Ղազախներին վաճառված մեքենաների ճակատագրի հետքերով
«Ղազախստանը որոշ սահմանափակումներ կա՛մ արդեն ներմուծել է, կա՛մ փորձում է ներմուծել տվյալ ավտոմեքենաների՝ Ղազախստան մուտքն արգելելու համար։ Ոստիկանությունն ամբողջ տեղեկատվությունը տրամադրել ենք իրենց, այսինքն՝ այն, ինչ իրականացվել է մեր կողմից, իրականացվել է առանց որևէ խախտման, ամբողջությամբ մեզ հասնող արտոնությունների շրջանում։ Հիմա միակ խնդիրն այն է, որ միգուցե և Ղազախստանն էնպիսի սահմանափակումներ ներպետական օրենքներով դնի, որ արտոնությամբ մաքսազերծած ավտոմեքենաները հնարավոր չլինի Ղազախստան ներմուծել»,-ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ Հայաստանից արտոնյալ պայմաններով Ղազախստանի քաղաքացիներին վաճառված ավտոմեքենաների հետ կապված խնդրին։
Այդ մեքենաները հայկական գրանցում ունեն, հայկական պետհամարանիշներով են, և դրանց համար գույքահարկ պետք է մուծվի, տեխզննում պետք է անցնեն, ինչպե՞ս է դա իրականացվելու օտար երկրում։ Հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ այդ մեքենաները նորից հետ բերեն Հայաստան, հարց ուղղեց լրագրողներից մեկը:
«Տեսեք, հայկական գրանցումով են իրենք տարել էդ մեքենաները, որպեսզի այնտեղ կարողանան վերավաճառել, միանշանակ` պետք է գրանցումից էդ ավտոմեքենան դուրս գա։ Եվ եթե վերավաճառեն, այո, իրենք պետք է վերադառնան Հայաստան, որ եթե գույքահարկի պարտավորություն ձևավորված լինի, միանշանակ այդ պարտավորությունը կատարելուց հետո նոր այդ ավտոմեքենաները մենք էստեղ հաշվառումից կհանենք, որպեսզի կարողանան իրենց մոտ վերահաշվառեն»,-պատասխանեց նա:
ՊԵԿ փոխնախագահը նաև նշեց, որ հիմա աշխատում են այն ուղղությամբ, որ on line հարթակ ստեղծեն, որպեսզի արտասահմանում գտնվող մեքենաների տերերը կարողանան այդ տարբերակով գույքահարկը վճարել։