Դատավոր Ռուշանյանը Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործով դատալսումներ է նշանակել
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործով նախնական դատալսումներ է նշանակել սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին։ Այս մասին 24News-ին հայտնում են Դատական դեպարտամենտից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախագահությամբ դատավոր Հ. Ասատրյանի հրապարակել է որոշում Վեհափառ Հայրապետի և 6 եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների քրեական գործի ընդդատության վերաբերյալ: Ըստ որոշման գործը պետք է քննվի Արմավիրի դատարանում:
Հիշեցնենք, որ գործի ընդդատության հարցը բարձրացրեց դատավոր Սերժ Ռուշանյանը: Դատական նիստի ընթացքում նա հայտարարեց, որ ամենևին միտում չունի գործից հրաժարվել և ընդդատության հարցը լուծելուց հետո պատրաստ է քննել գործը: Սերժ Ռուշանյանը գործն ուղարկեց Երևան քաղաքի առաջին ատյանի հնդհանուր իրավասութնան քրեական դատարան, այն մակագրվեց դատավոր Վահագն Մելիքյանին, վերջինս էլ սեպտեմբերի 3-ին որոշում էր կայացրել գործն ուղարկել Վճռաբեկ դատարանի քրեական պալատ:
Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 6 Սրբազաններին Նաթան Սրբազանին, Հայկազուն Սրբազանին, Վահան Սրբազանին, Մակար Սրբազանին, Մուշեղ Սրբազանին, Հովնան Սրբազանին վերագրվող քրեկան գործը հուլիսի 27-ին էր մուտք եղել դատարան և մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին: Օգոստոսի 7-ին կայացած դատական նիստի ժամանակ դատավորը ինքնաբացարկ հայտնեց` պատճառաբանելով, որ փաստաբանի արտոնագիրն ինքը ստացել է Արա Զոհրաբյանից, որը հանդիասնում է գործով պաշտպան:
Վեհափառ Հայրապետի և ԳՀԽ անդամների նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը:
Բոլորին Մեղադրանք է առաջադրվել ՔՕ 507-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նշենք, որ գործը վերաբերում է Արման Սարոյանի (նախկին Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) քաղաքացիական դատարան ներկայացրած հայցադիմումին, որով պահանջում էր, որ իրեն վերականգնեն թեմակալ առաջնորդի պաշտոնում: Ըստ մեղադրանքի Վեհափառ Հայրապետը և ԳՀԽ 6 սրբազանները չեն կատարել քաղքացիական դատարանի միջանկյալ որոշումը, այն է ապահովել, որ Արման Սարոյանը կատարի Մասյացոտնի թեմակալ առաջնորդի պարտականությունները:
