«ԿԳՄՍ նախարարը լարված էր և բարեկամական դիրքորոշում չուներ». Նարինե Դիլբարյան
ԵՊՀ Հայոց լեզվի և պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ողջունում է ուսանողների որոշումը՝ 3 օրով դադարեցնել դասադուլը: Դասախոսն ասում է՝ դասադուլն ինքնանպատակ չի կարող լինել, ուսանողները ճիշտ են կողմնորոշվել:
«Ճիշտ որոշում է, կարծես տարակարծություններ առաջացրած հանդիպումը ԿԳՄՍ նախարարի հետ նաև դրական ազդեցություն ունեցավ: 15 օր հետո Կրթության մասին օրենքի հիմնական, աշխատանքային տարբերակը կլինի e-draft.am-ում: Մի շարք կետեր նախարարությունն արդեն փոխել է, կարծում ենք՝ դեռ էլի փոփոխություններ կլինեն: Ճիշտ կողմնորոշվեցին ուսանողները, որ իրենց պահանջները գրավոր ձևակերպեն ու նամակի տեսքով ուղարկեն ռեկտորին»,- ասաց Նարինե Դիլբարյանը:
2 օր առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հանդիպմանը Նարինե Դիլբարյանը ևս մասնակցել էր, ասում է՝ նախարարը բարեկամաբար չէր տրամադրված: