Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ
ՀՀ-ում ներկայումս 63151 անձի անվամբ հաշվառված են քաղաքացիական զենքեր։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
Ինչ վերաբերում է պարգևատրված զենքերին, ապա ՆԳՆ-ից հայտնել են, որ 2018-2026թթ․ 663 անձ պարգևատրվել է զենքով, իսկ 508 հոգուց հետ է պահանջվել։
ՆԳՆ տրամադրած տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում,2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները չկատարելու հիմքով, 508 անձանց պատկանող զենքերը մալվել և հետ են վերադարձվել։ Նշենք, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն ՝ «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, պարտավոր են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ սույն օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր և 7-րդ կետով նախատեսված հավաստագիր։ Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը ՀՀ ոստիկանությունը առգրավում կամ վերցնում է:
Մեկ այլ հարցադրմամբ հետաքրքրվել էինք, թե, զենք կրելու թույլտվություն ստացած անձինք արդյոք անցնում են անհրաժեշտ բժշկական հետազոտություն՝ նկատի ունենալով 2025թ․ հոկտեմբերի 12-ին 1 օրում 4 անձի սպանության դեպքը, որով անցնող անձը ճանաչվել է անմեղսունակ, թեեւ վերջերս էր ստացել զենք կրելու թույլտվություն։ Ըստ այդմ՝ հարցմամբ խնդրել էինք պատասխանել, թե 4 անձի սպանության մեջ մեղադրվող Թադևոս Հովակիմյանին երբ է տրվել զենք ձեռք բերելու իրավունք և երբ է այն ձեռք բերվել, երբ է Հովակիմյանը դարձել Որսորդմիության անդամ, որսորդական զենք ձեռքբերման իրավունքը ստանալիս արդյոք Հովակիմյանն անցել է համապատասխան փորձաքննությունները, այդ թվում՝ նրա մեղսունակության պարզման նպատակով, արդյոք Հովակիմյանը կրկին փորձաքննության ենթարկվել է, անցել համապատասխան քննություն։ Թադևոս Հովակիմյանի վերաբերյալ հարցադրմանը ՆԳՆ-ից չեն պատասխանել՝ նշելով, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳ վարչության Կոտայքի բաժնից ստացված գրության համաձայն՝ Թադևոս Վանիկի Հովակիմյանի անվամբ հաշվառված աենքի անձնական գործը ներկայումս գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։
Նշենք, որ Հովակիմյանն այժմ բժշկական հարկադրանքի ներքո է ։
