Արտակարգ դեպք Արարատի մարզում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
Երեկ՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Սարուխանյանը՝ վարելով Dodge Caliber մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Տիգրանաշենի ոլորաններում, ընթացքի ժամանակ, անհայտ հանգամանքներում ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրդեհի հետևանքով կրակը տարածվել է ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող չոր խոտածածկի վրա:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը և խոտածածկ հատվածի հրդեհը:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն Ա. Սարուխանյանին պատճառվել է մոտ 2 մլն 500 հազ. դրամի վնաս: