Շտապ. Առաջին անգամ հրապարակվեց Սերժ Սարգսյանի ցուցմունքը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը շարունակում է հատվածներ մեջբերել «Մարտի 1»-ի գործով առանցքային նշանակություն ունեցող վկաների ցուցմունքներից։ Առաջին անգամ դատարանում հատված մեջբերեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Մարտի 1»-ի գործով տված ցուցմունքից.
«Ինքս նման հանգամանքներ չեմ հիշում, քանի որ բավական երկար ժամանակ է անցել։ Խորհրդակցությունը հրավիրել էր Ռոբերտ Քոչարյանը, մասնակցել են զինված ուժերի բարձրաստիճան սպայական կազմը, ընդհանուր նպատակը զինված ուժերի ղեկավար կազմին նախազգուշացնելն էր, որ ցույցերի ղեկավարներն այդ պրոցեսների մեջ են ներգրավում զինված ուժերի սպաներին, որ նրանց է միացել փոխնախարարներից մեկը»,–մեջբերեց Ալումյանը։
Այնուհետև Սերժ Սարգսյանն իր ցուցմունքում ասել է, որ զինված ուժերը զորանոցային կարգավիճակի բերելը որեւէ կապ չունի ռազմական դրության հետ ու ավելացրել.
«Անկեղծ ասած, եթե ես էլ լինեի պաշտպանության նախարար, ապա ես էլ նման կերպ կվարվեի՝ հրաման կստորագրեի զորքը զորանոցային կարգավիճակի բերելու մասին։ Իմ կարծիքով, դա եղել է ամենաարդյունավետ միջոցը՝ զորքը հեռու պահելու քաղաքական ազդեցություններից, միջամտություններից»։
Դատավորը լսելով Ալումյանին, նորից հորդորեց նրան՝ ցուցմունքներից պարզապես մեջբերումներ անել, այլ ոչ թե հրապարակել ամբողջական ցուցմունքները՝ նշելով, որ ինչպես ինքը, այնպես էլ դատավարության մասնակիցները դրանց բովանդակությանը ծանոթ են: