Հրապարակվել են ԱԺ ընտրությունների քարոզչության կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները
Հրապարակվել են ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման առաջին արդյունքները։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից NEWS.am–ին հայտնում են, որ մայիսի 18-ին գումարել է հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝
1․ Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման վերաբերյալ:
2․ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակցի՝ «Լայթ-հաբ» ՍՊԸ հայտի վարկանիշային քվեարկությունը։
Հաստատելով նիստի օրակարգը՝ ՀՌՀ մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիանա Դոխիկյանը ներկայացրեց Հանձնաժողովի իրականացրած տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները և եզրակացությունը։
Նիստին ներկա էր նաև Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչ Րաֆֆի Էլիոթը:
Հարցի ներկայացումից հետո Հանձնաժողովը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 12-րդ մասի և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 2-րդ և 11-րդ հոդվածների դրույթներով որոշեց հրապարակել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ եզրակացությունը՝ համաձայն N1 հավելվածի, և սահմանված կարգի պահպանման վերաբերյալ իրականացված մշտադիտարկման արդյունքները` համաձայն N2 հավելվածի:
Հաջորդիվ ամփոփվեցին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի արդյունքները։ Հանձնաժողովի անդամները փակ վարկանիշային քվեարկությամբ գնահատեցին մրցույթի միակ մասնակից «Լայթ-հաբ» ՍՊԸ-ին, որի ներկայացուցիչները ներկա չէին նիստին։ Մրցույթի արդյունքներով մասնակցին չհաջողվեց հաղթահարել անցողիկ շեմը՝ ստանալով 32 միավոր (անցողիկը՝ 40-ն էր)։
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։
