«Նախընտրական քեֆի է փորձելու դա վերածել»
Երևանում նախատեսվող Հայաստան–ԵՄ գագաթնաժողովի շուրջ քաղաքական քննարկումները շարունակվում են։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական ասուլիսի ընթացքում ներկայացրել է իր գնահատականները՝ անդրադառնալով միջոցառման ժամանակահատվածին և քաղաքական ենթատեքստին։
Աշոտյանի կարծիքով՝ եվրոպական առաջնորդների կողմից գագաթնաժողովը հենց այս փուլում Երևանում անցկացնելու որոշումը պայմանավորված է Հայաստանի գործող իշխանություններին աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Նա ընդգծել է, որ այդ հանգամանքը, իր գնահատմամբ, միջոցառմանը հաղորդում է քաղաքական ենթատեքստ, որը կարող է ընկալվել նաև որպես նախընտրական գործընթացների վրա ազդեցություն ունենալու փորձ։
Միաժամանակ, նա նշել է, որ նման ձևաչափով հանդիպումների անցկացումը կարևոր է և ընդհանուր առմամբ դրական երևույթ է, սակայն խնդիր է տեսնում այն հանգամանքի մեջ, թե երբ և ինչ պայմաններում է այն կազմակերպվում։
Աշոտյանը նաև կարծիք է հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է փորձել գագաթնաժողովը օգտագործել ներքաղաքական նպատակներով՝ այն ներկայացնելով որպես սեփական քաղաքական հաջողություն։
«Գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանը փորձելու է վերածել իր նախընտրական քեֆի»,- ասել է Աշոտյանը:
