Քաղաքացիներին «վախեցնելու» նոր օրենք
Իշխանությունը քաղաքացիների վախը բռնելու նոր օրենք կընդունի։ Իմ Քայլի պատգամավորներ Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը եւ պատգամավոր Սիփան Փաշինյանն առաջարկում են ոստիկանությանը գաղտնալսման իրավունք տալ։ Գործող օրենսդրությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք է վերապահում միայն ԱԱԾ-ին։ Պատգամավորները հիմնավորում են, որ ոստիկանությունն էլ է ունեցել նման իրավունք, սակայն 2007-ին քաղաքական նպատակներով նրանից վերցվել է այդ իրավունքը։ «Այդ փոփոխությունը կատարվել է 2007թ. հոկտեմբերին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդամենը մեկ ամիս առաջ հայտարարել էր նախագահի թեկնածու առաջադրվելու մասին։ Սերժ Սարգսյանը, որն արդեն ՀՀԿ-ն համալրել էր իր քրեական ընկերներով, օլիգարխներով, անհրաժեշտ էր համարել, որ ամբողջ տեղեկությունները հավաքեր իր բռում՝ ԱԱԾ-ում, դրանով ոստիկանությանը զրկեց գաղտնալսելու և փոխզսպումների հայտնի այդ հնարավորությունից»,- ասաց Բաբաջանյանն ու կոչ արեց բոլորին կողմ քվեարկել այդ փոփոխությանը։
Նրա միտքը շարունակեց Անդրանիկ Քոչարյանը, մի բան էլ ավել փակագծեր բացեց օրենքի փոփոխության հիմնական պատճառները հայտնելով։«Այն լրացնում է Ոստիկանության գործիքակազմը, ինչն այսօրվա պարտիզանական գործողությունների ֆոնին շատ կարեւոր նախաձեռնություն է»,-ասաց նա:
«Պատահական չէ, որ դեռեւս 2007թ.-ին Ոստիկանությանը զրկեցին նման հնարավորություն ունենալուց, եւ 2008թ.-ին տեղի ունեցավ Մարտի մեկը…։Վերջերս շրջանառության մեջ հայտնվեցին անվտանգության ծառայության գեներալ-մայոր Տիգրան Բաղդասարյանի նախաքննական խոստովանական ցուցմունքներն առ այն, որ Մարտի մեկի գործով անվտանգության ծառայության մարմինները կեղծել են փաստաթղթեր, եւ եթե այդ ժամանակ Ոստիկանությունն ունենար նշյալ գործառույթը, համոզված եմ, որ նման կեղծիքներն անհնար կլինեին: Այսօր այս նախագծով առաջարկվում է դա»:
Կառավարությունը նկատենք, որ դեմ է փոփոխությանը, կասկած չկա, որ դա ձեւական է, որպեսզի հանրության մոտ չստեղծվի տպավորություն, որ իշխանությունը ողջ օրը ամբողջ ռեսուրսն իրականացնելու է մարդկան գաղտնալսելու գործին։
Որ կառավարությունը ձեւական է դեմ, պարզ դարձավ նաեւ արդարադատության փոխնախարարի ելույթից։ Կառավարության անունից արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը բացատրեց, որ ընդհանուր առմամբ կառավարությունը չի բացառում, որ կարող է ոստիկանությանը այդպիսի հնարավորություն տրվել, սակայն խնդիրը ժամանակայնության մեջ է։
Փոխնախարարի պնդմամբ՝ պետք է կազմել ոստիկանության ոլորտի բարեփոխումների համալիր ռազմավարություն, և միայն դրանից հետո հնարավոր կլինի հստակ որոշել՝ ոստիկանությանն այդպիսի գործիք պե՞տք է, թե՞ ոչ։
Գալյանը նաև հիշեցրեց, որ ի վերջո, ոստիկանությունը կարող է գաղտնալսել, սակայն դա չի կարող կազմակերպել ինքնություն, անհրաժեշտ կլինի ԱԱԾ համագործակցությունը։
Գալյանը խնդրեց այսօր դեմ քվեարկել նախագծին։
Անի Սահակյան