Վահագն Հովակիմյանը ստում է. դրամահավաքի նախապես հայտարարված նպատակը եղել է «Այո»-ի քարոզարշավի ֆինանսավորումը

 antifake.am-ը գրում է . Երեկ՝ փետրվարի 26-ին, ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ»-ի քարոզչական կողմի ներկայացուցիչները հայտարարությամբ հանդես եկան, որում մասնավորապես առաջարկում էին, որ իշխող ուժի ներկայացուցիչները փետրվարի 25-ին տեղի ունեցած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքված գումարի՝ օրենսդրությամբ նախատեսված հանրաքվեի հիմնադրամի թույլատրելի շեմը գերազանցող մասը փոխանցեն պետական բյուջե՝ հաշվի առնելով այն, որ դրամահավաքի՝ նախապես հայտարարված նպատակը եղել է «Այո»-ի քարոզարշավի ֆինանսավորումը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր.

«Օրեր շարունակ քաղաքական իշխանության ներկայացուցիչները հրապարակավ հայտարարում էին, որ փետրվարի 25-ին իրենց կազմակերպած դրամահավաքի նպատակը հանրաքվեի քարոզարշավի ֆինանսավորումն է։ Նույն նպատակը նշված է նաև գործարարներին ուղարկված հրավիրատոմսերում։ Հարկ է ընդգծել, որ համաձայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի՝ քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով կարող է ստեղծվել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության մեկական հիմնադրամ։ Իսկ նույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն ՀՀ դրամը․ այդ չափը գերազանցող մուծումները պետք է փոխանցվեն պետական բյուջե։

Այնուհանդերձ, փետրվարի 25-ի դրամահավաքի մեկնարկից որոշ ժամանակ անց վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացնում է դրամահավաքի՝ նախապես հայտարարածից տարբերվող նպատակ՝ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԸՆԹԱՑԻԿ կարիքների ապահովումը»՝ ավելացնելով, որ «նվիրատվության ՈՐՈՇ ՄԱՍՆ ուղղվելու է «Այո՛» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը»։ Ամենայն հավանականությամբ, հանգանակության նպատակի այս փոփոխությունը կատարվել է 100 միլիոն դրամ սահմանաչափի մասին հստակ օրենսդրական պահանջը շրջանցելու նպատակով, քանի որ քաղաքական իշխանության ներկայացուցիչների պնդմամբ՝ փետրվարի 25-ին կազմակերպած դրամահավաքին հանգանակվել է շուրջ 205 միլիոն դրամ։

Վերոգրյալի հիման վրա քաղաքական իշխանության ներկայացուցիչներին առաջարկում ենք պահպանել հանրության առջև ստանձնած հանձնառությունը և հանրաքվեն կարգավորող օրենսդրության տրամաբանությունը՝ ապահովելով օրենքով սահմանված 100 միլիոն ՀՀ դրամը գերազանցող հանգանակության գումարի (շուրջ 105 միլիոն դրամ) փոխանցումը ՀՀ պետական բյուջե»։

Ի պատասխան՝ «Ոչ»-ի քարոզարշավի կողմի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ դրամահավաքից առաջ, ընթացքում և հետո հայտարարվել է, որ դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքված գումարները ծախսվելու են կուսակցության ընթացիկ կարիքների և «Այո»-ի քարոզչությունը կազմակերպելու համար։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ ԿԱՄ ՁՎԻ ՄԵՋ ՄԱԶ ՓՆՏՐԵԼՈՒ ՆՈՒՐԲ ԱՐՀԵՍՏԸ

Այսպես, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փետրվարի 25-ին կազմակերպել էր դրամահավաք, որի ընթացքում հավաքված գումարը պետք է ծախսվի կուսակցության ընթացիկ կարիքների և ԱՅՈ-ի քարոզչությունը կազմակերպելու համար:

Այս մասին բազմիցս հայտարարվել է, այդ թվում դրամահավաքի ընթացքում պաշտոնապես: Այս գործընթացն կազմակերպվել և իրականացվել է ՀՀ օրենսդրության տառին համապատասխան: Թվում է ամեն ինչ առավել քան պարզ է. կուսակցությունը կազմակերպել է դրամահավաք՝ պոտենցիալ նվիրատուներին տեղեկացնելով, թե ինչ նպատակով է պատրաստվում գումարները ծախսել: Բայց ոչ, որոշ դեպքերում միևնույն է կան մարդիկ, որոնք համառորեն փորձում են ձվի մեջ մազ գտնել, նույնիսկ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ են տարածում:

Հատուկ ձվի մեջ մազ փնտրողների համար, կուսակցություններին նվիրատվություններ կատարելու գործընթացը կարգավորվում է Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքով (24-րդ հոդված): Գումարի նպատակային՝ այն է 2020 թ. ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզչության նպատակով գումարների ծախսումը կարգավորվում է Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքով: Մասնավորապես, 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ հանրաքվեի քարոզչական կողմերի հիմնադրամների մուծումների չափը 100 մլն դրամը չի կարող գերազանցել: Ավելի պարզ, եթե ներկայացնեմ. փետրվարի 25-ի դրամահավաքի ընթացքում հավաքված 205 մլն դրամից հանրաքվեի քարոզչության համար կարող է ծախսվել մինչև 100 մլն դրամ: Մնացած գումարը դրամահավաքի կազմակերպիչը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարող է ծախսել իր ընթացիկ կարիքների համար, ինչպես հայտարարվել է դամահավաքից առաջ, ընթացքում և հետո:

Իհարկե, առանձին անձինք կարող են յուրովի ընկալել և մեկնաբանել բոլորի աչքի առաջ տեղի ունեցած գործընթացը, դա իրենց իրավունքն է: Ավելին, նրանցից ոմանք եղելությունը յուրովի՝ իրականության հետ կապ չունեցող ձևով ներկայացնելու բազմամյա փորձ ունեն: Կրկին իրենց իրավունքն է, ոչ ոք զրկված չէ ստեղծագործելու իրավունքից: Պարզապես կարիք չկա սեփական հորինվածքն իբրև իրողություն ներկայացնել»:

AntiFake.am-ը պարզել է, թե արդյո՞ք, ինչպես Հովակիմյանն է նշում, դրամահավաք-երեկոյի կազմակերպման նպատակների մեջ սահմանվել է, որ հավաքված գումարները ծախսվելու են նաև կուսակցության ընթացիկ կարիքների համար, թե՞ ոչ։

Այսպես, փետրվարի 19-ին News.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանն ասել է, որ մոտ օրերս «Այո»-ի նախընտրական շտաբը ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ դրամահավաք կկազմակերպի։

«Դրամահավաք կազմակերպվելու է փետրվարի 25-ին։ Այդ դրամահավաքի միջոցով է ֆինանսավորվելու «Այո»-ի քարոզչությունը»,-նշել է Ալեքսանյանը։

Փետրվարի 21-ին Armtimes.com-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ՝ «Այո»-ի նախընտրական շտաբը «Դվին» հյուրանոցային համալիրում դրամահավաք կկազմակերպի։

Փետրվարի 25-ին կայանալիք դրամահավաք-երեկոյի հրավիրատոմսում նշված է. «Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին, որի ընթացքում ելույթ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանգանակված միջոցներն ուղղվելու են հանրաքվեի քարոզարշավին»։

Փետրվարի 25-ին՝ դրամահավաք-երեկոյի բացման ժամանակ, դրամահավաք-երեկոյի վարողը հայտարարել է. «Սիրելի հյուրեր, ապրիլի 5-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մասնակցելու են Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին և երկրում բարեփոխումների գործընթացին։ Այսօր մենք մասնակցում ենք այս դրամահավաք-երեկոյին, որի ընթացքում հանգանակված գումարն ուղղվելու է կուսակցության ընթացիկ կարիքները հոգալու համար, ինչպես նաև «Այո» շտաբի քարոզարշավի կազմակերպմանը»։

Դրամահավաք-երեկոյի ուղիղ հեռարձակումը տեղադրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես նշվում է. «Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն։

Հանգանակված միջոցներն ուղղվելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ կարիքների ապահովմանը։ Նվիրատվության որոշ մասն ուղղվելու է «ԱՅՈ» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը։…»։

Հայտարարությունները ժամանակագրան հաջորդականությամբ դիտարկելու դեպքում պարզ է դառնում, որ դրամահավաք-երեկոյի ի սկզբանե հայտարարված նպատակը եղել է հանգանակված գումարները «Այո»-ի քարոզարշավի ֆինանսավորմանն ուղղելը։ Ասվածն ապացուցվում է Վահագան Ալեքսանյանի, Էդուարդ Աղաջանյանի հայտարարություններով և հրավիրատոմսով։ Դեռ ավելին, նշված անձինք իրենց խոսքում նաև նշել են, որ դրամահավաքը կազմակերպվելու է «Այո»-ի քարոզչական շտաբի կողմից։

Մինչդեռ դրամահավաք-երեկոյի ընթացքում վարողի կողմից և Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հայտարարվել է, որ դրամահավաք-երեկոյի ընթացքում հանգանակված գումարները ծախսվելու են երկու ուղղությամբ՝ կուսակցության ընթացիկ կարիքները հոգալու և «Այո»-ի քարոզարշավը ֆինանսավորելու համար։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ «Այո»-ի քարոզչական կողմի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը ստում է՝ նշելով, որ դրամահավաքից ԱՌԱՋ հայտարարված է եղել, որ հավաքված գումարը կարող է ծախսվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ կարիքների համար։

դիտվել է 651 անգամ
Լրահոս
Ձեզ հետ եմ, իմ պատվախնդիր և վերածնվող հայրենակիցներ․ Բագրատ Սրբազանի բարձրացրած Սուրբ Խաչի զորությունը բոլորիս պահապան և ուղենիշ լինի Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ Հայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Բագրատ Սրբազանը գնահատանքի խոսք հղեց Սփյուռքին ու հորդորեց միասնական լինել Ինչու՞ Նիկոլի իրավապահները չեն ձերբակալում 12 հազար վագներականներին, ՌԴ դրոշով շրջող մեքենաներին և հարյուրավոր հանցավոր տարրերին Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին Շարժամանն է միացել նաև Էջմիածին դաշինքը ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Մայր Աթոռը Փաշինյանի՝ եկեղեցու մասին ելույթը համարել է անպարկեշտ դատողություն Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը Ժողովրդի ոգևորությունն ու հավատը մեծ է․ շարժումն արդյունք կտա․ զոհված հերոսի հայր Ոչ ոք չփորձի ինքը հարց լուծել փողոցում․ միջադեպ պարեկների հետ շարժման ժամանակ (video) Սա հայապահպանության պայքար է․ ես հավատում եմ այս շարժմանը․ Գոհար Մելոյան (video) Այդ տհաճ երիտասարդի դեմ Միկա Բադալյանը որևէ հանցանք չի գործել․ Կարապետ Մինասյան (video) Արցախցիներին սպառնում են չմասնակցել Սրբազանի երթին՝ զգուշացնելով, որ կզրկեն օգնություններից․ արցախցի (video) Տարոն Չախոյա՛ն, բերդում փտելու ես․ Արա Վարդանյան (video) Փաշինյանն սկսել է ինքն իրեն խաբել․ Բագրատ Սրբազան (video) Ուզում են խփել համաժողովրդական շարժմանը. կիրանցեցի (video) «Գյումրու պարեկային անսամբլը միգալկեքով․․․» (video) Է թող կանչեն Արշակ սրբազանին ԱԱԾ, ինձ էլ թող կանչեն. ի՞նչ է եղել․ Միքայել Սրբազան (video) Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից. Նիկոլ Փաշինյանը կրկին մանիպուլացնում ու ահաբեկում է Փաշինյանը վախեցած է հասել Մոսկվա․ Արա Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am