Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացումը ներկայացվել է որպես «հաղթանակ»․ ահազանգ

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը ահազանգում է․

«Ադրբեջանական սոցիալական ցանցերում վերջերս տարածում է գտել լուսանկար՝ արված Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի տարածքում։ Հատկապես ցավալի է դարձնում այն հանգամանքը, որ լուսանկարը հրապարակած ադրբեջանցի աղջիկը նույն վայրում գտնվել է նաև 2025 թվականին, երբ տաճարը դեռևս կանգուն էր։ Այսպիսով՝ նոր լուսանկարն ամրագրում է ոչ միայն տեղի ունեցած ավերումը, այլև ակնհայտորեն վկայում է այն վերաբերմունքի մասին, որ ձևավորվել է հայկական մշակութային և հոգևոր ժառանգության նկատմամբ։

Արբանյակային մշտադիտարկման տվյալները փաստում են, որ Մայր տաճարը ոչնչացվել է 2026 թվականի մարտի 3-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Վերջին ամիսներին տաճարի ոչնչացման մասին բազմիցս ահազանգել են Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը, ինչպես նաև մշակութային ժառանգության պաշտպանության և արբանյակային մշտադիտարկման ոլորտի այլ կառույցներ ու փորձագետներ։

Սակայն այս պատմության ամենաբնութագրական և միևնույն ժամանակ ամենացավալի դրվագներից մեկը լուսանկարին կցված մակագրությունն է՝ «gorbagor oldu», այսինքն՝ «վերացավ», «կործանվեց»։ Հայկական եկեղեցու ոչնչացումը ներկայացվում է ոչ թե որպես ցավի կամ մտահոգության առիթ, այլ՝ որպես հպարտության և գոհունակության պատճառ։
Այս երևույթը չի կարելի դիտարկել որպես մեկ անհատի կամ առանձին օգտատիրոջ վարքագիծ. այն ավելի խորքային և համակարգային խնդրի դրսևորում է։ Երբ եկեղեցու ոչնչացումը հանրային տիրույթում ուղեկցվում է ուրախության և հպարտության արտահայտություններով, դա վկայում է, որ հայատյացության և հայկական մշակութային ժառանգության նկատմամբ թշնամական վերաբերմունքի ձևավորումն Ադրբեջանում կրում է համակարգային բնույթ։

Արցախի հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունները վաղուց այլևս առանձին հուշարձանների ճակատագրի հարց չեն։ Խոսքը վերաբերում է հայկական հետքի համակարգված վերացման քաղաքականությանը, որի շրջանակում եկեղեցիներ, վանքեր, գերեզմանոցներ, խաչքարեր, հուշարձաններ, ամբողջական բնակավայրեր, պատմական թաղամասեր և այլ մշակութային օբյեկտներ կամ ոչնչացվում են, կամ ենթարկվում փոփոխությունների ու վերաիմաստավորման՝ ուղղված դրանց հայկական ինքնության ժխտմանը։

Մայր տաճարի ոչնչացումը հատկապես խորհրդանշական է, քանի որ տեղի է ունենում այն պայմաններում, երբ միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպություններն ու մշակութային ժառանգության պահպանության կառույցները տեղյակ են Արցախի հայկական ժառանգությանը սպառնացող վտանգներից։ Տարիներ շարունակ հրապարակվել են փաստաթղթեր, մասնագիտական զեկույցներ, լուսանկարներ և արբանյակային ապացույցներ, սակայն այդ վկայագրումներին հաճախ չեն հաջորդում գործնական և կանխարգելիչ քայլեր։

Միջազգային կառույցների ներկայիս արձագանքն ակնհայտորեն համաչափ չէ վտանգի մասշտաբին։ Յուրաքանչյուր նոր ոչնչացումից հետո հայտարարությունները, մտահոգություններն ու կոչերը չեն կարող փոխարինել իրական գործողություններին. եթե միջազգային հանրությունը սահմանափակվում է միայն արդեն կատարված ավերածությունն արձանագրելով, դա ոչ թե ժառանգության պաշտպանություն է, այլ ոչնչացման փաստի հետահայաց գրանցում։
Անընդունելի է նաև, որ մասնագիտական կառույցները ստիպված են արբանյակային պատկերների միջոցով բացահայտել հուշարձանների ոչնչացումը, մինչդեռ իրավասու միջազգային մարմիններն ի վիճակի չեն ապահովել մշտադիտարկման, անկախ փորձագիտական գնահատման, փաստահավաք առաքելությունների և պատասխանատվության գործուն մեխանիզմներ։

Արցախի մշակութային ժառանգությունը փրկելու համար անհրաժեշտ են ոչ թե հերթական արարողակարգային հայտարարություններ, այլ հստակ քայլեր՝ միջազգային մշտադիտարկման մեխանիզմների ներդրում, անկախ փորձագետների ներգրավում, արբանյակային տվյալների համակարգված հավաքագրում և հրապարակում, յուրաքանչյուր ոչնչացման իրավական փաստագրում, պատասխանատուների բացահայտում և միջազգային իրավական ու քաղաքական պատասխանատվության մեխանիզմների կիրառում։

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ոչնչացումը պետք է ծառայի որպես հերթական լուրջ ահազանգ միջազգային հանրության համար։ Եթե այսօր հնարավոր է ոչնչացնել հայկական եկեղեցին և այդ արարքը ներկայացնել որպես «հաղթանակ»՝ ավելին, հպարտանալ դրանով, ապա սա նոր երևույթ չէ. նույն տրամաբանությամբ էր, որ Ադրբեջանի իշխանությունները հերոսացրին քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, և նույն կերպ վարվեցին Քարամ Սլոյանի գլխատման դեպքի պարագայում։ Այս տրամաբանության շարունակականությունը նշանակում է, որ վաղը վտանգի տակ կարող է հայտնվել Արցախի հայկական ժառանգության ևս մեկ հուշարձան։

Մշակութային ցեղասպանությունը սկսվում է հենց այն պահից, երբ հուշարձանի ոչնչացումն այլևս չի ընկալվում որպես հանցագործություն և վերածվում է հաղթանակի խորհրդանիշի։ Իսկ միջազգային անգործությունը, անկախ նրանից, թե ինչ քաղաքական կամ այլ պատճառներով է հիմնավորվում, փաստացի ձևավորում է անպատժելիության միջավայր։

Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացումը պետք է ոչ միայն փաստագրվի, այլև դառնա միջազգային իրավական ու քաղաքական օրակարգի հարց։ Լռությունը, ուշացած արձագանքն ու անորոշ հայտարարություններն այլևս բավարար չեն։ Արցախի հայկական մշակութային ժառանգությունը, որը համամարդկային արժեք է ներկայացնում, փրկելու համար անհրաժեշտ են անհապաղ, համակարգված և չափելի գործողություններ, քանի դեռ պահպանված հուշարձանները դեռևս հնարավոր է փրկել»։

դիտվել է 197 անգամ
Լրահոս
Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ Փաշինյան, Ալեն ու Հայկ Սարգսյան, էդ փողերը վերադարձվելու են․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am