Արշակ Սրբազանը հրավիրվել է ԱԱԾ․ Մայր Աթոռից չեն հերքում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն օրերս հրավիրվել է ԱԱԾ։ Մայր Աթոռից տեղեկությունը չեն հերքում։
Հիշեցնենք, որ «168 Ժամ» լրատվականը գրել էր, որ իշխանությունների կողմից հետապնդումների պատճառն Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ակտիվությունն է, նրա կոշտ դիրքորոշումներով, քննադատական ելույթները, հարցազրույցները, և հատկապես ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ջահերով երթի ժամանակ Ծիծեռնակաբերդում նրա ունեցած ելույթը։
«Փաստինֆո»-ն տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեց թե՛ ԱԱԾ-ին, թե՛ ՔԿ-ին՝ պարզելու, թե ինչու է Արշակ Սրբազանը հրավիրվել և արդյո՞ք առկա է որևէ քրեական վարույթ։ ՀՀ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ՔԿ Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված ՀՔԳՎ-ում Արշակ Սրբազանի հետ կապված գործընթաց չկա։ ՀՀ ԱԱԾ-ից որևէ մեկնաբանություն առ այս պահը չի ստացվել։ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասաց, որ հարկ նկատելու դեպքում Արշակ Սրբազանը կարձագանքի։
Փաստացի՝ Մայր Աթոռից շրջանառվող տեղեկությունը, որ Սրբազանն իրապես հրավիրվել է ԱԱԾ՝ չեն հերքել։ Հատկանշական է, որ օրենսդրական փոփոխություններից հետո ԱԱԾ-ն քրեական վարույթներ նախաձեռնելու լիազորություն այլևս չունի, ԱԱԾ քննչական դեպարտամենտը լուծարվել է, իսկ համապատասխան ստորաբաժանումը՝ տեղափոխվել է ՔԿ և փաստացի ստացվում է, որ ԱԱԾ-ն Սրբազանին հրավիրել է «զրուցելու»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան