Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ օկուպացրել է Արցախում գտնվող հերթական բարձրունքը/լուսանկար/

Հրապարակը գրում է. Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ օկուպացրել է Արցախում գտնվող հերթական բարձրունքը:
Ըստ Բաքվի ՊՆ-ի իրենց հսկողության տակ է անցել Սառցասար (Բուզդուխ) լեռը և հարակից բարձրունքները. «Մեր ստորաբաժանումները տեղում դիրքերը ճշտելու միջոցառումների արդյունքում վերահսկողության տակ են վերցրել Բուզդուխ լեռը և նրան հարող բարձունքները»։
Արցախում վերջին սրացումից հետո՝ օգոստոսի 4-ին, ռուս խաղաղապահների կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ Ադրբեջանը հրադադարը խախտել է նաև Բուզդուխ լեռան հատվածում։
Ադրբեջանական տելեգրամ ալիքների տարածած տեսանյութերից երևում է, որ այդ բարձրունքի հատվածում են գտնվել նաև ռուս խաղաղապահներ։
Հայկական կողմից այս մասին դեռևս որևէ արձագանք չկա։
Սառցասարը (Բուզդուխը) գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում։ Այն լեռնաշղթաի տեսք ունի, որի ամենաբարձր կետը 2374 մետր է։ Այն Մռովի լեռնաշղթայի մաս է կազմում ու գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի Չարեքտար գյուղի և Դադիվանք վանական համալիրի հատվածում։
Հ.Գ. Նկարներում բաց աղբյուրներից առկա տեղեկատվության ու լուսանկարների հիման վրա կատարված ուսումնասիրությամբ Սառցասար (Բուզդուխ) բարձրունքի մոտավոր տեղն է քարտեզի վրա։