ԼՂ հիմնախնդրի երկարատև քաղաքական կարգավորման համար դեռ շատ անելիք կա. Լավրով
Մոսկվան շահագրգռված է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցով վստահության միջոցների մասին պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, կարևոր է խուսափել հռետորաբանությունից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաքվում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք շահագրգռված ենք, որ վստահության ամրապնդման միջոցների, մարդասիրական շփումների հաստատման մասին պայմանավորվածությունները, այդ թվում և ԶԼՄ-ների գծով, որոնք ձեռք են բերվել Վիեննայում կայացած գագաթնաժողովում և վերահաստատվել են Մոսկվայում նախարարական հանդիպման ժամանակ, կյանքի կոչվեն: Դրանք աստիճանաբար իրականանում են, և հուսով եմ, որ այս շաբաթ կայանալիք հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև թույլ կտա արձանագրել այդ առաջընթացը»,-ասել է Լավրովը: