատ շեշտում էր, հարցնում էինք՝ խի՞, ոչ մի բան չէր ասում։ Առհասարակ ծառայության վերաբերյալ որևէ բան չէր ասում, որ հարց էինք տալիս, ասում էր՝ չգիտե՞ք, որ դա ռազմական գաղտնիք է»։

Լիանան ասաց, որ եղբայրն Արտաշատի քոլեջն էր ավարտել, որոշել էր զորացրվելուց հետո ճարտարապետ-դիզայների մասնագիտություն ձեռք բերել, այլ նպատակներ էլ ուներ, որոնց մասին կիսվել էր քրոջ հետ․

«Մեծ նպատակ ուներ, անընդհատ ասում էր՝ քուրիկ, որ գամ, ուզում եմ մի հատ լավ «07» մակնիշի ավտոմեքենա առնեմ։ Ամուսնանալու հետ կապված, որ հարցեր էի տալիս, ասում էր՝ որ ամուսնանամ, որոշել եմ՝ 5 հատ տղա ունենամ, հարցնում էի՝ խի՞, ասում էր՝ էդպես եմ ուզում․․․»։

Պատերազմը սկսվելուց 20 րոպե առաջ Էդուարդը խոսել էր հորեղբոր 18-ամյա թոռան հետ, որը 2 ամիս առաջ է մեկնել ծառայության՝ Վարդենիս․

«Էդոն ասել է՝ ինձ մնացել է 160 օր, որ զորացրվեմ, անպայման գալու եմ քեզ տեսնեմ»։

Զոհված զինծառայողի քույրը պատմեց, որ հաշվում էր եղբոր ծառայության անցած օրերն ու ջնջում․

«Ես ծրագիր ունեի, որ օրերը ցույց էր տալիս, Էդոն ասաց՝ ջնջի, չեմ ուզում, որ դու հաշվես, թե ինձ քանի օր է մնացել, էդպես դժվար կլինի քո համար։ Մտածում էի՝ ինքն էլ չի հաշվի, փաստորեն հաշվել է»։

Էդուարդը զոհվել է հենց սեպտեմբերի 13-ին, բայց ընտանիքի անդամները 16 օր շարունակ փնտրել ու չեն գտել նրա մարմինը։

«Սկզբում մի տեսանյութ գտանք, մտածեցինք, թե ինքն է, բայց սխալվել էինք․․․ Մայրիկս ու հայրիկս ԴՆԹ անալիզ հանձնեցին, ամսի 29-ին զանգ ստացանք, պարզվեց, որ եղբայրս հենց սեպտեմբերի 13-ին զոհվել է։ Հետո իմացանք, որ սեպտեմբերի 13-ին 00։15-ին իր ծառայակից մտերիմ ընկերոջ հետ է կապ ունեցել, որն այդ պահին ներքևի պոստում է եղել, նա ևս զոհվել է․ երկուսի կապն ընդհատվել է, ու ոնց հասկացանք՝ եղբայրս փորձել է իջնել իր ընկերոջն օգնության ու զոհվել է․․․

Ամսի 12-ին՝ կռիվը սկսվելու նախօրեին, զանգեց, ինչ-որ պարագաներ, մրգեր ուզեց, երբեք այդքան շատ բան չէր ուզել, հատկապես, որ դրանից 10 օր առաջ այդ նույն բաներից ուղարկել էինք։ Ամբողջ պարագաները ամսի 12-ին առել էինք, դրել սեղանին, որ դասավորեինք ու առավոտյան ուղարկեինք իրեն, բայց այդպես մնաց սեղանին․․․»։

Լիանան ասաց, որ եղբոր մարմինը եղել է Ադրբեջանի փոխանցած 95 մարմինների մեջ․

«Մեզ ոչ մի իր չի փոխանցվել եղբորիցս, ամեն ինչ հանված է եղել տղաների գրպաններից, անգամ հագուստի վրայի կոչումները, նշանները, բոլորը պոկված են եղել, այնպես են արել, որ չճանաչեն։

Էդուարդ Սիանոսյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր՝ Փոքր Վեդիի գերեզմանատանը։

դիտվել է 519 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզումանյանի գործով «Եթե մնա Նիկոլը…» ԱՄՆ-ն 2020-2023թթ. Վրաստանում փորձել է պետական հեղաշրջում կազմակերպել. Իրակլի Կոբախիձե Վրաստանի նախագահը վետո դրեց «օֆշորների մասին» օրենքի վրա Ռուսաստանը չի ոչնչացնի Հայաստանը, Հայաստանն է ոչնչացնում ինքն իրեն Ուիլյամ Սքոթ Ռիթթեր ՔՊ-ի սրտի դատավորը դարձավ ԲԴԽ դատավոր անդամ Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն Դատախազությունն իր տեղում չի գտնվում. Մենուա Սողոմոնյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան Պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին. Զախարովա Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. Աբրահամյան «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման Թաթոյան Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է ... Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ․ Սուրեն Պետրոսյան Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am