Փաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան
Փաշինյանի հաղթանակը Արևմուտքը համարում է իր հաղթանակը, ավտոմատ ՌԴ-ն պետք է համարի իր պարտությունը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նախօրեին տված հարցազրույցում։Ըստ նրա՝ Փաշինյանի ձախողումը Արևմուտքը սկսելու է ընկալել որպես իր ձախողում, ՌԴ-ն՝ հաղթանակ։ «Սա լավ տեղ չի բերում երկիրն ընդհանրապես։ Իմ բոլոր հանրային ելույթներում ես միշտ ասում էի, որ սա լավ տեղ չի, մի տարեք այդտեղ, բայց հետևողականորեն Նիկոլ Փաշինյանը տարավ հենց այդտեղ»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։
ՌԴ նախագահի կողմից դեռևս շնորհավորանք չստանալը Քոչարյանը հետևանք է համարում.
«Այս հակամարտության մեջ ԵՄ-ն և ՌԴ-ն թշնամական հարաբերությունների մեջ են։ ԵՄ-ն քաղաքական միավորից, ըստ էության, դառնում է ռազմաքաղաքական միավոր։ Երբ թշնամացած են իրար հետ, Հայաստանը մտցնել այդ կոնտեքստի մեջ՝ սա անպատասխանատվություն է։ Ընտրություններում ինքը շահեց, Հայաստանը դրանից տուժեց, և սրա հետևանքները ծանր են լինելու հենց առաջին հերթին իր՝ Փաշինյանի համար, բայց ավելի՝ հայ ժողովրդի համար»։
Ռոբերտ Քոչարյանը հերթական հեքիաթներ է անվանել ՌԴ տնտեսական արգելքներից հետո Փաշինյանի խոսույթը։ Նա հերթական հեքիաթներ է անվանել պնդումները, թե Հոլանդիայից առաջարկ են արել, մեր ծաղկի արտադրողը ձեռք է բերելու հսկայական շուկա, որ Ֆրանսիային ենք սկսելու խնդրել, որ հետ տա մեզ ծիրանը, չի հերիքելու, որ մեր անտառային գեղեցկությունը ճապոնացիները համտեսեն, էլ ուրիշ ոչինչ չեն առնի։
«Չեմ կարծում, որ այս տուրբուլենտությունն ի վիճակի է մարսել Նիկոլ Փաշինյանը, շատ փոքր է ինքը դա մարսելու համար։ Ոչ այդ գիտելիքներն ունի, ոչ ազդեցության ռեսուրսը։ Կաշառեց բյուջեի միջոցով մարդկանց, հետո այդ միջոցները շեշտակի նվազելու են։ Չի կարողանալու այդ կաշառքի տեմպը պահել, հետո դիմելու է ԵՄ-ին, ասելու է՝ մի քիչ էլ փող տվեք, ու Զելենսկու պատմությունը կրկնվելու է՝ ոչ թե պատերազմի, այլ տնտեսական պատերազմի վիճակ բերելով հայ ժողովրդի գլխին։
ՌԴ-ն ասում է՝ մենք չենք ֆինանսավորելու ձեր ճանապարհը դեպի ԵՄ, սա իրենց շահերից չի բխում։ Դու գնում ես թշնամիների ճամփա, և ինչո՞ւ պետք է իրենք ֆինանսավորեն։ Հիմա կամ Նիկոլ Փաշինյանը պետք է կուրսը փոխի, կամ ասի՝ ղալաթ եմ արել։ Այդ դեպքում ԵՄ-ն կհիշեցնի, ինչպես Վրաստանի հետ եղավ, կասեն՝ լեգիտիմ չես, սա այսպես չես արել, նա այնպես չես արել։ Կամ պետք է խաղը շարունակի, իսկ խաղ վարելու ռեսուրսն ավարտվել է»։
