Գարեգին Բ-ն սպասում է Փաշինյանի վերադարձին. լուրջ խոսակցություն է սպասվում (video)
Կոմիտաս վարդապետի շիրիմին այցելության ավարտին լրագրողների հետ զրույցում Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այն եկեղեցականները, որոնք կփորձեն քանդել իշխանության ոտքի տակը, ծնկի կբերվեն, ասել է, որ պարբերաբար հանդիպում են եւ քննարկում են եկեղեցում ու հայրենիքին հուզող խնդիրներ, հարցեր: «Այդ առնչությամբ, հավանաբար, անդրադարձ կլինի այդ խնդրին»,-ասել է Գարեգին Բ-ն:
Հարցին, թե երկրի քաղաքական վիճակի մեջ որեւէ անհանգստացնող բան տեսնո՞ւմ է՝ հաշվի առնելով վերջին շրջանի աղմկահարույց պաշտոնանկությունները, Կաթողիկոսը պատասխանել է. «Դուք արդեն տեսնում եք, որ բավականին հարցեր կան, որոնք ծառացած են մեր երկրի առջեւ, որ հուզում են մեր ժողովրդին եւ այդ հուզումները, բնականաբար, իրենց արտահայտությունն են գտնում հայրենական մեր կյանքում, ինչպես եւ սփյուռքի կյանքում: Մենք լիահույս ենք, որ բոլոր խնդիրներն իրենց բարվոք լուծումը կստանան: Աղոթում ենք, որպեսզի մեր երկիրն ապրի խաղաղության մեջ, լինի կայուն եւ առաջընթաց ուղիով զարգանա»: