Դիմում եմ ընդդիմադիր ուժերին․ սա այն սահմանն է, որից այն կողմ լռությունը կարող է արդեն անդառնալի հետևանքներ ունենալ

Հրապարակային դիմում եմ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին, լրատվամիջոցներին, հասարակական և իրավապաշտպան գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև ստորև շարադրված խնդրով մտահոգ և հետաքրքրված բոլոր անձանց, գրում է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքից Արցախին սեփականազրկելու վերաբերյալ վճռի դեմ իմ ներկայացրած վերաքննիչ բողոքը Վերաքննիչ վարչական դատարանը որոշել է քննել գրավոր ընթացակարգով, իսկ դատական ակտի հրապարակումը նշանակել է սույն թվականի նոյեմբերին։

Այս արագությունը Վերաքննիչ վարչական դատարանի համար պարզապես կայծակնային է։

Համեմատության համար նշեմ, որ նույն բողոքին հաջորդող ժամանակահատվածում, այսինքն՝ օրենսդրական փոփոխություններից հետո, այլ գործերով վստահորդներիս անունից կամ նրանց դեմ ներկայացված վերաքննիչ բողոքներով Վերաքննիչ վարչական դատարանը, իր ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, դատական ակտերի հրապարակման օր է սահմանել 2027, 2028, իսկ որոշ դեպքերում նույնիսկ 2029 թվականը։

Ընդ որում, այդ գործերով քննության առարկան սոցիալական, աշխատանքային, առողջապահական, միգրացիոն և մարդու կենսական նշանակության այլ հարցեր են։

Ստացվում է՝ մարդու առողջությունը, բնակության հարցը, աշխատանքը, եկամտի ու վաստակի ապահովումը կամ իրավաբանական անձի գործունեությունը Վերաքննիչ վարչական դատարանի համար չունեն այն հրատապությունն ու կարևորությունը, որն ունի Արցախին սեփականազրկելու հարցը։

Հիշեցնեմ նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացուցչության շենքի՝ դեռևս 2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի փաստական հիմքում դրել էր այն հանգամանքը, որ չնայած առ այսօր գործում է ՀՀ կառավարության որոշումը՝ շենքը Արցախի Հանրապետությանը անհատույց օտարելու մասին, սակայն բացակայում է նվիրատվության պայմանագիր։ Որպես իրավական հիմք, ի թիվս այլոց, վկայակոչվել են իրավահարաբերության պահին գոյություն չունեցող օրենքի դրույթներ և այլ նորմատիվ իրավական ակտեր։

Իր հերթին դատարանը, գրանցված սեփականատիրոջը՝ Արցախի Հանրապետության կառավարությանը, իր նախաձեռնությամբ դատավարության մասնակից չդարձնելով և այդ կապակցությամբ ներկայացված տասնյակ միջնորդությունները՝ Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը չընդունելու հիմքով մերժելով, կրկին կայծակնային արագությամբ վճռեց հայցը բավարարել։

Այլընտրանք չունենալով՝ ստիպված էի Արցախի Հանրապետության շահերը ներկայացնել «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲ ընկերության անունից՝ օգտվելով վերջինիս՝ ՀՀ-ում գրանցված լինելու և շենքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունք ունենալու հանգամանքից։

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք

Ներկայացուցչության շենքը հազարավոր արցախցիների համար պարզապես անշարժ գույք կամ Երևանի կենտրոնում գտնվող հերթական շենք չէ։

Այն ունի պատմական, մշակութային և ազգային նշանակություն։ Այն շատերիս համար Արցախի հետ մնացած վերջին շոշափելի կապերից մեկն է։

Միջազգային իրավական տեսանկյունից այն նաև Արցախի Հանրապետության տարածքն է, որը միակն է, որ այսօր շարունակում է գտնվել Արցախի տիրապետության ներքո։ Շենքն ունի սեփականության իրավունքի պետական գրանցում, Հայաստանի լիազոր մարմնում առ այսօր գրանցված է նաև որպես դիվանագիտական մարմին և իրավունքի ուժով պատկանում է Արցախին ու արցախցիներին։

Այս շենքն ինձ և հազարավոր արցախցիների համար պարզապես պատեր ու տարածք չէ։ Այն Արցախի հետ մեզ կապող արժեք է։

Այն մեր տիրապետության տակ մնացած վերջին խորհրդանիշներից մեկն է։

Այն Արցախի սահմանադրական ինստիտուտները պահպանելու հնարավորությունն է։

Ինձ համար ընդհանրապես էական չէ, թե այսօր ով կամ ովքեր են այնտեղ նստում, արդյոք ես նրանց հետ տարաձայնություններ ունեմ, թե ոչ, կամ արդյոք նրանք անձամբ հետաքրքրված են այս հարցի լուծմամբ։

Այստեղ անձերի հարց չէ։

Այստեղ Արցախի հարցն է։

Մենք իրավունք չունենք լուռ հետևելու, թե ինչպես է Արցախը տարածքային կորստից և բռնի տեղահանումից հետո, հիմա արդեն նաև Հայաստանում զրկվում իրեն պատկանող վերջին գույքից ու ինստիտուցիոնալ ներկայությունից։

Չի՛ կարելի թույլ տալ, որ Արցախը վերջնականապես սեփականազրկվի։

Չի՛ կարելի թույլ տալ, որ քայլ առ քայլ վերացվեն Արցախի պետականության վերջին հետքերը։

Չի՛ կարելի թույլ տալ, որ մի օր պարզապես արձանագրենք՝ Արցախն այլևս ոչինչ չունի։

Aram Vardevanyan, Narek Karapetyan, Edgar Ghazaryan, Levon Kocharyan, Анна Григорян, Гехам Манукян, Arega Hovsepyan, դիմում եմ հատկապես Ձեզ, որովհետև այս թեման բազմիցս քննարկել եմ ձեզ հետ, և բոլորդ ավելի քան քաջատեղյակ եք ստեղծված իրավիճակին։

Այս հարցը, իմ գնահատմամբ, այլևս դուրս է զուտ իրավական պայքարի դաշտից, կամ առնվազն միայն իրավական ճանապարհով արդյունավետ պայքարն այլևս իրատեսական չի թվում։

Ուստի խնդրում և ակնկալում եմ ձեր գործուն մասնակցությունը՝ այս հարցին քաղաքական լուծում տալու համար։

Սա որևէ անձի, կառույցի կամ քաղաքական ուժի սեփական հարցը չէ։

Սա Արցախի հարցն է։

Սա արցախցիների արժանապատվության հարցն է։

Եվ սա այն սահմանն է, որից այն կողմ լռությունը կարող է արդեն անդառնալի հետևանքներ ունենալ։

Հիշեցնում եմ նաև, որ խորհրդային տարիներին նույն շենքում Երևանում գործել է Ադրբեջանի դրամատիկական թատրոնը։ Չեմ բացառում, որ ստեղծված գործընթացների շարունակության դեպքում այն կրկին կարող է նման ճակատագիր ունենալ արդեն մոտ ապագայում։ Հենց այդ պատճառով այս շենքի նկատմամբ Արցախի սեփականության իրավունքի պահպանումը ինձ համար ոչ միայն իրավական, այլև պատմական ու ազգային նշանակության հարց է»։

 

դիտվել է 291 անգամ
Լրահոս
Տարաձայնությունները չպետք է հիմք դառնան Ռուսաստանի հետ թշնամության համար. Վրաստանի վարչապետ Երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է Չգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Կվերականգնվի Կիևյան կամրջով երթևեկությունը Նրանք, ովքեր ծաղրում են պատերազմի և Եկեղեցու հիշատակը, այլևս ոչ մի սրբություն չունեն․ Զախարովա Ռուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիների 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա»․ կալանավորվել են Դիմում եմ ընդդիմադիր ուժերին․ սա այն սահմանն է, որից այն կողմ լռությունը կարող է արդեն անդառնալի հետևանքներ ունենալ Գտել են մոլորված 12 քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ Թուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք Տակա՛նք, մտա Թբիլիսի, այնտեղ մարդիկ լացում էին Ռուբեն Վարդանյանի համար․ Գառնիկ Դանիելյան (video) Ավետիք Չալաբյանի վիճակի մասին կնոջ բացահայտումները (video) «Սրանք արյունով, ինքնությամբ են ադրբեջանցի»․ հոգեբան (video) «Դըմփ-դըմփ-հու»- ն Նիկոլի և ՔՊ-ի «ուղեղի մեջ է» (video) Գեղամ Նազարյանն ինձ սարսափելի վիրավորանք է հասցրել․ մինչև վերջ գնալու եմ․․․ լրագրող Անի Գևորգյան (video) Լարված հարցուպատասխան Հայկ Ֆարմանյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև (video) Ասեմ՝ ինչու՞ է Փաշինյանը մտնում մարդկանց ընտանիքներ․ Հոգեբանի մեկնաբանությունը (video) Մենք ասում ենք՝ամեն ինչի պատրաստ ենք․ «Ուժեղ Հայաստան»-ից Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ի սադրանքների մասին (video) Ուկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցում Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ է հիմա կատարվում Սարսափելի իրավիճակ է. Պուտինի վտանգավոր ու կարևոր հայտարարությունը (video) Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացումը ներկայացվել է որպես «հաղթանակ»․ ահազանգ Ինչ հայտարարագիր ունի Վեհափառի և Սրբազանների գործով դատավորը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am