Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել
ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սիսակ Գաբրիելյանի եկամուտները 2025 թվականին ավելացել են։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով պատգամավորի ներկայացրած հայտարարագրից։
Նշենք, որ «Փաստինֆո»-ն համեմատականներ է կատարել 2024 և 2025 թվականների հայտարարագրերի միջև։
Այսպիսով, նախկին լրագրող, ներկայումս պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը 2024-ի սկզբում ունեցել է 2 անշարժ գույք՝ Երևանում և Գյումրիում, որոնցից մեկը համատեղ, մյուսը՝ միանձնյա սեփականություն է։ Արդեն 2024 թվականի ընթացքում Գաբրիելյանը 22 միլիոն 969 հազար 600 դրամով ձեռք է բերել երրորդ անշարժ գույքը՝ Երևանում։ Այն միանձնյա սեփականությամբ պատկանում է իրեն։ 2025-ին ևս այդ գույքերը պահպանվել են։
Չի փոփոխվել նաև Գաբրիելյանի տրանսպորտային միջոցը։ Նա թե՛ 2024-ին, թե՛ 2025-ին ունեցել է 2022 թվականի թողարկման VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա։
Ինչ վերաբերում է հանձնված և վերադարձված փոխառություններին, ապա 2024-ի հայտարարագրում նշված է, որ այդ տարվա ընթացքում ԵՊՀ Շրջանավարտների միավորում ՀԿ-ից վերադարձված 3 փոխառություն է ունեցել՝ 2 միլիոն 270 հազար 320 դրամ, 2 միլիոն 299 հազար 920 դրամ և 20 միլիոն 699 հազար 280 դրամ։ Տվյալ տարվա վերջում առկա փոխառություններից գումար չի ունեցել։ 2025 թվականին Գաբրիելյանը չի ունեցել որևէ հանձնված կամ վերադարձված փոխառություն։
2025-ին, 2024 թվականի համեմատ, աճել են վերջինիս դրամական միջոցները։ 2024 թվականի վերջում Գաբրիելյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 754 հազար 134 դրամ, 4 հազար 500 դրամ և 547 հազար 725 դրամ։ 2025-ի վերջում նա ունեցել է 39 հազար 194 դրամ, 3 հազար 316 դրամ, 24 հազար 860 դրամ, 413 հազար 786 դրամ, 230 հազար դրամ և 1 միլիոն 676 դրամ։
Էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ 2024-ին հայտարարագրել է 698 դրամ, որը եղել է iDram-ի հաշվին։ 2025-ին iDram-ի հաշվին ունեցել է 509 դրամ, իսկ Telcell-ի հաշվին՝ 1 հազար 350 դրամ։
2024-ին նա ունեցել է 800 հազար դրամ կանխիկ գումար։ 2025-ին այն ավելացել է՝ դառնալով 1 միլիոն 600 հազար դրամ։
Գաբրիելյանի 2024-ի եկամուտներն ընդհանուր առմամբ կազմել են 16 միլիոն 755 հազար 444 դրամ, իսկ արդեն 2025-ին՝ 18 միլիոն 995 հազար 708 դրամ։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 23 միլիոն 945 հազար 204 դրամ, իսկ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 22 միլիոն 176 հազար 991 դրամ։
Վերջինս 2024-ին անշարժ գույքի նորոգման համար ավելի շատ գումար է ծախսել, քան 2025-ին։ 2024-ին այն կազմել է 3 միլիոն 500 հազար դրամ, իսկ 2025-ին՝ 3 միլիոն դրամ։
Հայտարարագրերում նշված է նաև, որ նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքային անդամներից է։
