Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնություն կկնքեն հակամարտության կարգավորման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 12-ին Օհայոյի նահանգում Հանրապետական կուսակցության կողմնակիցների առջև ելույթում, որի տեսանյութը հրապարակել է RSBN հեռարձակող ընկերությունը։
«Եթե անկեղծ լինենք Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում, նրանք նույնպես ցանկանում են գործարք կնքել։ Նրանք չգիտեն՝ ինչպես դա անել։ Երկու ղեկավարների միջև ատելությունը շատ մեծ է, բայց մենք կհասնենք նրան, որ համաձայնություն ձեռք բերվի», – նշել է Թրամփը Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք ընտրությունների նախընտրական հանրահավաքում։
Ինչպես նախկինում, Թրամփը ևս մեկ անգամ խոստովանել է, որ սխալմամբ կարծել է, թե ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը պարզ խնդիր է։
Միևնույն ժամանակ Օհայոյի նահանգ մեկնելուց առաջ Սպիտակ տան առջև լրագրողների հետ զրույցում նա դիրքորոշում է հայտնել, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար անհրաժեշտ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
«Ես գիտեմ, որ Զելենսկին և Պուտինը պետք է հանդիպեն, որպեսզի վերջ դնեն այդ հիմար պատերազմին», – ասել է Թրամփը՝ պատասխանելով Ուկրաինայի խնդրի կարգավորման հեռանկարների վերաբերյալ հարցին։
ԱՄՆ վարչակազմի ղեկավարը նաև հայտարարել է, որ Վոլոդիմիր Զելենսկին պետք է կենտրոնանա Ուկրաինայի խնդրի կարգավորման շուրջ համաձայնությունների կնքման վրա։
Մեկնաբանելով Մոսկվայի և Վաշինգտոնի միջև դիզելային վառելիքի վերաբերյալ համաձայնությունների քննադատությունն իր հանրապետական կուսակիցների կողմից՝ Թրամփը հայտարարել է, որ համաձայնությունը նախատեսված է «ամբողջ աշխարհի համար» և այն «վիթխարի ազդեցություն» կգործի էներգակիրների շուկաների վրա։
«Եվ ահա թե ինչ եմ կարծում. Զելենսկին պետք է կենտրոնանա գործարքի կնքման, այլ ոչ թե դրա մասին խոսելու վրա», – ընդգծել է նա։
Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ իր կարծիքով՝ Ռուսաստանի նախագահն ավելի շատ է ձգտում համաձայնության կնքման, քան Զելենսկին։
