Լիբանանը Սիրիային է հանձնել նավաստիների կողմից փրկված ավելի քան 20 միգրանտի
Լիբանանի հյուսիսային ափերի մոտ խորտակված նավից փրկված անօրինական միգրանտների խումբը սեպտեմբերի 9-ին Էլ Արիդե սահմանային անցակետում հանձնվել է Սիրիայի իշխանություններին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Asharq al-Awsat պարբերականը՝ ՝ վկայակոչելով Լիբանանի անվտանգության ծառայության աղբյուրին։
Ըստ թերթի աղբյուրների՝ սեպտեմբերի 8-ին Լիբանանի ռազմածովային ուժերի նավաստիները ջրից դուրս են բերել 21 սիրիացու։ Նավակը, որով նրանք փորձել են անօրինական ճանապարհով հասնել Կիպրոս, բռնկվել է և խորտակվել Լիբանանի հյուսիսի Տրիպոլի նավահանգստի դիմաց։
Դեռևս հայտնի չէ, թե ընդհանուր առմամբ քանի մարդ է գտնվել նավի վրա։ Լիբանանի ափերի մոտ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Երեք սիրիացի տեղափոխվել է հիվանդանոց՝ ծանր այրվածքներով։
