«Վա, տո՜...»՝ սկանդալային մի չհերքված լուր. Վրաստանում հայկական բեռնատարների վրա կրակե՞լ են

«Ոչ ֆորմալ» մի հանդիպում՝ անհայտ արդյունքներով

Դեկտեմբերի 22-ին անսպասելիորեն վրացական աղբյուրները հաղորդեցին, որ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը «ոչ ֆորմալ» այցով Վրաստանում է գտնվում: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նախ տեղեկացրեց, որ երկրի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին Ծինանդալիում հյուրընկալել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին:

Վրացական կողմն անմիջապես շտապեց հաղորդել, որ հանդիպումը ճանաչողական բնույթ է կրում. «Ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում Վրաստանի և Հայաստանի ԱԳ նախարարները քննարկում են երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները, երկրների միջև առկա համագործակցության օրակարգն ու հարաբերությունների էլ ավելի խորացման հեռանկարները»: Ժամեր անց արդեն ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց. «Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան։ Ծինանդալում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ»:

«Հայաստանին ու Վրաստանին, հայ և վրաց ժողովուրդներին միավորում են դարերի խորքից եկող բարիդրացիական կապերը, մեր պատմությունը հարուստ է դարավոր բարեկամության վկայությունը հանդիսացող բազմաթիվ դրվագներով»։ Այդ ոգին իր ցայտուն արտահայտումը գտավ նախարար Այվազյանի` իր վրաց գործընկերոջ Զալկալիանիին մատուցած հուշանվերի` «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկարի խորհրդի մեջ:

Շաբաթ օրն արդեն պաշտոնապես ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն տարածեց Այվազյանի այցի և Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ հանդիպման մասին։ «Արտգործնախարարները հանգամանալից քննարկում ունեցան Հայաստանի և Վրաստանի միջև առկա բազմաոլորտ օրակարգի շուրջ։ Նախարարները կարևորեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում հայ-վրացական բարեկամական փոխգործակցության խորացումը՝ այս համատեքստում ընդգծելով տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շարունակականությունը՝ որպես փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցության ընդլայնման կարևորագույն հարթակ: Անդրադարձ կատարվեց նաև ապակենտրոնացված համագործակցության խթանմանը` որպես երկկողմ օրակարգի զարգացման և հարստացման կարևոր հեռանկարային ուղղություն»:

Նախարարներ Այվազյանը և Զալկալիանին, ըստ հաղորդագրության՝ անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերի: Նշել են, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար:

Փաշինյանն ի՞նչ «քար» է ավելացրել հայ-վրացական հարաբերությունների վրա

Ի՞նչ մակարդակում էին հայ-վրացական հարաբերությունները Փաշինյանի օրոք հասցվել՝ դրա ականատեսը հայ ժողովուրդը տեսավ պատերազմի օրերին, երբ տարբեր աղբյուրներ հայտնում էին, թե վրացական կողմը փակել է օդը, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին թույլ չի տալու իր տարածքով զենք տեղափոխել, բայց, այնուամենայնիվ, Վրաստանով ադրբեջանական կողմին զենքի մատակարարման համառ տեղեկություններ շրջանառվում էին մեկընդմեջ:

Իհարկե, Թբիլիսին հիմա հավաստիացնում է, թե «չեզոքություն է պահպանել»...

Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան դեկտեմբերի վերջին հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների արդյունքում տարածաշրջանում խաղացողների թիվն աճել է, և ստեղծված իրավիճակում երկրի շահերից է բխում տարածաշրջանում ամրապնդել իր ռազմավարական գործընկերների ներկայությունը: «Անհրաժեշտ է շատ զգույշ լինել այսօր տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին խոսելիս և այն գնահատելիս, քանի որ, ցավոք, տեղի ունեցածի վերջնական արդյունքները ոչ մեկի համար պարզ չեն: Ժամանակ է հարկավոր, որպեսզի մենք տեսնենք այդ փոփոխությունների ուրվագծերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի Վրաստանը դիրքավորվի այդ փոփոխությունների ֆոնին: Այնուամենայնիվ, միանշանակ պարզ է, որ տարածաշրջանում Վրաստանի անվտանգության և շահերի ամրապնդման տեսանկյունից մենք պետք է ամեն ինչ անենք տարածաշրջանում մեր ռազմավարական գործընկերների ներկայությունն ամրապնդելու համար: Վերջին զարգացման արդյունքն այն է, որ տարածաշրջանում խաղացողների թիվն աճել է: Այսօր մեզ համար ամենահստակ և հաջորդ տրամաբանական քայլը պետք է լինի մեր ռազմավարական գործընկերների ներկայությունը տարածաշրջանում առավելագույնի հասցնելը»,-ասել է Գախարիան: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացման հետ կապված Վրաստանը «կարողացել է չեզոքություն պահպանել, ինչը թույլ է տվել բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ»:

Առհասարակ, ի՞նչ ավելացրեց հայ-վրացական հարաբերություններին Փաշինյանը, բացի մի քանի ցուցադրական այցերին, ֆոտոսեսիաներին ու սելֆիներին՝ վրաց իշխանությունների հետ:

Մենք նույնիսկ կարող ենք հարց բարձրացնել՝ հարաբերությունների այն մակարդակը, որը գոյություն ուներ Սերժ Սարգսյանի օրոք, պահպանվե՞լ է, թե՞ ավելի է վատացել:

Սկանդալային գործարքի մասին լուրը չհերքվեց

Ի դեպ, հիշեցնենք, որ վերջերս, համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե իբր Փաշինյանը վրաստանյան իր այցի ժամանակ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային սկանդալային մի գործարք է առաջարկել:

Մասնավորապես փաստաբան Տիգրան Աթանեսյանը անցյալ ամիս ֆեյսբուքյան իր էջում գրել էր. Ոչ ոքու չի՞ հետաքրքրում, թե ինչու են զրոյացվել հայ-վրացական հարաբերությունները, այն էլ արդեն մեկ տարուց ավել: Չնայած, լուրերը այդ պատճառների մասին մամուլում շրջանառվել են, բայց ուզում եմ հիշեցնել»: Նա հիշեցրել էր անցյալ տարի Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ Փաշինյանի հանդիպումը Վրաստանում, որի ընթացքում Վրաստանի վարչապետ շան ձագ էլ նվիրել Փաշինյանին: Ըստ Տիգրան Աթանեսյանի՝ հենց այդ հանդիպման ընթացքում, որը ոչ ֆորմալ բնույթ, Փաշինյանը Վրաստանի վարչապետին առաջարկում է հետևյալը: «...Ասումա, արի Վրաստանի տարածքով Ռուսաստան iQos ու ծխախոտ արտահանենք, բայց հայկական կողմում ձևակերպենք որպես товары народного потребления (դե որ հարկեր չվճարվեն ԵԱՏՄ տարածքում), դու էլ այնպես արա, որ վրացական մաքսատունը չտենալու տա, դրա դիմաց քո փայը կտանք: Էս հիմար առաջարկին Գախարիան հարցա տալի՝ թե բա Նիկոլ, դա քեզ անձամբա՞ պետք: Ազգադավը՝ թե բա հա. Գախարիան՝ չէ, չեմ կարող օգնել: Հանդիպումից հետո իր մերձավոր շրջապատում Գախարիան ասումա՝ это конченный придурок, армяне совсем с ума сошли», գրել էր Աթանեսյանը:

Հայաստանի հարևան երկրի վարչապետին արված նման առաջարկի մասին տեղեկությունները, կարծես, չհերքեցին ՀՀ իշխանությունները: Չնայած, եթե հերքեին էլ՝ ո՞վ էր հավատալու հերքման արդարացիությանը...

Այնպես որ, կարելի է պատկերացնել, թե ինչ համբավ ունի մեր երկրի վարչապետը, օրինակ, հարևան Վրաստանի իշխանական վերնախավի մոտ:

Իսկ ի՞նչ արդյունքներ է գրանցել մեր երկրի ԱԳ նախարար Այվազյանն իր «ոչ ֆորմալ» հանդիպմամբ՝ վրաց գործընկերոջ հետ: Օրինակ, հունվարի առաջին տասնօրյակում մի խիստ անհանգստացնող տեղեկություն տարածվեց այն մասին, թե Վրաստանի «Մառնեուլի շրջանի ադրբեջանական գյուղերով անցնելիս կրակել են հայկական բեռնատարների վրա»։ Այս տեղեկության վրա առանձնապես, կարծես, չծանրացան, հավանաբար՝ նպատակ ունենալով տեղի ունեցածը արագ հարթել, որը խիստ բացասական բիծ է թողնում Վրաստանի վարկանիշի վրա, որը հպարտանում է ազգային փոքրամասնությունների խաղաղ ու համերաշխ ապրելու իր յուրօրինակությամբ:

Առայժմ Հայաստանի ու Վրաստանի միջև ցամաքային սահմանը փակ է, բայց գարնանը կամ ամռանը, եթե սահմանը բացվեց, այսպե՞ս են դիմավորելու հայերին Վրաստանի տարածքում: Հայաստանի իշխանությունները Վրաստանի իշխանությունների հետ ունա՞կ են բանակցել, երաշխիքներ պահանջել, և որ ավելի կարևոր է՝ կատարված միջադեպի հետքերով համապատասխան քայլեր՝ իրավական մակարդակում խնդրի լուծում, որպեսզի նման «միջադեպեր» այլևս չկրկնվեն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 22463 անգամ
Լրահոս
Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am