«Ինչքան ավելի բարձրաստիճան դատախազ է խոսում, այնքան ավելի դուք կաշկանդված եք լինում». Քոչարյանի փաստաբանը՝ դատավորին
Մարտի 1-ի գործով դատական նիստին, ինչպես հայտնել ենք, այս պահին մասնակցում են Արցախի գործող եւ նախկին նախագահները՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը: Նրանք անձնական երաշխավորություն են ներկայացնում՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու եւ նրան ազատ արձակելու: Նիստի ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթի ժամանակ, երբ նա ասաց, որ դատախազության մեղադրականը, անձեռնմխելիության հետ կապված գնահատականը նույնիսկ շարքային կադաստրի աշխատողը կհերքի, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջամտեց՝ հորդորելով արտահայտություններում կոռեկտ լինել:
Ռ. Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը՝ դիմելով դատավոր Դավիթ Գրիգորյանին, նշեց. «Ստացվում է, որ, երբ իրենք մեզ ընդհատում են ու հանդես են գալիս հայտարարությամբ, ապա ընդունում ենք Ձեր սահմանած կանոնը, նշանակում է, որ մենք էլ իրենց հայտարարության ընթացքում կարող ենք ընդհատել իրենց։ Երբ Դատախազությունն է սկսում խոսել, ինչքան ավելի բարձրաստիճան դատախազ է խոսում, այնքան ավելի դուք կաշկանդված եք լինում»,- նշեց Հայկ Ալումյանը։