Դեռ մի հարվածից ուշքի չեկած՝ հաջորդում է մեկ ուրիշը
Դեռ մի հարվածից ուշքի չեկած՝ հաջորդում է մեկ ուրիշը։ Չկա այլևս իմ բարի, համեստ, զգայուն գիտնական ընկերը՝ Սարգիս Մխիթարյանը։ Ու չեմ հասկանում, ու չգիտեմ արդեն՝ որին դիմադրենք, որին դիմանանք։ Բանաստեղծությունների վերջին գիրքը ձեռագիր ինձ էր տվել՝ կարդալու, կարծիք հայտնելու։ Չեղավ, չստացվեց։ Համավարակ կար, ուշ-ուշ էինք տեսնվում, եղավ պատերազմ։ Չդիմացավ, զգայուն սիրտ էր՝ չդիմացավ։ Դեռ ինչքա՜ն ծրագրեր կային, ի՜նչ գրքեր պիտի գրվեին, որ չգրվեցին ու... չեն գրվելու։ Տե՛ր, ինչքա՛ն կարող է դիմանալ արարածիդ սիրտը, քանի՞ այսպիսի հարվածների։ Մի՞թե ամեն օր չենք խնդրում՝ «Մի՛ տար մեզ ի փորձութիւն»։ Իմ գիտնական- բանաստեղծ Սարգիս Մխիթարյանը, երբ մի քիչ նեղվում էր առօրյայից, երբ մի քիչ հոգնած էր լինում, Տե՛ր, հիշում էր իր նախորդ մեծերից մեկի՝ Ֆրիկի ցավոտ տողերը.
«Գիտես, մարմին եմք մըսեղի,
Գէմ արձան չեմք ինչ երկաթի»։
Խաղաղություն անհանգիստ հոգուդ, իմ համեստ ու բարի ընկեր, լույսերի մեջ հանգստություն քո անբիծ հոգուն։
Սերժ Սրապիոնյանի գրառումը