Արտակարգ իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ հսկայական կոյուղատարից կեղտաջրերը լցվում են մարդկանց այգիներ. կա համաճարակի վտանգ
Երկար ու ձիգ տարիներ է՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Նոր Գեղի բնակավայրի Մաշտոցի փողոցի 100-ից ավելի տների բնակիչներ չեն կարողանում Նոր Հաճնի քաղաքապետից ստանալ հստակ պատասխան, թե քաղաքապետարանն ինչ միջոցներ է ձեռնարկել գարշահոտ ու հակասանիտարական վիճակը վերացնելու համար։
Հուլիսի 19-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․
«Երկար ու ձիգ տարիներ է, ինչ ամեն օր գարշանք ենք տեսնում, ամեն օր գարշահոտ ենք շնչում։ Երեխաներն այդ գարշահոտի պայմաններում դպրոց ու մանկապարտեզ են հաճախում ու պատճառը դեռ սովետական տարիներից կառուցված՝ Չարենցավանից մեր գյուղով անցնող կոյուղատար հսկայական խողովակի փտած ու ժանգոտած լինելն է։ Դարձել ենք «չիվիի» գործ անող, ամեն օր այդ կոյուղատար խողովակի տակից նոր անցք է բացվում, ու կեղտաջուրը լցվում է տան այգիներ, որոշ հատվածներում էլ առաջացել է կեղտաջրերի առվակ։
Ում ասես դիմել ենք, ոչ մի դրական պատասխան։ Ջրմուղ դիմել ենք, «Վեոլիա ջուր» դիմել ենք, Նոր Հաճնի քաղաքապետարան դիմել ենք, ու մինչև հիմա այդ վիճակն է։
Ասում են՝ պահպանեք սանիտարահիգիենիկ պայմանները։ Էս պայմաններում դուք կարո՞ղ եք այդ հիգիենան պահպանել, իհարկե՝ ոչ։
Ու հիմա դիմում ենք Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, քանի որ երբ խնդիրներ ենք ունեցել գյուղում, միայն նրա միջամտության ու օպերատիվ արձագանքի շնորհիվ են հարցերը արագ արվել։
Հույս չունենք ոչ Նոր Հաճնի քաղաքապետից, ոչ «Վեոլիա ջրից», ոչ էլ ջրմուղից։ Միայն ցանկանում ենք։ Որ գան գոնե մի քանի ժամ մնան էստեղ, տեսնեն վիճակն ու եզրակացություն անեն՝ արդյոք մենք ճիշտ ենք, թե ինչպես իրենք են ասում՝ ծաղիկը ծաղկեփունջ ենք սարքում։
